Մի ժամանակ ՔՊ-ական իշխանությունը հպարտանում էր արդար, մաքուր ընտրություններով, ասում էր, որ այլեւս փակ է ընտրակեղծարարության էջը, դատապարտում էր մինչեւ 2018 թիվն անցկացված բոլոր ընտրությունները: Բայց մենք տեսանք, թե ինչպես են համայնքներում ընտրված անձանցից քրեական գործիքներով խլում իրենց հաղթանակը եւ անգամ կալանավորում, ինչպես են անգամ ՔՊ-ի ներքին ընտրությունների ժամանակ զեղծարարություններ անում: Տեսանք, թե ինչ խայտառակ մթնոլորտում ընթացան 2026-ի ընտրությունները` ինչ անասելի ճնշումներ գործադրվեցին մրցակիցների նկատմամբ, ինչ անհավասար պայմաններում էր ընթանում պայքարը, ինչքան հանրային ռեսուրս օգտագործեցին: Իսկ քվեարկության արդյունքները հաշվարկելիս ապօրինաբար չեղարկեցին 3 ընտրատեղամասի արդյունքները, որ մի ամբողջ կուսակցություն դուրս մնա խորհրդարանից, եւ նրան հասանելիք մանդատները յուրացնեն:
Այս պայմաններում անհնարին է խոսել արդար ընտրությունների մասին, եւ այլեւս հնարավոր չէ խոսել այն մասին, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Չնայած Նիկոլ Փաշինյանին ինչ-որ մեկը համոզել է, որ ժողովրդավարության միակ ցուցանիշը լրագրողների` հարց տալու ազատությունն է: Նա արդեն որերորդ անգամ նույն միտքն է կրկնում լրագրողների մոտ, թե` եթե ես բռնապետ լինեի, երկիրն էլ բռնապետական լիներ, դուք այդ հարցը չէիք կարողանա տալ ու հանգիստ հեռանալ: Բայց չէ՞ որ մենք նաեւ տեսել ենք, թե ինչպես է մի պարզ հարցը դառնում մարդուն կալանավորելու հիմք: Եվ ինչպես էր իրեն հարցեր ուղղող մարդու վրա բղավում` ինչո՞ւ դու չես զոհվել: Տեսել ենք, թե ինչպես են իրեն հարցեր ուղղած քաղաքացուն մի քանի օր անց դաժան ծեծի ենթարկում: Տեսել ենք, թե ինչպես են իրեն քննադատող մարդիկ հորինված մեղադրանքներով բանտում հայտնվում: