Աբիժնիկների վրեժը

Աբիժնիկների վրեժը

Այն, ինչ ձեռնարկել է այս իշխանությունը Հայաստանի դատական համակարգի նկատմամբ, այլ կերպ, քան աբիժնիկների վրեժ, հնարավոր չէ անվանել։ Ընդ որում, ոչ թե գրագետ մարդու վրեժ, որը, ասենք, ժամանակին հանիրավի տուժել է սխալ դատական վճռի արդյունքում, ոչ թե քաղբանտարկյալի վրեժ, որը տարիներ է անցկացրել բանտում, որովհետեւ իշխանությունը նրան ցանկացել է ճաղերի հետեւում պահել։ Այլ 4-րդ դասարանի կրթությամբ՝ կյանքից աբիժնիկ մեկի վրեժ, որն անգամ դատարանում գործ չի ունեցել, բայց ատում է առհասարակ բոլորին եւ ինչ-որ մեկից լսել է, որ դատավորներն անարդար են, ու որոշել է արմատախիլ անել այդ համակարգը եւ իր նմաններով լցնել դատարանները։

Եվ ահա՝ աբիժնիկների այս խումբը որոշել է ոչ մի գրագետ, կայացած, ինքնուրույն դատավոր չթողնել՝ բոլորի լիազորությունները դադարեցնել, իսկ համակարգը համալրել 20 տարին նոր-նոր բոլորած պատանիներով, որոնք հնազանդորեն կկատարեն ԲԴԽ նախագահ, տխրահռչակ Կարեն Անդրեասյանի եւ նրա ոչ պակաս տխրահռչակ ընկերոջ՝ Գրիգոր Մինասյանի հրահանգները։ Հրահանգներ, որոնք կստացվեն անձամբ Նիկոլ Փաշինյանից։ Եվ նախկինում դատավորներից ու տարբեր անձանցից տուժած այս խմբակը, որը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ նախկին վիրավորանքները, որոշել է դատական համակարգը քանդել մինչեւ վերջին պտուտակը։ Այնպես, որ 2018-ից առաջ նշանակված ոչ մի դատավոր չմնա համակարգում, քառասուն տարին բոլորած ոչ մի անձ արդարադատություն չիրականացնի, քիչ թե շատ ինքնասիրություն ունեցող մարդ չմնա, որը կարող է դեմ գնալ իրենց կամքին։ Բայց ինչպիսի ատելություն ու մաղձ պետք է ունենաս երկարամյա դատավորների նկատմամբ, ինչքան վատ պետք է կատարես «քանդողի» քո առաքելությունը, որ նման չնչին պատրվակներով միայն կարողանաս գլուխ բերել այդ գործը։