Նիկոլ Փաշինյանի մեղքը 2018-ին իշխանության գալով խաղաղության դոկտրինը չձեւակերպելն էր

Նիկոլ Փաշինյանի մեղքը 2018-ին իշխանության գալով խաղաղության դոկտրինը չձեւակերպելն էր

Նիկոլ Փաշինյանի երբեմնի ընկեր ու հոգեւոր հայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախկին տնօրեն Աշոտ Բլեյանը նախօրեին Ազգային ժողովում էր։ Նա «ռյուգզագն» ուսին, եկել էր ԱԺ-ում համայնքների խոշորացման թեմայով խորհրդարանական լսումներին մասնակցելու։ Քանի որ Բլեյանը Հայաստանի պատմության մեջ ամենահին պացիֆիստն է եւ հայ-թուրքական բարիդրացիության ամենամեծ ջատագովը, առիթն օգտագործեցինք եւ նրան մի քանի հարց ուղղեցինք՝ ակնկալելով նրա գնահատականը երկրում ստեղծված իրավիճակի, իր երբեմնի ընկերոջ ձեռամբ Հայաստանը մաս-մաս հանձնելու գործընթացների վերաբերյալ։

«Էդ շատ երկար թեմա է։ Ես էս շրջանում մի քանի ելույթներ ունեցել եմ, ես կուղարկեմ քեզ իմ ելույթների ցանկը եւ կարծում եմ, երբ որ հայրենիքն այսպիսի վիճակում է՝ անպաշտպան վիճակում, կա ընդհանուր անպաշտպանվածություն` հայրենիքի, շատ կարեւոր է, որ ես՝ Աշոտ Բլեյանս, մյուսներս, գործենք էդ սկզբունքով՝ անձնապես հայրենիքը պաշտպանելու։ Այսինքն, երբ որ ես կենտրոնանում եմ իշխանության գործողությունների վրա, կորցնում եմ իմ գործելու ռեսուրսը»,- ասաց պարոն Բլեյանը։

- Իսկ եթե իշխանությունը չի պաշտպանում հայրենիքը եւ թողել է այդ բեռը Ձեր փխրուն ուսերի՞ն։

- Ես չեմ ասում՝ չի պաշտպանում, բայց, մյուս կողմից, ինքնապաշտպանությունն էդքան փխրուն բան չէ, այլ բավականին հզոր բան է։ Եվ նույն՝ սահմանային գյուղեր, մարդիկ, կազմակերպություններ, անհատներ եւ այլն, էդ ավելի գործուն ազդեցություն է իշխանության վրա, քան անընդհատ էդ խոսքային պոլեմիկայի մեջ մտնելը։

- Կարծում եք` մեր ժողովուրդն ինքնապաշտպանության բնազդ ունի՞։

- Բարդ հարցեր եք տալիս, ես դրանց պատրաստ չեմ պատասխանել։

- Ասում են՝ եթե ինքնապաշտպանության բնազդ ունենար, նորից Նիկոլ Փաշինյանին՝ իր անվտանգությունը վտանգած ղեկավարին, ձայն չէր տա։

- Մի րոպե, ուրիշ բան ասեմ, եթե ինքնապաշտպանության բնազդ ունենար, ինքը չէր հայտնվի շարունակ էդպիսի խոցելի վիճակում։ Սա՝ մեկ։ Եվ երկրորդ․ իր համայնքային անվտանգությունը չէր հանգեցնի ընտանեկան, անձնային անվտանգության, որ ինքը հաճախ անում է արտագաղթի միջոցով։

- Բայց հիմա էլ են արտագաղթում, քանի որ երկրի ներսում տեղաշարժվելն անգամ անվտանգ չէ, կարող են, օրինակ, Կապան գնալիս գերի ընկնել։ Նախընտրում են գնալ։

- Դուք գիտեք, որ ես՝ Բլեյան Աշոտս, 1988-ին ասում էի՝ ո՞ւր ենք մենք գնում։ Դուք իզուր եք հարցն էդպես տալիս, ես դրա հետ չեմ կարող համաձայնել, որովհետեւ 1988-ին մենք տեսնում էինք, որ Խորհրդային Միությունն է փլուզվում, ես նկատի ունեմ Խորհրդային Հայաստանը։ Ես այդ ժամանակ Երեւանի ամենամեծ դպրոցներից մեկի տնօրենն էի, բոլոր նրանք, ովքեր էդքան հեշտ տրվեցին 1988-ի փոթորիկին եւ էդքան հեշտ գնացին անմիջական հարեւանների, հատկապես Ադրբեջանի հետ իրենց հնարավոր վեճը, արդարացի իրավունքը եւ այլն, պատերազմի վերածելու ճանապարհով։ Այսինքն՝ էն ժամանակ որ ես ասում էի՝ դեռ հնարավոր էր էդ բոլորի դեմն առնել, հնարավոր էր չմտնել պատերազմի մեջ, չռազմականացնել կոնֆլիկտը, էն ժամանակ ինձ՝ որպես դավաճանի, խաչի հանեցին։ Բայց, մեկ է, դա չազդեց իմ գործելու տրամաբանության վրա, ուղղակի իմ ուժը չպատեց։

- Դուք Նիկոլ Փաշինյանի վաղեմի ընկերն եք, ժամանակին մտերիմ եք եղել, հիմա որեւէ շփում, հարաբերություն ունե՞ք նրա հետ։

- Ոչ, ինչի՞ պետք է ունենամ, ինքը վարչապետ է, ես` ՀՀ քաղաքացի։

- 2008-ին, երբ ինքը լրագրող էր եւ ընդդիմադիր էր, այն ժամանակ Դուք նրան աջակցել եք, ապաստան եք տվել նրան Ձեր տանը՝ թաքցնելով օրվա իշխանությունների հետապնդումներից։ Մարդիկ հիշում են դա։ Փոշմանե՞լ եք դրա համար։

- Ես չեմ պատասխանում էդ հարցերին, որովհետեւ, եթե ես կարող եմ մարդուն, էն էլ ինձ մտերիմ, ինձ հարազատ երիտասարդին օգնել, ես անպայման դա անում եմ։ Ես դա անում եմ հիմա, անում եմ յուրաքանչյուրի նկատմամբ եւ կանեմ էլի։

- Ուղղակի շատերը, որ օգնել են Նիկոլ Փաշինյանին, այսօր զղջում են դրա համար, ասում են՝ եթե ժամանակին նրան օգնած չլինեինք, նա այսօր երկիրը կործանման եզրին չէր հասցնի։

- Լավ, էլի։ Էդ բոլորն ուզում են սրբագրեն, մի մարդու վրա գրեն։ Էդպես շատ հեշտ է։

- Մեղք չունի՞ Նիկոլ Փաշինյանը։

- Ուրեմն Նիկոլ Փաշինյանի մեղքը 2018-ին իշխանության գալն ու չձեւակերպելն է խաղաղության՝ ուզում եք դրան դոկտրին ասեք, դա։ Այսինքն, ինքը պետք է գար՝ չունենալով ղարաբաղյան էդ հակամարտության բեռը, ինքը պետք է գար ու հասկանար, իմանար, թե դա ինչ ողբերգական ազդեցություն կարող էր ունենալ։ Երկրորդը․ որ ինքը, լինելով թիվ մեկը պետական կառավարման համակարգում, պետք է բացառեր պատերազմը։ Այսինքն՝ չէր կարելի թույլ տալ, որ հարցի կարգավորման համար՝ անգամ որպես հնարավորություն, լինի պատերազմը։ Այսինքն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմը չբացառելուց ավելի մեծ մե՞ղք կար։ Նա թերագնահատեց պատերազմի ողբերգականությունը, դրա հրեշավորությունը, դրա անթույլատրելիությունը։

- Բայց նա հայտարարում էր, թե արցախյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար։

- Դուք ինձ ուրիշ բան եք ասում, Դուք ինձ հարցնում եք, ես պատասխանում եմ, ես հիմա, տվյալ դեպքում, չեմ մտնում բանավեճի մեջ։ Դուք իմ տեսակետը հարցնում եք՝ վերջ, կարող եք դա օգտագործել, կարող եք՝ ոչ։