«Հրապարակ». Սամվել Բաբայանը չի լռելու, բանը հասնելու է քաղաքացիական պատերազմի

«Հրապարակ». Սամվել Բաբայանը չի լռելու, բանը հասնելու է քաղաքացիական պատերազմի

Շուրջ 270 օր ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախն Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո նոր իրավիճակում է հայտնվել: Արցախի խորհրդարանի 5 ուժերից 4-ը նախագահի պաշտոնի համար առաջարկել են մի քանի օր առաջ պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։ Մինչև Արայիկ Հարությունյանի հրաժարականը գործող Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը մեզ հետ զրույցում հայտարարում է՝ Սամվել Շահրամանյանի՝ նախագահ ընտրվելու դեպքում «արյուն կթափվի»։  

- 4 օրից Արցախի ԱԺ-ն ընտրելու է նոր նախագահ։ Խորհրդարանական ուժերը թեկնածուի հարցում համաձայնության են եկել` առաջարկել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։ Նրա անձը որքանո՞վ է ընդունելի նաեւ արտախորհրդարանական ուժերի համար։

- Սամվել Շահրամանյանը վատ տղա չի, խնդիրը նրանում է, որ Բակոյենց, Արկադիենց, Արայիկենց թեկնածուն է։ Էս տղուն էլ են կրակը գցելու, ես վստահ եմ՝ 15-20 օր է այդ պաշտոնին մնալու։ Համոզված եմ՝ նրա ընտրության օրը բախումներ են լինելու, որի պատասխանատվությունն ամբողջովին Արայիկ Հարությունյանի, «Ազատ հայրենիքի» եւ մնացած կամակատարների վզին է։ Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերին՝ ԱԺ-ում նստած են պատերազմից հետո ամենակեղտոտ ընտրությունների արդյունքներով ընտրված պատգամավորներ, որոնց 99 տոկոսը կամակատարներ են։ Պատերազմի ժամանակ նկուղներից դուրս չեն եկել, հիմա դուրս են գալիս՝ մեզ համար նախագահ ընտրելու։ Ի՞նչ լեգիտիմություն պիտի ունենա նրանց ընտրած նախագահը։ 

- Ո՞վ է Ձեր թեկնածուն, ո՞ւմ ընտրվելու դեպքում արշալույսները, Ձեր կարծիքով, կխաղաղվեն։

- Արայիկ Հարությունյանի հրաժարականը շատ հրատապ տեղի ունեցավ, դրսից այլ ուժեր վերջնագրով են հետը խոսել, ստիպված էր հեռանալ։ Ես դրա մասին չեմ խոսի, թող ինքը խոսի։ Մենք Արցախում հիմա շատ լուջ խնդիր ունենք՝ ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր մարմինը լեգիտիմ չէ։ Պատերազմից հետո որեւէ մեկը նրանց լուրջ չի վերաբերվում․ զրո վստահություն ունեն ժողովրդի կողմից։ Այս մարդիկ հիմա մի քանի հոգով պիտի նախագահ ընտրեն։ Ես առաջարկել եմ՝ հաշվի առնել 2020 թ․ ընտրությունների արդյունքները եւ հնարավորություն տալ 2-րդ փուլ անցած թեկնածուին՝ Մասիս Մայիլյանին։ Նա տրամաբանական թեկնածու է։ Ցանկացած այլ անձի ընտրության դեպքում Արցախում հայի արյուն կթափվի։ Սամվել Շահրամանյանին լոբբինգ են անում Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը։ Մեր պատգամավորները միշտ էլ անսկզբունքային են եղել, մենակ թե աթոռին վեր ընկած լինեն։ Ես Ձեզ հավատացնում եմ՝ բանը հասնելու է քաղաքացիական պատերազմի։ 

- Իսկ Դուք ո՞ւմ հետ եք հանդիպել, ներկայացրե՞լ եք Ձեր առաջարկները, Սամվել Բաբայանի հետ հանդիպե՞լ եք։

- Այսօր «Ազատ հայրենիքի» ղեկավարի հետ եմ հանդիպելու, վերջնական զգուշացնելու եմ, որ ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա է։ Երկու օր անընդմեջ հանդիպել եմ Սամվել Բաբայանի հետ, հայտնել եմ իմ մտավախություններն ու մտահոգությունները։ Բաբայանն ուզում է առաջադրվել, թեպետ օրենքի խնդիր կա։ Իրենց խումբն ասում է՝ ամեն ինչ անելու են օրենքի դաշտում։ Ես իրենց էլ եմ ասել, որ պետք է առաջնորդվել ընտրությունների արդյունքներով։ 

- Դուք նշեցիք, որ արտաքին ուժերի՝ օղակը սեղմելու արդյունքում հրաժարական տվեց Արայիկ Հարությունյանը։ Այդ ուժերը թույլ կտա՞ն, որ Արցախի ժողովուրդն ինքնուրույն որոշի, թե ով լինի երկրի նախագահը։

- Ռուսաստանին պետք է, որ լինի մի մարդ, որը կկատարի իրենց հրամանները, այդ մարդը Շահրամանյանն է։ Բակոն ու Արկադին ռուսի ճտերն են։ Ինձ ճիշտ հասկացեք, հարցն այն չէ, որ ես ռուսին դեմ եմ, ինձ համար ի՞նչ տարբերություն՝ ով է առաջարկ անում։ Ռուսաստանի առաջարկը մենք տեսել ենք, թե որն է․ Լավրովի փաստաթղթում որեւէ հայանպաստ կետ չկա։ Այն վերից վար ինտեգրացիայի մասին է, ինչը մեզ համար անընդունելի է։ Էս հավի ճտերը տոտալ կախված են ռուսներից։ 

- Ինչո՞ւ եք համոզված, որ Շահրամանյանի ընտրվելու դեպքում բախումներ կսկսվեն։

- Որովհետեւ Սամվել Բաբայանը չի լռելու։ Այս պահին մեր ժողովրդի մեծ հատվածը Բակոյին դեմ է, ու դուրս են գալու ոչ թե Բաբայանին օգնելու, այլ Բակոյին դեմ արտահայտվելու։

- Ի՞նչ կարծիքներ կան Ադրբեջանի առաջարկած՝ Աղդամով հումանիտար բեռ Արցախ բերելու վերաբերյալ, ի՞նչ եք կարծում՝ իշխանությունները տեղի կտա՞ն այդ առաջարկին՝ հաշվի առնելով ստեղծված աղետալի վիճակը։

- Ես չեմ ուզում շատ չակերտներ բացել, ամեն ինչ կապ ունի արտաքին գործընթացների հետ։ Ցավում եմ, որ ներքաղաքական խաղացողներն այնքան տհաս են, որ փորձել են Արայիկ Հարությունյանին ճնշել՝ Աղդամով բեռ ստանալու հարցի շուրջ։ Հիմա նրանք թակարդում են հայտնվել, որովհետեւ ով էլ գա իշխանության, Ալիեւն այդ պայմանը դնելու է դեմը։ Սրանք ներքաղաքական խաղերի պատճառով հասել են նրան, որ Ադրբեջանը սահմանին զորք է կուտակել ու պատրաստվում է հարձակման։

- Ինչո՞վ եք պայմանավորում այդ կուտակումները հենց նախագահի ընտրության օրերին, դա ճնշո՞ւմ է։ 

- Շատ շուտով Ալիեւը վերջնագրով է խոսելու իշխանությունների հետ, եթե չկատարեն՝ պատերազմ է սկսվելու, որովհետեւ ներքաղաքական խաղերի պատճառով մենք բաց ենք թողել Լաչինի միջանցքը բացելու մեր բոլոր շանսերը։ Ժողովրդին ահաբեկում են, թե թուրքը մտնելու է, եթե քաղաքացիական անհնազանդություններ չսկսվեն։ 25 տարի խաբել են, ով մի բան խոսել է, ասել են՝ թուրքի ջրաղացին ջուր ես լցնում։ Հիմա էլ են անում, որ ժողովուրդը չփորձի դեմ դուրս գալ իշխանությունների նախագահի թեկնածուին։

Լիա Սարգսյան