Արթուր Սաքունցը դիմել էր ոստիկանություն երկու կին լրագրողի պատժելու համար

Արթուր Սաքունցը դիմել էր ոստիկանություն երկու կին լրագրողի պատժելու համար

Այսօր լուր տարածվեց, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այսօր՝ 2022 թ․ մայիսի 2-ին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` կից ներկայացնելով այն տեսանյութերը, որտեղ ոստիկանները բռնությամբ բերման են ենթարկում փողոցներ փակած ցուցարաներին, բռնություն գործադրում բողոքի ակցիաները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։ Անշուշտ, ողջունելի է հասարակական կազմակերպության քայլը:
Բայց հենց այսօր` զարմանալի զուգադիպությամբ ստացանք նաեւ Ոստիկանության  Կապանի բաժնի պետի որոշումը, որով նա մեզ հայտնում էր, որ Արթուր Սաքունցը, նույն ինքը` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը, դիմել է ոստիկանություն` խնդրելով գործ հարուցել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Նարինե Ղուկասյանի նկատմամբ: Եւ պատկերացրեք` Սաքունցի պահանջը ինչքան անհիմն է եղել, որ ոստիկանությունը մերժել է այդ պահանջը` հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

Ցավոք սրտի, մենք Արթուր Սաքունցի դիմումի պատճենը չունենք, որտեղ նա ոստիկանությանն առաջարկել է քրեական գործ հարուցել երկու կին լրագրողների` «Հրապարակի» լրագրող Նարինե Ղուկասյանի եւ Yerevban.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանի (ոստիկանությունը սխալմամբ նշել էր, թե Սյուզի Բադոյանը 5-րդ ալիքի լրագրող է) նկատմամբ, բայց ոստիկանության մայոր Ս.Հարությունյանի` «Քրեական գործ հարուցելը մերժելու» մասին որոշումից կռահեցինք, թե ինչից է վրդովվել Սաքունցը, որ առաջարկել է քրեական գործ հարուցել եւ պատժել երկու լրագրողներին:

Բանն այն է, որ Հասարակական կազմակերպությունների երեք ղեկավարներ` Լարիսա Մինասյանը, Լեւոն Բաղդասարյանը եւ Արթուր Սաքունցը  ապրիլի 9-ին գտնվել էին Կապանում: Նրանք եղել էին «Էլեգանտ» սրճարանում, որտեղ նրանց լուսանկարել էին եւ սոցիալական ցանցերով լուսանկարը տարածվել էր: «Հրապարակը» օգտագործել էր այդ լուսանկարը եւ հարցազրույց էր արել կապանցի ակտիվիստ Քրիստինե Մարտիրոսյանի հետ` այս այցի առնչությամբ:

Սակայն քանի որ հրապարակման մեջ չեն գտել որեւէ վիրավորանքի կամ զրպարտության ձգող արտահայտություն, ուստի Սաքունցը իրավապահներին է դիմել «մասնավոր կյանքի գաղտնիությունը խախտելու` անձնական կամ ընտանեկան գաղտնիք պարունակող տեղեկություններ» հրապարակելու, այն է` լուսանկարը տպագրելու համար: Խեղճ ոստիկանը մի հսկա որոշում է կայացրել` մանրակրկիտ շարադրելով, թե լուսանկարը ինչպես եւ որ դիրքից է արվել: Զրուցել լրագրողների եւ հարցազրույց տված անձանց հետ, ծավալուն մեջբերումներ է արել օրենքից եւ Վճռաբեկ դատարանի ու Եւրոպական դատարանի նախադեպերից եւ վերջում եզրակացրել.

«Սյուզի Բադոյան օգտատիրոջ եւ «Հրապարակ» օրաթերթի կողմից hraparak.am կայքում հրապարակված նրանց լուսանկարը, վերջիններիս վերաբերյալ անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ չեն պարունակել, նրանք տվյալ սրճարանում` տարածքը լուսանկարահանող սարքավորումներով կահավորված ընդհանուր սրահում, ինչի մասին եղել են զգուշացնող ցուցանակներ, հայտնվել են իրենց կամքով, որտեղ գտնվելու պարագայում նրանք իրենց մասնավոր կյանքի գաղտնիության լեգիտիմ ակնկալիք ողջամտորեն ունենալ չէին կարող, որպիսի պայմաններում նաախպատրաստված նյութերում բացակայում է հանցագործության դեպքը»:

Այս տեքստը կարդալուց հետո չենք կարող մեր զարմանքը չհայտնել` տասնամյակներ շարունակ մարդու իրավունքներից եւ ժողովրդավարությունից խոսող անձը, փաստորեն, պատկերացում չունի, թե որն է հանցանքը եւ ինչ հարաբերակցության մեջ են մարդու կյանքի գաղտնիության եւ լրագրողի ազատության սահմանները: Ավելին` ոստիկանությանը զբաղեցնում է եւ ստիպում, որ ժամանակ վատնեն հեռանկար չունեցող քրեական գործի նախապատրաստման վրա` թողնելով իրենց բուն անելիքները` իրական հանցագործությունների դեմ պայքարը: Եւ խոսքի ազատությունը, փաստորեն, մեկնաբանում է որպես իրենց ձեռնտու խոսք: Կամ` ուրիշների հանդեպ այն խրախուսում են, իրենց հանդեպ` արգելում եւ միջոցներ ձեռնարկում` կանխելու, սաստելու, սահմանափակելու: