Մի գաղտնիք բացեմ՝ առհասարակ չեմ հետևում վարչապետի անլուրջ կոչերին

Hraparak.am-ը ամանորյա բլից-հարցազրույց է անցկացրել Երևանի ավագանու ամենասկանդալային անդամ Թեհմինա Վարդանյանի հետ։
-Ինչպե՞ս դիմավորեցիք Ամանորը՝ Հրապարակո՞ւմ, ինչպես հորդորել էր վարչապետը, թե՞ տանը, ընտանեկան միջավայրում։
-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում։ Իհարկե տանը՝ ընտանիքի հետ։
-Ինչպիսի՞ն էր Ձեր ամանորյա սեղանը, դարձյալ հետևե՞լ եք վարչապետի հորդորին՝ հրաժարվել բուդ ու բլինչիկից, թե՞ նշել եք ավանդական տարբերակով։
-Մի գաղտնիք բացեմ՝ առհասարակ չեմ հետևում վարչապետի անլուրջ կոչերին։ Այդ տարիքից վաղուց անցել եմ և ինքս եմ որոշում՝ ի՞նչ, որտե՞ղ և ե՞րբ։ Ամանորը ամենաընտանեկան տոնն է և նշել եմ ավանդական՝ իր բոլոր բաղադրիչներով։
-Ի՞նչ բարեմաղթանքներ եք ստացել այս տարի։ Ո՞րն է ամենատպավորիչ մաղթանքը, որ հղել են Ձեզ։
-Ինձ համար միշտ ամենատպավորիչը մորաքրոջս՝ Գայանեի մաղթանքն է։ Կապ չունի՝ ծնո՞ւնդ է, թե՞ Ամանոր։Նա ամեն տարի զանգում է ու ասում՝ ասացի, ես էլ խելոք ասում եմ՝ լսեցի։ Կարճ, համառոտ ու բովանդակալից։ Եվ, որ ամենակարևորն է, ինձ ինչ պետք է շարադրում եմ դրա տակ։
-Ձե՞զ էլ են պարտադիր մաղթում՝ «էս տարի ամուսնանաս»։
-Եթե բարեմաղթանքը սկսվում է՝ դե էս տարի․․․ շարունակությունն էլ չեմ լսում։
-Ի դեպ, կարո՞ղ է այս տարի իսկապես ամուսնանաք։
-Եթե գտնվի այն տղամարդը, ով ինձանից ուժեղ կլինի տեսակով և իմ կամակորությունների հետ հաշվի կնստի՝ գուցե և։ Կարևորը խելացի, իսկ ամենակարևորը հումորով։ Բայց հակված չեմ, որ կհայտնվի։
-2019-ի տարեմուտին Ձեզ քաղաքապետարանում առաջարկություն արեցին։ Իսկ այս տարի սիրո խոստովանություններ հասցրե՞լ եք ստանալ։
-Մեղքս ինչ թաքցնեմ, այո։ Եվ ոչ մեկ անգամ։
-Ինչպիսի՞ քաղաքական տարի եք կանխատեսում, արդյոք 2020-ին ավելի թեժ են անցնելու Երևանի ավագանու նիստերը, քան 2019-ին։
-Չեմ ուզում կանխատեսել, ուզում եմ ուղղակի քաղաքական հասունություն մաղթել քաղաքապետին և իր թիմին՝ ավագանու անդամներով հանդերձ։ Ավագանու նիստերի մթնոլորտն էլ կախված է նիստը վարող անձի հասունությունից։ Չնայած վերջին նիստին էլ Զորրոյի անորակ պատենտ էր հայտնվել։ Ընդդիմությանն էլ մաղթում եմ համբերություն։ Այն մեզ իսկապես պետք է։
-Ո՞րն է Ձեր գլխավոր ակնկալիքը առնետի տարուց։
-Որ որոշ «առնետներ» կլինեն ինքնաբավ և քիչ կկրծեն ինձ։
Կարծիքներ