Այս իշխանություններն ամեն ինչ անում են արցախցիներին Հայաստանից դուրս բերելու համար․ Սոֆյա Հովսեփյան 

Այս իշխանություններն ամեն ինչ անում են արցախցիներին Հայաստանից դուրս բերելու համար․ Սոֆյա Հովսեփյան 

Արցախի բռնի հայաթափումից հետո Հայաստանի հանրային դաշտը զբաղված էր արցախցիների տեղավորման, աջակցություն ցուցաբերելու հարցերով, մինչ Նիկոլ Փաշինյանը Եվրամիության հարթակներից այս բոլոր աշխատանքները վերագրում էր իրեն եւ իր կառավարությանը։ Սակայն 9 ամիս տևած շրջափակման ու փաստացի սովահարության, պատերազմների ու սեպտեմբերի 19-ի գաղթի հետևանքով արցախցիները շատ խնդիրներ ունեն, որոնց մի չնչին մասն էլ չի լուծվել: 

Հատկապես արցախցի երեխաները հոգեբանական խնդիրներ են ձեռք բերել։ Այդ մասին բարձրաձայնում են արցախցիների հետ աշխատող, նրանց կարիքները գնահատող կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ահազանգում են, որ երեխաներից շատերը բարձր ձայների նկատմամբ խիստ զգայուն են դարձել, մղձավանջներ են անընդհատ տեսնում, նույնիսկ դեպք կա, երբ երեխան վախենում է դպրոցի զանգի ձայնից ու չի կարողանում դպրոց հաճախել։ 

Այս երեխաների ու ընդհանրապես` Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հետ պետք է աշխատեին հոգեբանները՝ փորձեին փարատել նրանց հոգեբանական տրավմաները, սակայն պատկան մարմինների գործունեությունը արցախցիների ուղղությամբ սահմանափակվում է միայն փոքրիկ դրամական օժանդակության տրամադրումով, որի ստացումը ևս խնդրահարույց է արցախցիների համար։ 

Սոֆյա Հովսեփյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այդ ամենը չէր կարող անհետևանք մնալ ու այդ հետևանքները ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների դեպքում ևս կա և բավականին երկարատև աշխատանքի կարիք ունի։ Բավականին բարդ է ասել, թե քանի այդպիսի հոգեբանական խնդիրներ ունեցող երեխա կա, քանի որ կարիքների գնահատում պետք է արվի, սակայն ամենապարզ դիտարկումներն էլ խոսում են այն մասին, որ յուրաքանչյուր երեխա ունի աջակցության կարիք։ 

«Այն, ինչ տեղի է ունեցել՝ յուրաքանչյուր երեխայի վրա ծայրահեղ հետևանք է թողել, հատկապես որ երեխաների հետ դեռևս 2020 թվականին տեղի ունեցածը և 2023 թվականին տեղի ունեցածը՝ շարունակություն որպես, արդեն կար հետտրավմատիկ սթրես և 2023 թվականին եղածը համալրեց իրենց վախերն ու սթրեսները։ Բնական է, որ այստեղ դիտարկել, թե որ երեխան կարիք չունի՝ չես կարող, որովհետև բոլոր երեխաները, բոլոր մեծահասակներն ունեն աջակցության կարիք։ Դրան գումարվում է հայրենազրկումը, որ ամեն երեխա իր միջավայրում է իրեն ավելի կոմֆորտ զգում, փաստացի այդ երեխաներից ոչ ոք այսօր հնարավորություն չունի իր կոմֆորտ զոնայում լինել և արդեն իսկ մենք լրջագույն խնդրի առաջ ենք կանգնած` հարմարվելու, սկսած թե բարբառից, մինչև անգամ ֆիզիկական հարմարությունները»,-ասաց Հովսեփյանը։ 

Վերջինս շեշտեց, որ շատերը այս իրողություններից հետո ստիպված են լքել հայրենիքը և երկակի հայրենազրկման մշտական վտանգն ու վախերն էլ են գումարվում արդեն իսկ եղած լրջագույն հոգեբանական տրավմաներին։ Ցանկացած սթրես և հոգեբանական խնդիր, որը չի հաղթահարվում, վերածվում է և մարմնական, և հոգեբանական ծանր խնդիրների ու հետևանքների։ Բնական է, որ չեն կարող այս խնդիրները անհետևանք մնալ և ինչ-որ տեղից, ինչ-որ մի օր դուրս է գալու։ Առողջական բազմաթիվ խնդիրներ, քաղցկեղային խնդիրներ ու պսիխոսոմատիկ խնդիրներ կարող են առաջանալ, որոնց հետևանքներն անդառնալի են։ Ստեղծված իրավիճակը ծայրահեղ ծանր է՝ կարծում է Հովսեփյանը, անդրադառնալով պետական աջակցությանը, քանի որ շատ-շատերը կամ մասնակի են այդ աջակցությունը ստացել, շատերն էլ չեն ստացել՝ տարբեր անհասկանալի պատճառաբանություններով։

«Բարդագույն մի համակարգ` նախ լրացնելու տեսանկյունից, որ մարդիկ դժվարությամբ են լրացնում և արդյունքում սխալվելու դեպքում կրկնելու խնդիր կա, դրանք տեխնիկական հարցեր են, որ շաբաթներով, ամիսներով մարդկանց քաշում են աջ ու ձախ, երկրորդը` տարբեր արհեստական խոչընդոտներ են առաջ քաշում, իբր Հայաստանում գրանցում ունի, համասեփականատեր է եղել, այս է եղել, այն էլ եղել։ Փաստացի դրանցից որևէ մեկը որևէ բան չունի, մարդիկ ստիպված ճամպրուկները վերցրած գնում են Հայաստանից, երրորդը, որ թոշակները, նպաստները` ոչինչ չեն տալիս։ Ստիպում են մարդկանց գրանցվել, ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որ կարողանան նպաստ, թոշակ ստանալ՝ երեխայի խնամքի գումար ստանալ, այսինքն, սա նույնպես իրավիճակը ծանրացնող գործոն է։ Մարդիկ չեն հասկանում` գրանցվե՞ն, թե՞ կորցնեն իրենց քաղաքացիությունը, չեն հասկանում, թե հետագայում ինչ կլինի իրենց հետ, իրենց վիճակը որևէ մեկը չի հասկանում։ հազարավոր նմանատիպ հարցեր, հազարավոր նմանատիպ խնդիրներ, որոնք հետագայում թե ինչ հետևանք կունենան, որևէ մեկը չի հասկանում։ Գործող իշխանությունը փաստացի ամեն ինչ անում է Հայաստանից արցախցիներին դուրս բերելու և հերթական աշխարհասփյուռ սփյուռքը հարստացնելու ուղղությամբ»,-եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը։