Գուրգեն Ներսիսյանը Նիկոլ Փաշինյանի հետ այդքան էլ աղերս չունի

Գուրգեն Ներսիսյանը Նիկոլ Փաշինյանի հետ այդքան էլ աղերս չունի

Այսօր Արցախի նախագահը հանդես է գալու հատուկ ուղերձով, եւ, ամենայն հավանականությամբ, Ռուբեն Վարդանյանին փոխարինելու է ներկայիս գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։ Երեկ մենք այս թեմայով զրուցել ենք արցախցի գործիչ Արթուր Հայրապետյանի հետ։ Մեր հարցին, թե արդյոք այս թեկնածուի ընտրությունը Երեւանի՞ց է թելադրված, Փաշինյանի ուղղորդմա՞մբ է, Հայրապետյանն ասաց, որ, իր տեղեկություններով, Գուրգեն Ներսիսյանը Նիկոլ Փաշինյանի հետ այդքան էլ աղերս չունի․ «Ավելի շատ Արայիկ Հարությունյանի առաջարկով է գալիս պետնախարար»։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնից հեռանալուց հետո անելիքներին, նա հայտարարել է, որ մնալու է Արցախում եւ փորձելու է իր դիրքերը պահպանել։

Այս կադրային փոփոխությունները ստեղծված իրավիճակում կարո՞ղ են որեւէ դրական շարժի հանգեցնել։ «Անկեղծ ասած, ես ավելի շատ հակված եմ նրան, որ ոչ մի լավ բանի էլ չի բերելու, ոչ միայն նրա համար, որ այս մեկին փոխարինում են նրանով՝ անուն-ազգանուններն են փոխվում։ Փոխարենը հետպատերազմյան շրջանում ներքին համերաշխություն ձեւավորվի, եւ արտաքին մարտահրավերները լուծելու փորձեր կատարվեն, 2 տարի է՝ կառավարություն է փոխվում, եւ ավելի շատ ներքին պառակտումներ են առաջանում։ Ես՝ որպես քաղաքացի, առանձնահատուկ հույսեր չունեմ՝ ամենայն հարգանքով բոլորի հանդեպ։ Նախարարը, պետնախարարը, դատախազը կամ այլք չեն հարցը, հարցն այն է, որ ընդհանուր գաղափար չկա, համերաշխության գաղափար չկա։ Բոլորը խոսում են դրա մասին, ամպագոռգոռ հայտարարություն են անում համերաշխության մասին, բայց 120 հազար մարդ կա, բոլորը՝ լարված։ Այս մի նախարարին փոխարինում են էն մյուսով, ամեն նախարար իր փոխնախարարին է բերում, երկու տարի է՝ զբաղված են այդ փոփոխություններով, ինչպե՞ս դա կարող է արդյունք տալ»,- ասաց արցախցի գործիչը։

Արթուր Հայրապետյանի կարծիքով՝ հստակ ծրագիր, հստակ կողմնորոշվածություն չկա, թե ուր են գնում, ինչ են անում եւ ինչպես։ Ու չնայած բլոկադային, մարդիկ ավելի շատ հոգեբանական ճնշումն են ծանր տանում, նրանք պատրաստ են ֆիզիկական դժվարություններին, սակայն ուզում են հասկանալ՝ հանուն ինչի, որովհետեւ չգիտեն, թե ինչի համար են պայքարում․

«Համախմբվածություն չկա թեկուզ ամենակարեւոր հարցում, մեկն ասում է՝ ուզում եմ միանանք Հայաստանին, մեկն ասում է՝ ուզում եմ անկախ Արցախ լինի, մյուսը մեկ ուրիշ բան է ասում, անգամ այդ հարցում կոնսենսուս չկա, ու այդ հարցում առանձնահատուկ ակնկալիքներ չունեմ»։ Իսկ Արցախի հասարակությունն ինչպե՞ս է վերաբերվում Արայիկ Հարությունյանի կոչին՝ հանրային խորհուրդներ, կոմիտեներ ստեղծելու առաջարկությանը։ Հայրապետյանն ասում է՝ այս պահի դրությամբ Արցախում չկա մի կառույց, որը ժողովրդի կողմից հեղինակություն վայելի, եւ չի էլ կարծում, որ այդպիսի կառույցներ ստեղծելով՝ ինչ-որ նպատակի կհասնեն։ 

«Կոնկրետ անձերին չեմ ուզում անդրադառնալ՝ ամեն մարդ թող ինքը որոշի՝ ինչը ոնց, բայց չկա կայացած ինստիտուտ, դրա համար էլ օրը մեկը նման կառույց է ստեղծում։ Այս հարցի վերաբերյալ եւս ակնկալիքներ առանձնակի չունեմ, միեւնույն ժամանակ չի խանգարում, որ մարդիկ ակտիվ են, ամեն մեկը շահագրգիռ է երկրի ապագայով, չնայած չգիտեմ, թե ով ինչ պատճառով է դա անում, բայց անգամ Ազգային ժողովն իր տեղում չէ,  կառավարությունն իր տեղում չէ, նախագահի ինստիտուտն իր տեղում չէ, ո՞նց կարող են նման ինստիտուտները բեկումնային բաներ փոխել»,- եզրափակեց արցախցի գործիչը։