«Հրապարակ». Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել օդանավ բարձրանալ

«Հրապարակ». Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել օդանավ բարձրանալ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը հուլիսի 3-ին եռօրյա այցով մեկնել է Վարշավա՝ Լեհաստան։ Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը, ում, սակայն, թույլ չեն տվել օդանավ բարձրանալ, որովհետեւ ՍԷԿՏ-ը փակ է` երկրից դուրս գալու իրավունք չունի: Օդանավակայանում են իմացել այդ մասին, մինչդեռ ԱԺ-ն հոգացել էր նրա տոմսերի, հյուրանոցի եւ մյուս այլ ծախսերը: Գործուղումից մի քանի օր առաջ պատգամավորը հավաստիացրել է աշխատակազմին, որ դատարանը թույլատրել է իր ելքը, որ այդ մասին իր փաստաբանն է իրեն փոխանցել։

Գեւորգյանը, հիշեցնենք, անցնում է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն քրեական գործով եւ արդեն մի քանի տարի է՝ «դատվում» է, ու ամեն գործուղումից առաջ դատարանը սահմանը հատելու թույլտվություն է տալիս։ Այս անգամ էլ, պարզվում է, դատարանը որոշում է կայացրել, բայց չեն հասցրել մուտքագրել համակարգ, եւ օդանավակայանում այն չի երեւացել: Թռիչքը եղել է ուշ ժամի` չեն կարողացել տվյալների փոխանցման կենտրոնի աշխատողներին քնից հանել կամ համակարգը ռեսթարթ անել, եւ Գեւորգյանն օդանավակայանից հետ է դարձել:

Մենք տեղեկացանք, որ Գեւորգյանի պատճառով թռիչքն ուշացել է, հետո էլ սպասել են, որ պատգամավորի` «բագաժ» հանձնված ուղեբեռը հետ բերեն։ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաստատեց, որ Գեւորգյանը չի մեկնել պատվիրակության հետ։ Հավելեց, որ նա նախապես ԱԺ-ին հավաստիացրել էր, որ ունի թույլտվություն, իսկ մյուս հարցերի վերաբերյալ Գեւորգյանն ինքը պարզաբանում կտա։