Հասարակություն

«Հրապարակ». Ես չեմ ասի թուրքը դու ես, քանի որ տեսել եմ իրական թուրքին

«Հրապարակ». Ես չեմ ասի թուրքը դու ես, քանի որ տեսել եմ իրական թուրքին

Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի նախկին ղեկավար Արմեն Բուդաղյանը վիրավորված է արցախցիների նկատմամբ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եւ նրա ընտանիքի վերաբերմունքից։ Պատգամավորի եղբայրը Ֆեյսբուքում մեկնաբանություն էր գրել՝ ի պատասխան Փաշինյանին քննադատող մի մեկնաբանության․ «Հայ ե՞ս, թե՞ ղարաբաղցի»։ Ավելի վաղ Պալյանների հայրն էր գրել․ «Լավ ընկերոջ համար անգամ կյանքը կուտի ղարաբաղցին»։

«Եթե ընտանիքում անհաշտություն է, մեկը մյուսին վատ է վերաբերվում, մեղավորը ընտանիքի գլխավորն է։ Երկիրն էլ մի ընտանիք է, որի պատասխանատուն երկրի հայրն է, այս դեպքում՝ Փաշինյանը։ Եթե նա չի կանխում նման կարծիքներն ու խոսակցությունները, դեռ ավելին՝ կիսում է, զոմբիները սկսում են առաջնորդվել դրանցով։ Ես Արցախը երբեք չեմ առանձնացրել Հայաստանից, մենք՝ բոլորս, ապրում ենք մայր Հայաստանում։ Ուրիշ բան, եթե որեւէ մեկի կարծիքով Արցախը Հայաստան չէ, արցախցին էլ թուրք է… նրա կարծիքից ո՛չ Արցախն է դառնում ոչ հայկական, ո՛չ էլ արցախցին՝ թուրք։ Ավելին, եթե որեւէ մեկն իրեն երջանիկ է զգում մեզ թուրք ասելով, ես իրեն չեմ հակադարձի՝ գուցե դա իր միակ երջանկության միջոցն է»,- ասաց Արմենը։

44-օրյա պատերազմի առաջին օրվանից Արմենն իր համագյուղացիների հետ ինքնապաշտպանական մարտեր է մղել Հադրութի համար։ Որպես գյուղապետ՝ ջոկատ է գլխավորել։ Կռվի օրերին շատ բան է տեսել ու լսել, բայց լռել է։ Հիմա էլ շատ բան չի ասում, ընդամենն ակնարկում է «կռիվ» գնացածների իրական դրդապատճառի մասին։ «Ես չեմ ասում, չէ՞, որ ոմանք, իբրեւ թե, կամավորագրվել էին Արցախի պաշտպանությանը, իրականում ոնց եկան, թալանեցին իմ գյուղն ու հարեւան գյուղերը եւ ավարով գնացին… Ես կարող եմ ասել՝ թուրքը դու ես կամ ծնողդ է, բայց նման բան ինձ թույլ չեմ տա, որովհետեւ ես տեսել եմ իրական թուրքին։ Տեսել եմ Հադրութի ինքնապաշտպանության ժամանակ»։

Այդուհանդերձ, նա չի թաքցնում մտահոգությունը, որ հայրենի երկրում կարող են նեղացնել նաեւ իրենց երեխաներին։ Ասում է՝ ձեզ այնպես եք պահում, որ սկսում եմ վախենալ՝ կարո՞ղ է օր էլ մեր երեխաներին ցավեցնեք։ Ինքը չորս երեխա ունի։ Բռնի տեղահանվելուց հետո բնակություն է հաստատել Կոտայքի մարզում։ Մինչեւ 2023 թվականն աշխատել է Արցախի օպերատիվ շտաբում, որի լուծարումից հետո գործունեությունը շարունակել է հասարակական հիմունքներով։ Բայց անչափահաս երեխաներին պահել ու կերակրել հասարակական ակտիվությամբ՝ չի ստացվել։ Նոր Գեղիում, որտեղ տուն է վարձակալել, այգի է մշակում, գինի եւ օղի է արտադրում ու վաճառում։ «Նաեւ հավ ու ճագար եմ պահում, դրանով եմ ընտանիքս պահում։ Ես անհարմար եմ զգում պարապությունից, ամաչում եմ ասեմ՝ չեմ աշխատում»։

Թաղասեռի նախկին ղեկավարը համագյուղացիների հետ ակտիվ կապ է պահում։ Չի կիսում քաղաքական կյանքում արցախցիների պասիվության մասին տարածված կարծիքը։ Ըստ նրա՝ բոլորն էլ մտահոգված են մեր երկրի ապագայով, բայց եթե ակտիվություն ցուցաբերեն, կզրկվեն պետական աջակցությունից։ «Բագրատ սրբազանի ղեկավարած ցույցերին լավ էլ մասնակցում էին, բայց երբ սկսեցին մեկ առ մեկ դեմքները նկարել, որ պատժեն՝ 40+10 աջակցությունից զրկելով, զգուշացան։ Մենք էլ այս երկրի մի մասնիկն ենք, ո՞նց կարող ենք անտարբեր լինել ու ցավ չապրել կորուստների համար»,- ասաց նախկին գյուղապետը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image