«Հրապարակ»․ Չեմ բացառում, որ մեր թեկնածուն երկրորդ փուլում ընտրվի քաղաքապետ

«Հրապարակ»․ Չեմ բացառում, որ մեր թեկնածուն երկրորդ փուլում ընտրվի քաղաքապետ

Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները շոկային էին հասարակության, առավել եւս՝ իշխանության համար։ Չնայած գերկենտրոնացվել էր վարչական ռեսուրսը, սակայն կառավարող ուժն իր հնգամյա կառավարման ընթացքում առաջին անգամ չհաղթահարեց 50 տոկոսը, անգամ չմոտեցավ դրան՝ վաստակելով ձայների 32,57%-ը (75 հազար 463 ձայն): 800 հազար ընտրող ունեցող Երեւանում ստացավ ընդամենը 75 հազար 463 քվե, չնայած Նիկոլ Փաշինյանը փորձեց առավելագույնս սրել քարոզարշավը եւ եզրափակիչ հանրահավաքում հնարավորինս մոտիվացնել իր ընտողին՝ իր էլեկտորատի սիրած լեքսիկոնով քաղաքական հակառակորդներին սպառնալով ասֆալտ կերցնել եւ բորդյուր լիզել տալ։ ՔՊ-ին չի փրկում անգամ Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունը` նրանց միավորման արդյունքում 50+1 ձայն չի ստացվում, ՔՊ-ն կարող է ստանձնել Երեւանի կառավարումը միայն մրցակիցների՝  իրար հետ լեզու չգտնելու շնորհիվ։

Անկախ այն հանգամանքից, թե ով կլինի Երեւանի քաղաքապետը, պարզ է մի բան, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն այլեւս չեն կարող հայտարարել, թե ունեն ժողովրդի լիակատար վստահությունը` Երեւանի ընտրողների ընդամենը 9 տոկոսն է նրանց ընտրել։ Սակայն մինչեւ ձայների հաշվարկը ՔՊ-ում կասկած չեն ունեցել, որ հատկապես ցածր մասնակցության պարագայում բարձր տոկոսներ են խփելու, միայն հաշվարկի կեսերից են հասկացել, եւ այնպիսի ընկճախտ է սկսվել, որ սիրտ չեն ունեցել անգամ իրար հետ խոսելու։ Երեկ էլ ՔՊ-ում «մեռած էին, թաղած չէին» վիճակ էր, փորձում էին մեղավորներ փնտրել: Մեզ ասացին, որ եկել են այն համոզման, որ պետական ապարատի աշխատակիցներն են իրենց «քցել»` կա՛մ չեն գնացել քվեարկության, կա՛մ այլ ուժի օգտին են քվեարկել։
Երեկ ողջ օրը ՔՊ-ում քննարկում էին՝ ինչ ճանապարհով կրկին զավթել իշխանությունը: Քննարկել են ռեպրեսիաների ճանապարհը, սակայն հասկացել են, որ դա կարող է քաղաքացիներին ավելի գրգռել եւ վատ արձագանք կստանա, եթե մրցակիցներից ոմանց չեզոքացնեն: Որոշել են ստվերային բանակցությունների գնալ որոշ ուժերի, մասնավորապես՝ Հայկ Մարությանի հետ, որը, ըստ ամենայնի, հաջողվել է` Մարությանը երեկ հայտարարեց, թե չեն պատրաստվում Անդրանիկ Թեւանյանի եւ Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա կազմել, ուզում են` թող ընտրեն Մարությանին քաղաքապետ, որից հետո կքննարկեն հետագա համագործակցությունը։

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, առայժմ դժվար է ասել, փաստ է, որ ՔՊ-ում երեկվանից չկար նախկին էնտուզիազմը, պառլամենտական պոռոտախոսներն ընդհատակ էին անցել, իսկ ավագանու ցուցակի թեկնածուները ցրողական պատասխաններ էին տալիս։

Քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանը կտրուկ հրաժարվեց անգամ սեփական տպավորությունները հայտնել․ «Ես զգացված եմ, որ իմ կարծիքը կարեւորում եք, բայց դիմեք մամուլի խոսնակին, գնահատական կտրվի»։ 
ՔՊ ցուցակի առաջին կին, երբեմնի խիզախ՝ ականջ ծամող Նուարդ Վարդանյանն էլ, լսելով, որ լրագրողի հետ է զրուցում, ձեւացրեց, թե չի լսվում, թեպետ լավ էլ լսվում էր, իսկ հետո դարձավ անհասանելի՝ չպատասխանելով մեր զանգերին։ Քաղաքապետի մեկ այլ տեղակալ՝ Սուրեն Գրիգորյանն էլ ամեն ձեւով փորձում էր ցրել, ասելով` քանի չկա վերջնական արդյունք, չի կարող ո՛չ կարծիք հայտնել, ո՛չ գնահատական տալ: Դիտարկմանը, թե, միեւնույն է, վերջնական արդյունքներն այնքան չեն փոխվելու, որ 50+1 ձայն ստանան, նա պատասխանեց․ «Ես եթե ասում եմ՝ հակված չեմ մեկնաբանել, նշանակում է՝ չեմ մեկնաբանում»։ Այս ընտրությունները չփաստեցի՞ն, որ քաղաքացիները ձեզ չեն վստահում։ «Չեմ մեկնաբանում»։ Դժգո՞հ եք արդյունքներից։ «Նորից հարց եք տալիս, որը ենթադրում է մեկնաբանություն»։ Շանս կա՞, որ մայրաքաղաքի կառավարումը կստանձնեք։ «Երբ որ կհամարենք՝ անհրաժեշտ է դիրքորոշում հայտնել, կարտահայտենք»։ Արդյունքները բողոքարկելո՞ւ եք։ «Եթե բողոքարկենք, դրա մասին նույնպես կիմանաք»։ Գոնե ասեք՝ սա անձի ընտրություն ու պարտությո՞ւն էր, թե՞ քաղաքական ուժի, ՔՊ-ում մեղավորներ են փնտրում։ «Մենք մեղավորներ չենք փնտրում, ինչ վերաբերում է հարցի բովանդակային մասին, քարոզարշավի ժամանակ բազմիցս հայտնել եմ, կարծիքս չեմ փոխում, Տիգրան Ավինյանն էլ է բազմիցս ասել»․ նկատի ուներ, որ սա քաղաքական ուժի ընտրություն էր։ Համարում եք, որ պարտվե՞լ եք, չնայած կիրառել եք վարչական լծակներ ու ռեսուրս։ «Վարչական ռեսուրսի մասին էլ ենք բազմիցս խոսել, բայց եթե ասում եք պարտություն․․․ եթե կա պարտվող, ուրեմն կա հաղթող, բացեք-տեսեք՝ ո՞ր կուսակցությունն է ամենաշատը ձայն հավաքել»: Որպես իշխանություն` պարտվեցիք, ընդդիմությունը հաղթեց՝ երեքով միասին։ «Ո՞ր երեքով, ինչո՞ւ եք իրենց միասին հաշվում, իրենք հայտարարություններ արե՞լ են այդ մասին, որ երեքով․․․ դրա համար եմ ասում՝ սպասեք, եթե ինչ-որ բան հայտարարելու լինենք, կհայտարարենք»։

Փոխարենը իր անկեղծությամբ, ինչպես միշտ, փայլեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ում որդին եւս ընդգրկված է Երեւանի ավագանու ցուցակում` 74-րդ համարն է։ «Եթե նույնիսկ մենք Արամ Սարգսյանի հետ կոալիցիա կազմենք եւ ստանձնենք Երեւանի կառավարումը, միեւնույն է, ես համարում եմ այս ընտրությունների արդյունքները պարտություն»,- ասաց Աղազարյանը՝ հավելելով․ «Բայցեւ ես Ձեր ասածի պես ուղիղ իմաստով չեմ ընկալում, թե մենք չենք վայելում հանրության լայն զանգվածների վստահությունը, ճիշտ է` Երեւանի ընտրությունները տարբերվում են ՏԻՄ ընտրություններից, եւ դրանք պետք է ընդունել վստահության հանրաքվե, բայց ես կարծում եմ, որ մեր շատ հայրենակիցներ, ընտրողներ ընդամենը գոհ չեն, դժգոհություն ունեն մեր վարած քաղաքականության նկատմամբ, հետեւաբար՝ մենք պետք է վերլուծենք՝ որտեղ ենք թուլացել, անհրաժեշտ ջանք չենք գործադրել, հետեւություններ անենք, որ մեր նկատմամբ վստահությունը վերականգնենք»։

Աղազարյանի կարծիքով, սա ոչ թե մեկ անձի՝ Տիգրան Ավինյանի պարտությունն էր, այլ՝ իշխող ուժի․ «Սա մեր թիմի անհաջողությունն էր, որից, սակայն, պետք չէ մեծ ողբերգություն սարքել, պետք է ճշգրիտ հետեւություններ անել»։ 
Միայն Արցախի խնդիրը չէ, որ իշխանության նկատմամբ անվստահություն կա, Աղազարյանը բնական է համարում գրանցված արդյունքները, նրա կարծիքով՝ ցանկացած հեղափոխական իշխանություն չի կարող երկար ժամանակ մնալ իր բարձունքում, որովհետեւ անհնար է իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք ներկայացրել է ժողովրդին․ «Եկել է այն պահը, որ մեր ընտրողը մեզ նախազգուշացում ուղարկեց, եւ մենք պետք է վերանայումներ անենք: Եվ հետո` ցանկացած վատ բանի մեջ պետք է նաեւ լավը տեսնել, ընտրողն այլեւս ազատ է եւ ոչ մի պարտադրանքի չի ենթարկվում իր ընտրությունը կատարելիս եւ թքած ունի ինչ-որ մեկի` իր իշխանական լծակներն օգտագործելու եւ ցուցադրական ինչ-որ բաներ անելու վրա, որովհետեւ ինքն այդ դեպքում հակառակն է տրամադրվում եւ հակառակն է քվեարկում։ Քաղաքացին ազատ է, որեւէ մեկին որեւէ բանի համար ձայն չի տալիս, քվեարկում է իր խղճով»,- ասաց նա՝ ակամայից խոստովանելով, որ պարտադրանք է եղել ընտրողի վրա: Մեր հարցին, թե արդյոք հակառակ էֆեկտը չունեցա՞վ նաեւ Փաշինյանի՝ ասֆալտ ուտեցնելու եւ բորդյուր լիզելու մասին ելույթը, ասաց․ «Չէ»։

Աղազարյանը, սակայն, հույս ունի, որ իրենք կստանձնեն Երեւանի կառավարումը․ «Ջրեր կհոսեն՝ ջրվեժի նման, բանակցություններ կլինեն, չենք կարող այդքան ձայն հավաքել, ․․․․Ի վերջո, բոլորս գիտենք՝ ովքեր են Հայկ Մարությանի էլեկտորատը, նրանք մեզնից հիասթափվածներն են, բայց դա չի նշանակում, որ իրենք կողմ կլինեն միավորվել Քոչարյանի թեկնածուի՝ Թեւանյանի հետ: Իրենք արդյոք պատրա՞ստ են միավորվել, խիստ կասկածում եմ, ուստի չեմ բացառում, որ մեր թեկնածուն երկրորդ փուլում ընտրվի քաղաքապետ»։