Ինչպիսի՞ն է շարքային արցախցին՝ ժլատ ու չկա՞մ, թե՞ …

Ինչպիսի՞ն է շարքային արցախցին՝ ժլատ ու չկա՞մ, թե՞ …

Համազգային այս ողբերգությունը՝ Արցախի ցեղասպանությունը, էթնիկ զտումն ու արցախցիների մազապուրծ Հայաստան գալը տխուր առիթ հանդիսացան, որ մենք ավելի լավ ճանաչենք շարքային արցախցուն՝ աշխատավոր, ռամիկ, մտավորական, զինվորական արցախցուն: Շատերի մոտ երկար տարիներ գեներացվել էր արցախցու ոչ դրական կերպարը: Այդ գեներացումն սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ-ում իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը եւ իշխանությունից աստիճանաբար հեռացան ՀՀՇ-ականները՝ իրենց տեղը զիջելով ծագումով արցախցի պաշտոնյաներին: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր «կամավոր հրաժարականի» համար այդպես էլ չներեց Քոչարյանին ու նրա աշխարհագրական ծագումնաբանության հետ կապ ունեցողներին, որոնց հանրահավաքների ժամանակ անվանում էր «մոնղոլ-թաթարներ»: Արցախցիների նկատմամբ ատելություն սերմանելու ու տարածելու գործը փայլուն շարունակեց Նիկոլ Փաշինյանը: Հիշենք, թե մարտի մեկին նա ինչպես էր հայտարարում, որ «էսա ղարաբաղցիներին հեռացնելու ենք Հայաստանից»: Հետագայում իշխանության եկած Փաշինյանն ավելի դաժան վարվեց արցախցիների հետ՝ նրանց դարձնելով տնավեր ու փախստական,  թողեց առանց տուն ու տեղի, զրկեց իրենց հայրենիից ու ողջ կյանքի ստեղծածից: 

Այդ ատելության քարոզի արդյունքում շատերի մոտ ձեւավորվել էր հայաստանցի զինվորին հաց, ջուր ու ծառի միրգ չտվող արցախցու կերպար: Մինչդեռ Հայաստանի սահմանամերձ շատ համայնքներում էլ, որտեղ զորամասեր կան, բնակիչները նույնպես բողոքում են, որ զինվորները իրենց ամբողջ տարվա բերք ու բարիքը փչացնում են. թաքուն մտնում են այգիները, առանց ափսոսանքի քաղում, թափում, տրորում, փչացնում: Այդ երեւույթը տեղացիներին էլ դուր չի գալիս:  Հայաստանի բոլոր մարզերում էլ կան տարբեր բնավորության՝ լավ կամ վատ, հյուրասեր կամ ոչ հյուրասեր, առատաձեռն ու ժլատ մարդիկ: Գուցե՝ արցախցիների մոտ ավելի ընդգծված է եղել ոչ այնքան դրական կողմերը: Արցախցիների նկատմամբ ոչ դրական վերաբերմունքի գեներացման մեջ մեծ դերակատարում են ունեցել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտոններ ստացած անբռնազբոս եւ ամենաթողության տիրույթում սավառնող արցախցիները: 
Այս օրերին, երբ արցախցիները տնավեր ու բնավեր եկել են Հայաստան, Հայաստանում շատերը մոռացել են նախկին որակումները, նախկին անջրպետերը, որոնք քարոզչական մեխանիզմներով առաջացել էին երկու հասարակությունների մեջ: Շատերը կամավոր լծվեցին մեր հայրենակիցներին օգնելու գործին: Եվ սա առիթ է միմյանց հետ ավելի սերտ շփվեու եւ ավելի լավ ճանաչելու իրար: 

Բռնագաղթված արցախցիների մեջ առաջին հատկանիշը, որը ակնհայտ ընդգծվեց հենց առաջին օրից, դա ընտանիքի, գերդաստանի համերաշխության, միմյանց մենակ չթողնելու հատկությունն է: Որքան էլ առաջին օրը ցանկացա երիտասարդ մայրերի իրենց երեխաների հետ բերել իմ տուն, որպեսզի երեխաները դրսում կամ մեքենայի մեջ  չգիշերեն, կանայք հրաժարվեցին իրենց ընտանիքի մյուս անդամներին՝ ամուսնուն, սկեսուրին, սկեսրայրին, տեգրոջ ընտանիքնին եւ մյուսներին վատ պայմաններում թողնել եւ իրենց ժամանակավոր բարեկեցությունն ապահովել: «Որքան էլ վատ է, պետք է բոլորս միասին լինենք»,-պատասխանում էին երիտասարդ մայրերը:

Մարդկանց մեջ նստած է նաեւ միմյանց կորցնելու ներքին մտավախությունը. Ուզում են ապրել իրար մոտ՝ հարազատներով, ընկերներով, ծանոթներով: 
Արցախցիներին բնորոշ է աշխատասիրությունը. վարձակալությամբ տուն փնտրելիս նախընտրում են հողամասով սեփական տուն, որպեսզի կարողանան գարնանը հողագործությամբ զբաղվել: Կացարանի հարցը լուծելուց հետո շատերն անցել են աշխատանքի: Տղամարդկանցից շատերն ամաչում են գալ սոցիալական օգնության ետեւից. դա համարում են արժանապատվությունից ցածր… 

Արցախցիներից շատերին ճանաչելուց հետո ցանկություն է առաջանում շարունակել նրանց հետ բարեկամությունն ու ընկերությունը: 
Իհարկե, այս բոլոր դրականի հետ միասին կան նաեւ մյուս ծայրահեղությունները. կան մարդիկ, դա հիմնականում ապահովված արցախցիերի մի հատվածն է, ովքեր մտածում են, թե Հայաստանն ու հայաստանցիները պարզապես պարտավոր են եղել ու հիմա էլ պարտավոր են իրենց պահել, կերակրել, խնամել, իրենց կարիքները հոգալ, քանի որ, ըստ նրանց, մինչեւ հիմա իրենք են պահել Հայաստանը: Նրանք այն մարդիկ են, ովքեր պատերազմներիի ժամանակ իրենց ընտանիքների հետ փախչում եւ գլուխ էին պահում Հայաստանում: Նրանք մեզ հետ խոսում են պահանջատիրոջ նման՝ «մուննաթով»: Նրանց մոտ չկա հայրենիքի ափսոսանքի զգացողություն, այլ միայն սեփական բարեկեցության կորստի մտահոգություն: Նրանցից շատերը մտածում են, որ Արցախը կորցրեցինք «նախկինների» մեղքով, «ռուսների» մեղքով, հայաստանցիների մեղքով, բայց, ոչ՝ Նիկոլի ու Արայիկի… …նման  արցախցիների նկատմամբ ցանկություն է առաջանում՝ նստեցնել մեքենաները եւ Հաքարիի կամուրջով ետ ուղարկել…անհասցե…

Իսկ մյուս արցախցիների նկատմամաբ իսկական հայը պետք է լինի հնարավորինս հոգատար, սրտացավ ու պետք է նրանց ոտքի կանգնելու հնարավորություն տա…