Պայթուցիկները սկսեցին գցել ժողովրդի վրա այն պահին, երբ Նիկոլն ԱԺ-ից սկսեց դուրս գալ
Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի հարեւանությամբ մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը վերածվեց ոստիկանության հետ բախումների։ Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ՝ տասնյակ լուսաձայնային նռնակներ, ինչի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան։
44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գեւորգյանի մայրը՝ Ալիսա Գեւորգյանը նույնպես տուժել է նախօրեին ԱԺ-ի մոտ ոստիկանների կիրառած բռնի գործողություններից, նրան ուղղակի գետնին են տապալել։
Մեզ հետ զրույցում Ալիսա Գեւորգյանը պատմեց, որ ինքը եղել է ոստիկանական շարքի դիմաց, մի պահ ինքնազգացողությունը վատացել է եւ նստել է գետնին՝ հենց ոստիկանների դիմաց․ «Ես հենց իրենց դիմացն էի նստած, այսինքն՝ ոստիկանները տեսան, որ ինձ վատ եմ զգում ու նստեցի։ Հետո շատ արագ այդ քաոսը սկսվեց, ու իրենք վահաններով սկսեցին առաջ գալ՝ առանց նայելու, որ այդտեղ մարդ կա, ուղղակի գազանաբար հրում էին ժողովրդին, ու ստացվեց, որ թե՛ մարդիկ, թե՛ ոստիկաններն ընկան վրաս, որից հետո զգացի, որ արդեն գետնին են, իսկ իմ վրա էլ՝ բազմաթիվ մարդիկ։ Այդ ընթացքում ոչ մի ոստիկան չի փորձել ինձ օգնել, իսկ ինքնուրույն էլ ուղղակի չէի կարող դուրս գալ՝ եթե մի քանի տղամարդ ինձ քաշելով չհանեին, գլուխս ուղղակի ջարդելով առաջ էին գնալու»։
Ա․ Գեւորգյանն ասում է՝ թեպետ իրեն հատուկ չեն թիրախավորել, բայց շատերին են թիրախավորել, օրինակ՝ Աբրահամ Գասպարյանին։ «Ինձ ոչ ոք կոնկրետ չի հարվածել, բայց այնքան թքած ունեին մարդկանց վրա, որ այդպես շարքով հրմշտելով գալիս էին, ու թե այդ հրմշտոցի մեջ ում հետ ինչ կլիներ, բացարձակ իրենց չէր հետաքրքրում։ Աբրահամին առանձնացրել էին բոլորի միջից ու լավ ծեծել, այսինքն՝ թիրախավորած ծեծել են, անխիղճ ձեւով ոտքերով գլխին խփել։ Այսինքն՝ նախ մեկուսացնում են 10-15 հոգով եւ հետո հարձակվելով մեկի վրա՝ ջարդում են։ Հետո թիրախավորված կեղտոտ բաներ են անում նաեւ հոգեւորականների նկատմամբ՝ ծեծում, հայհոյում,- ասում է Ալիսան ու ընդգծում, որ ոստիկաններն իրենց ահավոր ագրեսիվ են պահել։- Իմ կողքը տարիքով մեծ մարդ էր, ով ընկել էր, ու իր վրայով անցել էին, ամբողջ մարմինը վնասված էր, սալջարդերի մեջ։ Մի կին էլ կար, ում քաշել էին, եւ ուսը տեղից դուրս էր եկել»։
Ալիսա Գեւորգյանը հենց Սիրահարների այգու հատվածում է եղել, ասում է՝ հատուկ միջոցները հենց այդտեղ են կիրառվել․ «Մարդկանց մտցրել էին այգու մեջ եւ այդ հատուկ միջոցները հենց այդտեղ են շատ կիրառել։ Տեսանյութերի մեջ էլ է երեւում, որ մարդիկ հանգիստ կանգնած, եւ իրենց վրա ոստիկանների կողմից շշեր էին շպրտվում։ Իմ աչքով եմ տեսել, թե ինչպես են շշերը շպրտում, մինչդեռ մարդիկ հանգիստ կանգնած էին, եւ անընդհատ զգուշացվում է, որ որեւէ նման բան չանեն։ Ակնհայտ երեւում է, որ քաղաքացիական հագուստով իրենց սադրիչները ժողովրդի մեջ էին մտել ու բախումներ էին հրահրում։ Իրենք կարծես տրամադրվել էին, որ ինչքան հնարավոր է՝ շատ վնաս հասցնեն։ Այդ հատուկ միջոցները, որ կիրառեցին, շատ խորը վերքեր էին առաջացրել։ Ես իմ աչքով եմ տեսել, որ դրանք շատ խորը բեկորային վնասվածքներ էին, մի աղջիկ կար՝ ոտքի արյունը չէին կարողանում կանգնեցնել։ Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչ են կիրառել, բայց դրանք հաստատ սովորական լուսաձայնային միջոցներ չէին։ Կարող է դրանք էլ կային, բայց հաստատ ուրիշ բաներ էլ են կիրառել, որովհետեւ ծանր վնասվածքներ էին մարդիկ ստացել»։
Զրուցակիցս նկատում է, որ բռնությունների այդ շղթան սկսվել է, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ից դուրս է եկել։ «Տեսանյութերը տեղադրեցին, ու տեսանք, որ այդ աժիոտաժն այդ ժամանակ սկսվեց, պայթուցիկները սկսեցին գցել ժողովրդի վրա հենց այն ժամանակ, երբ Նիկոլն ԱԺ-ից դուրս էր գալիս։ Ու դա արվեց ուշադրությունը շեղելու համար, ամբողջ խնդիրը դա էր»,- ասում է ու ցավով արձանագրում, որ այս ամենաթողությոնը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով։ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ոuտիկանnւթյшն պաhվածքը եղել է պրnֆեuիnնալ, ավելին՝ շարունակելու են նnւյնկերպ գnրծել, քանի որ ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ պետականությունը։
«Այնպիսի տպավորություն է, որ մեր առջեւ կարծես հանցագործ բանդաներ կանգնած լինեն, քանի որ շատ անխիղճ, սադիստական ձեւերով մարդկանց ջարդում են եւ աշխատում են ամենածանր վնասվածքները պատճառել, ու դա խրախուսվում է ամենաբարձր մակարդակով»,- հավելում է Ա․ Գեւորգյանը։
Կարծիքներ