«Հրապարակ». Գլխավոր դատախազը գրությամբ կդիմի՞ ԲԴԽ

«Հրապարակ». Գլխավոր դատախազը գրությամբ կդիմի՞ ԲԴԽ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ցույց է տալիս, որ պատրաստ է յուրայիններին պատժել, եթե նրանք սխալներ են գործել։ Երեկ հաղորդեցին, որ կարգապահական վարույթ է հարուցվել 2 դատախազի վերաբերյալ։ Նրանցից մեկն Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազության աշխատող է, մյուսը՝ կայազորային դատախազության։ Վարույթով պարզվել է, որ դատախազներն «առաջին անգամ ոչ մեծ հանցանք կատարած մեղադրյալների նկատմամբ, առանց բավարար հիմքի, ազատազրկման ձեւով պատիժ են նշանակել»: 
Կողքից նայողի վրա Վարդապետյանը կարող է անաչառ դատախազի տպավորություն թողնել։ Մարդիկ կմտածեն՝ ահա այսպիսին պետք է լինի իսկական գլխավոր դատախազը, նույնիսկ դատախազներից հանիրավի տուժած մեղադրյալներին պետք է պաշտպանի։ Ճիշտ է, անուններ չի հրապարակում՝ ո՛չ մեղավոր դատախազների, ո՛չ էլ նրանց գործողություններից տուժած մեղադրյալների։ Դատախազութունը հավատարիմ է իր որդեգրած «ասել այնպես, որ ոչինչ չասել» սկզբունքին։ Կարեւորը երեւույթն է, այսինքն՝ փիառը։

Մենք պարզեցինք, որ գործն առնչվում է հանիրավի մեղադրված զինծառայողի։ Հանրային մեղադրողն արարքը սխալ է որակել, հոդվածը սխալ կիրառել, ազատազրկման ձեւով պատիժ է պահանջել, ու հետաքրքիրն այն է, որ մեղադրյալն էլ, մեր տեղեկություններով, կրել է պատիժը։ Այլ կերպ ասած՝ նրա ճակատագրում այլեւս ոչինչ չես փոխի, ու դատախազներին հայտարարված նկատողությունը շատ փոքր փոխհատուցում է անմեղ մարդու` ճաղերի հետեւում անցկացրած ժամանակի համար։ 

Դատախազությունից հրաժարվում են հայտնել, թե խոսքը որ գործի մասին է, եւ ինչքան է նստել հանիրավի մեղադրված անձը։ Իհարկե, դատախազը պատիժ նշանակող չէ, ընդամենը պահանջողն է, ազատազրկումը սահմանում է դատարանը: Բայց սա դատախազության տարածած հաղորդագրության միակ սխալը չէ։ 

Բանն այն է, որ մեղադրյալի համար պատիժ պահանջելը դատախազի հայեցողությունն է, իսկ վերջնական պատիժը նշանակում է դատարանը, հետեւապես՝ դատարանն է նաեւ վերջնական պատասխանատուն անձին առանց հիմքի ազատազրկելու համար։ Ի՞նչ է ուզում ասել Աննա Վարդապետյանը։ Որ սրանից հետո պատիժ պահանջելիս դատախազներն իր հե՞տ համաձայնեցնեն դրանք, որ պատիժ պահանջելը եւ դատավճիռ արձակելը նույն բա՞նն են։ 
Մեկ այլ ասպեկտ էլ կա։ Ո՞վ է որոշել, որ անձն ազատազրկված  է առանց հիմքի, Աննա Վարդապետյա՞նը։ Կա՛մ նա քննարկում է դատարանի որոշումը, ինչի իրավունքը չունի, կա՛մ էլ ամբողջ ճշմարտությունը չի ներկայացվում հանրությանը, եւ կա այլ, ավելի բարձր դատարանի որոշում, որի մասին, չգիտես ինչու, չեն ցանկանում հայտարարել։
Մեր տեղեկություններով՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ամենայն հավանականությամբ, շուտով այս դեպքով գրություն կուղարկի Բարձրագույն դատական խորհուրդ, եւ դատավորին եւս պատասխանատվության կենթարկեն։ Չի բացառվում, որ այս ողջ բազմաքայլ օպերացիան հենց այդ նպատակով է արվել` հերթական դատավորին լիազորություններից զրկելու համար։ Սպասենք ԲԴԽ-ի նորություններին։