Արդեն սովորական է դարձել․ Ներքին Հանդի ղեկավար

Արդեն սովորական է դարձել․ Ներքին Հանդի ղեկավար

Արդեն սովորել ենք պատերազմական վիճակներին։ «Հրապարակ»–ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ «Գյուղում ամեն ինչ նորմալ է, մարդիկ իրենց գործերով են։ Ռազմական ագրեսիայի ժամանակ էլ ամեն մեկն իր տանն էր, նորմալ էր, արդեն սովորական է դարձել»,-ասաց Բաղդասարյանը։

Ներքին Հանդի վարչական ղեկավարը նշեց, որ այս պահին գյուղում կա մոտավորապես 22 ընտանիք, իսկ ընդհանուր առմամբ 45-50 մարդ։ Գյուղի դպրոցը նորմալ գործում է, ուսուցիչները թե գյուղի բնակիչներից են, թե գյուղ եկող ուսուցիչներ։

«Դպրոցում չորս երեխա կա, դասերը նորմալ ընթացքով գնում են»,-ասաց նա։

Գյուղի բնակիչներն արդեն հողամասերում և տնամերձ այգիներում հողային աշխատանքներն են սկսել։ Ներքին Հանդի վարչական ղեկավարին, ըստ ամենայնի, արգելել են լրագրողներին հարցազրույցներ տալ` վատ բաների մասին խոսել եւ նա փորձում է` դրական ինֆորմացիա տարածել, մինչեւ հաջորդ հարձակումը:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին 03.00-ից սկսած ադրբեջանակն զինուժի կողմից հրազենային կրակ էր բացել Ներքին Հանդի հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով ունենք 4 զոհ և մեկ վիրավոր։