Պետք է Նիկոլ Փաշինին իշխանությունից վռնդել, ոչ թե Արցախ գնալ

Պետք է Նիկոլ Փաշինին իշխանությունից վռնդել, ոչ թե Արցախ գնալ

«Հրապարակի» զրուցակիցը նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է:

- Ապրիլի 5-ին ընդդիմության հանրահավաքին, կարծես, չկայիք: 

- Այո, չեմ մասնակցել, վատառողջ էի, թեպետ այնպես չէ, որ ընդդիմությունից հիասթափված չեմ: Եթե առողջ լինեի՝ կգնայի, քանի որ ես կարծում եմ ընդդիմությունն իսկապես ցանկանում է գահընկեց անել Հայաստանի և Արցախի ճակատագրի վրա խաչ քաշած իշխանությանը: Ինչ խոսք, ընդդիմությունը հիասթափեցնելու փորձեր է անում: Նախկինում այսօրվա ընդդիմությունը, երբ չուներ խորհրդարանական ներգրավվածություն, մեզ մեղադրում էր վճռական քայլեր չանելու մեջ: Ասել եմ, նորից եմ կրկնում. եթե մեկին անվանում են պետական դավաճան, էլ ի՞նչ հարց-պատասխանի մասին է խոսքը, ի՞նչ են ակնկալում պետական դավաճանից: Ինչո՞ւ հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները Նիկոլ Փաշինի հրաժարականը չեն պահանջում: Ինչքա՞ն կարող են այսպես շարունակել, Արցախի դրոշն այս կամ այն քաղաքում կանգնեցնել՝ սա հարցի լուծում չէ: Ընդդիմությունը պետք է գոնե իր ընտրազանգվածի քսան տոկոսին փողոց հանի: Ապրիլի 5-ին շատերն իրենց նեղություն տվեցին, մարզերից ժամանեցին Երևան, ընդդիմադիրներն էլի երկու ժամ շարունակ, բարձրախոսն իրար ձեռքից խլելով՝ ելույթներ ունեցան, տպավորություն էր, թե Ազգային ժողովի հայտարարությունների ժամ է: Ամեն նման հանրահավաքից հետո հասարակության հավատն առ ընդդիմություն, նվազում է: Ինչքա՞ն կարելի է այսպես: Մարդիկ վճռական քայլեր են ուզում: Նույն այդ զանգվածը, եթե հավաքվեր երեքշաբթի օրն ԱԺ-ում և Նիկոլ Փաշինի հրաժարականը պահանջեր, ինչպես 2018-ին արեց ինքը, կարծում եմ` ավելի արդյունավետ կլիներ: Թե չէ, մարդկանց մարաթոնյան մրցավազքի մեջ ներգրավելու իմաստը ո՞րն է: Եվս մեկ-երկու նման ձախողված հանրահավաք ընդդիմության կողմից, այլևս ոչ ոք նրանց հետևից չի գնա:

- Ընդդիմադիր պատգամավորներից շատերը երեկ գնացել էին Արցախ, սակայն ռուս խաղաղապահները նրանց մուտք գործել չթողեցին:

- Բայց Արցախ ի՞նչ առաքելությամբ էին գնում, ես այդպես էլ չհասկացա: Սահմանապահ Արցախի խնդիրը թաքնված է Նիկոլ Փաշինի տակ: Նրան պետք է իշխանությունից վռնդել, ոչ թե Արցախ գնալ: Արցախ գնալն ի՞նչ հարց պետք է լուծի: Դժբախտության էպիկենտրոնում նույն մարդն է կանգնած և նրան պետք է զրկել իշխանությունից: Արցախ միշտ էլ գնացել ենք, զրուցել ենք մարդկանց հետ, լսել ենք նրանց խնդիրները, սակայն այսօր դրանով հարց լուծել չեն կարող: Էդ մարդն ամբողջ ժողովրդին ծաղրում ու հեգնում է, ինչ-որ բան ա թափ տալիս, ինչ ուզի, անում ա ու կարողանում ա գնալ ԱԺ, բոցաշունչ ելույթներ ունենալ:

- Ոմանք կարծում են, որ ընդդիմադիրներն իրենց պատգամավորական մանդատները պետք է վայր դնեն:

- Ես վաղուց եմ առաջարկել: Պետք է մանդատները վայր դնել ու ստեղծել խորհրդարանական ճգնաժամ, որին կհաջորդեն նոր ընտրություններ: Սահմանադրության 104- րդ հոդվածի, ինչպես նաև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի տարբեր հոդվածներով, չի կարող Ազգային ժողովն առանց ընդդիմության գործել, սակայն այնտեղ երևի կան մարդիկ, որոնց համար մանդատի բույրը հայրենիքի սիրուց զորավոր է:

- Փաշինյանն այսօր խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:

- Դե գիտեք ինչ, վաղն էլ ճանաչելու են Հայաստանի չգոյությունը: Եթե այս տեմպերով գնա, ես նրանցից ամեն բան հավատում եմ: Որոշ կենդանիների հետ նույնացվող մանդատակիրները միայն թարգմանում են Նիկոլ Փաշինի խելահեղ արտահայտությունները: