Ձուկը՝ գլխից

Ձուկը՝ գլխից

Ծուռ հայելիների աշխարհում ենք ապրում։ Ամեն ինչ այնպես է ձեւախեղվել, որ պարզ չէ, թե ինչպես ենք կարգավորելու, բնականոն հուն վերադարձնելու մեր հանրային կյանքը։ Արդյոք հնարավո՞ր է թշնամանքի ու ատելության այս մթնոլորտը փոխել։ Կարո՞ղ ենք հույս փայփայել, որ 1988-ի, նույնիսկ 90-ականների այն բարի, բարյացակամ, համբերատար ու հյուրասեր ժողովուրդը կվերածնվի՝ երբ մարդիկ անշահախնդիր հարեւանություն էին անում, օգնում ծանոթ-անծանոթներին, անտարբեր չէին իրենց շրջապատի նկատմամբ։ Կարո՞ղ ենք արդյոք ինչ-որ կերպ հաղթահարել հայհոյանքի, վիրավորանքի, գռեհկաբանությունների, միմյանց տրորելու ու նվաստացնելու այս մոլուցքը։ Երբեւէ կգա՞ն ժամանակներ, երբ իշխանությունը կոռեկտ պահվածք կդրսեւորի, եւ ընդդիմությունն էլ համարժեք կարձագանքի, ու քաղաքակիրթ քաղաքական պայքարի ականատես կլինենք, որտեղ ոչ միայն ծեծուջարդ չի լինի, այլեւ խոսքով միմյանց վիրավորելը կբացառվի, իսկ «գոմերից» խորհրդարանում կամ կառավարությունում հայտնվածները խցանի նման դուրս կնետվեն քաղաքականությունից՝ որպես ապաքաղաքական ու վնասակար տարրեր։ Կարծում եմ՝ դեռ երկար պետք է սպասենք այդ իրականությանը։

Եվ խնդիրն այն չէ, որ մենք ի բնե գռեհիկ ու անդաստիարակ ժողովուրդ ենք, այլ այն, որ իշխանության գլխին կանգնածներն իրենք նման պահվածք են դրսեւորում եւ իրենք էլ նման որակներ ու գռեհկություն խրախուսում։ Կարո՞ղ էին արդյոք Վահագն Ալեքսանյանը կամ Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը երբեւէ ընդդիմադիր գործիչներին վիրավորել, եթե մեկ անգամ նման բան անելուց հետո արժանանային իրենց շեֆի խիստ հանդիմանությանը։ Անշուշտ՝ ոչ։ Կփորձեի՞ն արդյոք մյուս պատգամավորները նմանվել սրանց, եթե չիմանային, որ դա շեֆին դուր է գալիս։ Անշուշտ՝ ոչ։