Փորձել է տեսնել Շուշան Փաշինյանին, հայտնվել է Մալաթիայի ոստիկանությունում

Փորձել է տեսնել Շուշան Փաշինյանին, հայտնվել է Մալաթիայի ոստիկանությունում

Մեզ պատմեցին, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տարօրինակ դեպք է տեղի ունեցել: Քաղաքացին քաղցրավենիքը ձեռքին մտել է կրթահամալիր` Նիկոլ Փաշինյանի դստեր` Շուշանի հետ ծանոթանալու նպատակով: Մեր տեղեկություններով` քաղաքացու նպատակը Նիկոլ Փաշինյանի «հետքի» վրա դուրս գալն է եղել: Քանի որ 3 միլիոն վարչապետներն այլեւս չեն կարողանում որեւէ կերպ մոտենալ ու շփվել 2018-ին իշխանության եկած վարչապետի հետ, այսպիսի զարտուղի ճանապարհներ են մարդիկ ընտրում։

Մեր աղբյուրը նշում է, որ քաղաքացու դեմն անմիջապես փակել են անվտանգության աշխատակիցները՝ թույլ չտալով, որ երեխային մոտենա։ Իսկ մի քանի րոպեից երկու մեքենա մտել են դպրոցի բակ եւ նրան իրենց հետ տարել են: Մենք կապ հաստատեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալրի տնօրեն Սուսան Մարկոսյանի հետ` տեղի ունեցածի մանրամասները ճշտելու նպատակով, վերջինս մեր հարցից զարմացավ, նշելով, որ նման տեղեկություն չունի, ավելին` առաջին անգամ է լսում, որ նման միջադեպ է եղել:

Չնայած տնօրենը հերքեց լուրը, սակայն մենք կապվեցինք միջադեպի «գլխավոր հերոսի»՝ դպրոց այցելած քաղաքացու հետ։ Նա հաստատեց մեր տեղեկությունը։ Ասաց, որ դեպքը տեղի է ունեցել անցած տարեվերջին։ Պատմեց, որ գնացել էր դպրոց, որպեսզի Փաշինյանի դստեր հետ փոխանցեր ինչ որ փաստաթղթեր եւ վարչապետը միջնորդեր, որ իր պաշտոնը բարձրացնեին։

Նշեց նաեւ, որ դրանից առաջ էլ փորձել էր հանդիպել Փաշինյանի որդու՝ Աշոտի հետ, սակայն չի ստացվել, եւ անգամ ՔՊ գրասենյակ է այցելել։ Այդ անգամ Շուշան Փաշինյանին մոտենալ չի հաջողվել՝ ոստիկաններն իրեն տարել են Մալաթիայի ոստիկանություն, ապա 3 ժամ պահելուց հետո բաց են թողել: Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ինքը զրույց է ունեցել դպրոցի տնօրենի հետ: Վերջինս հորդորել է քաղաքացուն այլևս դպրոցի տարածքում չերևալ: 

Այս խոսակցության ձայնագրությունը մեր տնօրինության տակ է, իսկ մարդու անունը չենք հրապարակում՝ նրան հարվածի տակ չդնելու համար։