Հանքի շահագործումից առաջացած խնդիրները այդ 12,5%-ով չեն լուծվելու

Հանքի շահագործումից առաջացած խնդիրները այդ 12,5%-ով չեն լուծվելու

Օրես հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերության 100% բաժնետոմսերի 12,5 %-ը ընկերությունը նվիրաբերել է Հայաստանին, որոշման նախագիծը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։

Հիշեցնենք՝ ժամանակին հանքի շահագործման դեմ մի քանի տարի դաժան պայքար են մղել հայ բնապահպանները և տեղի բնակիչները, որոնք ակցիաներ էին անում, փակում էին հանք տանող ճանապարհը, և ամիսներ շարունակ վրաններում էին ապրում, որ թույլ չտան Ջերմուկի բնության ապականումը: Եվ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չէր կարողանում գործունեություն իրականացնել՝ շահագործել հանքը։ Այդ ընթացքում իշխանությունն անգամ 400 հազար դոլար ծախսեց` արտերկրում փորձաքննություն պատվիրելով, բայց մասնագիտացված կազմակերպության եզրակացությունն էլ վերջ դրեց այդ դիսկուրսին և Նիկոլ Փաշինյանը չկարողացավ որոշում կայացնել` կարելի՞ է, երկրին անհրաժե՞շտ է այդ հանքի շահագործումը, թե ոչ: Որոշվեց ուղղակի հետաձգել հանքի շահագործումը, ինչն էլ բնականաբար հարուցեց ինվեստորների դժգոհությունը` նրանք դուրս եկան ծրագրից և հիմա դիմել են արբիտրաժային դատարան ու վստահաբար կշահեն դատը Հայաստանի նկատմամբ: Այժմ փոխվել է ինվեստորների` ներդրողների կազմը և ակնհայտորեն իշխանությունը համձայնության է եկել նրանց հետ: Դե իսկ հասարակությունն այնքան կոտրված ու գլոբալ խնդիրներից խեղճացած է, որ այլևս պայքարելու, բողոքելու ռեսուրս չունի: Եթե Արցախի հանձնման հետ մարդիկ հաշտվեցին, Ամուլսարի շահագործման հետ ինչու չպետք է հաշտվեն:  Իսկ ժամանակին պայքարողները նշում էին, որ եթե շահագործվի հանքը, Ջերմուկի տարածքում կյանքը մարդկանց համար դառնալու է վտանգավոր՝ խախտվելու է բնական ռելիեֆը, վտանգվելու են ջրային ռեսուրսները՝ Սևանը։ 2018-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր խնդրին հայտարարել` եթե ուսումնասիրությունները ցույց տան, որ այդ հանքի շահագործումը վտանգելու է Սևանը, նա թույլ չի տալու, որ այնտեղ հանք գործի։ «Սևանի հարցը, Ղարաբաղի հարցի պես կարևոր է ինձ համար»,- հավելել էր Փաշինյանը։ Բայց այսօր իրավիճակ է փոխվել և կառավարությունը թույլատրել է ընկերությանը շահագործել հանքը։

Այս որոշումը ինչպիսի հետևանքներ կարող է առաջացնել և ինչու այսօր բնապահպանները չեն պայքարում դրա դեմ փորձել ենք հասկանալ բնապահպան-ակտիվիստ Հակոբ Սանասարյանից։

-Պարոն Սանասարյան, կառավարությունը որոշեց թույլատրել «Լիդիան Արմենիային» շահագործել Ջերմուկ քաղաքի ոսկու հանքը, հիմնավորելով, որ ուսումնասիրությունները և հանքը շահագործող ընկերությունը վստահեցրել է, որ բնությանը և մարդկանց կյանքին վտանգ չի սպառնալու։ Արդյո՞ք այդպես է։

-Դեռ 7 ամիս առաջ է համաձայնագիր կնքվել, որ պետք է հանքը շահագործեն, ինչը բացարձակ ապօրինի է։ Իրենց պնդումները, թե հանքի շահագործումը շրջակա միջավայրին վտանգ չի ներկայացնում, սուտ է և անհիմն։ Այն, որ ներկայացնում են, թե իրենք  փորձաքննություն են արել, և եկել են այն եզրահանգման, որ հանքի շահագործումը վտանգ չի առաջացնի, ամբողջովին կեղծիքներով է իրականացվել։ Այնտեղ ապրող մարդիկ ավելի լավ են հասկանում վտանգների մասին։ Հանքի շահագործմամբ տարեկան 1․5 միլիարդ խորանարդ ջուր ենք կորցնելու, որն իր հերթին սպառնալիք է ստեղծելու Սևանի համար, և ընդհանրապես այդ տարածքը վտանգվելու է՝ Ջերմուկ քաղաքը այլևս չի համարվելու առողջարանային քաղաք՝ մեռնելու է կյանքը այնտեղ, հանքի շահագործմամբ։ Այնտեղ ապրողները այս ամենը շատ լավ գիտակցում են, և ամեն ինչ կանեն, որ այս կործանարար ծրագիրը կյանքի չկոչվի։

-Այդ դեպքում, Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչո՞ւ պետությունը թույլատրեց հանքի շահագործումը։

-Օրվա իշխանությունները, պետական պաշտոնյաները հայրենիքը չճանաչող մարդիկ են։ Հիմնական պատճառը սա է։   Իրենք խնդրին չեն տիրապետում՝ թքած ունեն, քանի որ չեն գիտակցում հայրենիքի գաղափարը՝ փող են աշխատում։

-Կա՞ն ինչ-որ միջոցներ, որով հնարավոր կլինի կանխել հանքի շահագործումը։

-Այդ համաձայնագիրը, որ ստորագրվել է, դատարկ թուղթ է։ Որ պահին հանքում իրականացվեն աշխատանքներ՝ ֆիզիկապես կմասնակցեն մարդիկ, ապա այդ պահից կհանդիպեն  ընդդիմության: Կշարունակեն շրջափակել հանքի տարածքը՝ թույլ չտալով քանդել Ջերմուկը։ Այս հարցում միայն ջերմուկցիները չպետք է ընդվզեն, նրանք մենակ չպետք է լինեն։ Իրենց պետք է միանա ողջ հայությունը, և կապ  չունի, որ դու Երևանում ես, կամ Վանաձորում, և  խնդիրը քեզ հետ կապ չունի։ Այս հանքի շահագործումը խաթարելու է բոլորիս կյանքը, և այն մենք զգալու ենք շատ կարճ ժամանակում։ Խնդիրը գիտակցող մարդիկ պետք է ընդդիմանան  այս որոշմանը։ Հանքից ստացվող եկամուտների՝ 12․5% -ը, որ պետք է վճարվի  պետությանը,  հանքի շահագործումից առաջացած խնդիրները չի լուծելու։