«Գրավոր ընթացակարգով» հայհոյել է դատավորներին

«Գրավոր ընթացակարգով» հայհոյել է դատավորներին

Քննչական կոմիտեն օրերս դատարան է ուղարկել դատարանի եւ դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մի գործ, որն առնչվում է Արմավիրի մարզի մի բնակչի։

Ըստ ՔԿ-ի, «Արմավիրի մարզի բնակիչը քաղաքացիական մի գործի շրջանակներում Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից 2023 թվականի մարտի 15-ին համապատասխան որոշում կայացնելուց հետո, 2023թ. ապրիլի 14-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին հասցեագրված իր բողոքում անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել վերոնշյալ դատավորի հասցեին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նույն անձն անցյալ տարվա մայիսին էլ Արմավիրի մարզի դատարան է ուղարկել գրություն, որում եւս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել դատարանի 3 դատավորի հասցեին։ Նա իր մասով կայացված որոշումների հետ կապված անհամաձայնություն է հայտնել՝ վիրավորական, գռեհիկ ու հայհոյախառն արտահայտություններ գրելով 4 դատավորի հասցեին։

Փորփրեցինք «Դատալեքսը» եւ բացահայտեցինք, որ «գրող-պեչատող» սույն քաղաքացին Էջմիածնի բնակիչ Միքայել Գրիգորյանն է, վիրավորված դատավորներն Արմավիրի դատավորներ Հակոբ Մանուկյանը, Էդգար Հովհաննիսյանը, Արթուր Ադամյանն ու Հովհաննես Մելքոնյանն են, իսկ քաղաքացու դեմ ԲԴԽ բողոքողները դատական խորհրդի նախագահ Վիգեն Քոչարյանն ու Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն են։ Գրիգորյանն ավտոմեքենայի բռնագանձման պահանջ է ներկայացրել, որը դատարանը չի բավարարել։