Նիկոլի սիրտը քաղաքացիական պատերազմ է ուզում

Նիկոլի սիրտը քաղաքացիական պատերազմ է ուզում

Գրող, դրամատուրգ Սամվել Խալաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ազգովի մաքրվել է պետք

Նիկոլի սիրտը քաղաքացիական պատերազմ է ուզում... կհավաքի, իհարկե, կհավաքվի զոմբիացած ամբոխի, ով թքած ունի, թե հայրենիքի զգալի մասը դավադրաբար թշնամուն է տրվել,

թքած ունի հազարավոր որդեկորույս մայրերի արցունքների ու անփարատելի վշտի վրա,

թքած ունի խեղված հազարավոր հայորդիների տառապանքի վրա,

թքած ունի, որ 18-20 տարի անց բանակը համալրողներ չի ունենալու, որովհետև հազարավորները հայր չդարձան, զոհվեցին դավաճան, արյունարբու գազանի մսաղացում,

թքած ունի, որ հազարավոր հայուհիներ հարսներ չեն դառնալու ու չեն մայրանալու, մնալու են տանը՝ իրենց անբախտությանը հլու,

թքած ունի , որ ժամ առ ժամ թանկացումներ են, անտերություն, մարդիկ ընտանիքի, աշխատանքի, երեխա սիրել-դաստիարակելու բերկրանքը վայելելու փոխարեն օտարության ճանապարհն են բռնում՝ սովից չկոտորվելու համար...

Ամբոխը դա չի գիտակցում: Նա, մեր ժողովրդի մի մասնիկը լինելով, նույն տառապանքները կրելով, շեղված է Նիկոլի ստահոդ ճառերից, ով նրան ատելություն է ներարկում յուրայինների դեմ և ամբոխին թվում է, թե երկնքից իջած փրկչի է սատարում:

Ամբոխը չի գիտակցում, որ իր ազգի անվանի գիտնականները, արվեստի, մշակույթի վաստակաշատ գործիչները, հայոց եկեղեցին, հայրենասեր զորահրամանատարները, հրաշքներ գործող բժիշկները, իր երեխաներին կրթող գիտակից մանկավարժները՝ ԱԶԳԻ ՍԵՐՈՒՑՔԸ, երկրի ու ժողովրդի, պետականության պահպանման խոր մտահոգությամբ ասում են՝ Նիկոլ, հեռացիր: Ամբոխը Նիկոլի պաշտպանն է, չգիտակցելով, որ իր անունն էլ է գրում դավաճանների ցուցակում: Նա թքած ունի իր ժողովրդի նվիրական արժեքների վրա:

Սթափվեք, նիկոլապաշտներ, դուք կուռք եք պաշտում, Աստված չի ների ձեզ:

Սթափվեք, ձեր երեխաները, ժողովուրդը, եկող սերունդները չեն ներելու ձեզ:

Պատմությունը մեծ դասագիրք է, բացեք դրա էջերից գոնե մեկը, որի հեղինակը հայ մեծանուն վիպասան Րաֆֆին է և կիմանաք, թե ո՞ւմ վրա և ինչի համար են թքում: Կարդացեք այս հատվածը. «Արծվանիկից շատ հեռու չէ այդ ավանի գերեզմանատունը, որ ունի առանձին եկեղեցի։ Մի նեղ ճանապարհ տանում է դեպի ննջեցյալների հանգստարանը։ Այդ ճանապարհի մի կողմում, մենավոր կաղնի ծառի հովանիի տակ, կա մի առանձնացած գերեզման, որի վրա ձգած է մի հասարակ քար առանց խաչի և արձանագրության։ Ինչո՞ւ է նա առանձնացել, ինչո՞ւ է նա բացակա հասարակաց գերեզմանատնից, որ հեռու է նրանից մի հարյուր քայլով միայն։

Այդ գերեզմանը, թեև արհամարհված է մարդերից, բայց նրանցից մոռացված չէ։ Հասարակաց գերեզմանատունը տեղ չտվեց նրան իր հասարակության մեջ։ Բայց ամեն անգամ, երբ քահանան անցնելով նրա մոտից, գնում է ննջեցյալների հանգիստը օրհնելու, — ամեն անգամ, երբ տոհմայինները գնում են իրանց հարազատների շիրիմների վրա խունկ ծխելու, աղոթելու, — ամեն անգամ, երբ մշակը գնում է դաշտը վար վարելու, նրանք անցնում են այդ մենավոր գերեզմանի մոտով, անցնում են թքելով նրա վրա և անեծք կարդալով։

Այն օրից, որ այդ գերեզմանը գոյություն ունի, անցել է մեկ ու կես դար, բայց ժողովուրդը դեռ չէ ներել նրան։ Ժողովուրդը միշտ անիծում է նրան։ Հարցրու պատահած մարդից, թե մանուկ կլիներ նա և թե ալևոր, — ումն է պատկանում այդ նզովյալ գերեզմանը։ Նա քեզ կպատասխանե․

–Դա մելիք Ֆրանգյուլ դավաճանի գերեզմանն է․ հենց այստեղ սպանեցին նրան, այստեղ էլ թաղեցին։ Նրա դիակը թույլ չտվեցին թաղել հասարակաց հանգստարանում, ննջեցյալների հանգիստը չպղծելու համար»։

Հ.Գ. Այս բոլորով հանդերձ, երբ ընդդիմության հանրահավաքի հայրենասերների կուռ շարքերի առջևում ժամանակ առ ժամանակ կայծկլտում են ոմանք, որոնց նկատմամբ, մեղմ ասած, ժողովուրդը կորցրել է իր հարգանքն ու վստահությունը, ահագնանում և ճշմարտացի է հնչում հազարավորների թևաթափ տարակուսանքը, թե՝ սրա՞նք են գալու իշխանության...

Ազգովի մաքրվել է պետք»: