Այս պահին, կարծում ենք՝ երկու տասնյակ նոր գերիներ կան․ Սիրանույշ Սահակյան

Այս պահին, կարծում ենք՝ երկու տասնյակ նոր գերիներ կան․ Սիրանույշ Սահակյան

«Հրապարակի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը։

- Ադրբեջանը այս էսկալացիայից մի քանի օր առաջ 5 հայ գերի վերադարձրեց հայկական կողմին։ Խոսվում էր այն մասին, որ որևէ միջնորդություն չի եղել` դա բարի կամքի դրսեւորում է։

- Իրականում միջնորդություն եղել է Եվրոպական միության կողմից։ Եվ դա Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների հետ հայ ղեկավարների հանդիպմանը հաջորդեց։ Ակնհայտ է, որ կապ ունի ԵՄ միջնորդության հետ, բայց կար նաև այլ զարգացում՝ դա Բերձորի և Աղավնոյի բնակավայրերի հանձնումն էր Ադրբեջանին։ Այսինքն, կար քաղաքական պահանջի բավարարում, և, որպես կանոն, այդ պահանջների բավարարմանը կարող են հաջորդել մարդասիրական քայլեր միջազգային գործընկերների միջնորդությամբ։ Կարծում եմ, որ երկու զարգացման հետ էր կապված փոքրաթիվ գերիների վերադարձը։

- Այս պահին քանի հաստատված գերի ունենք Ադրբեջանում։ Ի՞նչ փուլում են նրանց նկատմամբ դատական գործընթացները։

- Մինչև այս նոր պատերազմական գործողությունների իրականացումը կար հաստատված 33 գերի, բայց այս թիվը ակնհայտորեն փոքր է, և չի արտացոլում իրական թվերը, հավելյալ 80 անձ գերեվարված է եղել Ադրբեջանի կողմից՝ ուղղակի նրանք ենթարկվել են բռնի անհետացման։ Ակտիվ հաղորդակցության փուլ է։ Գրավոր փաստաթղթեր են փոխանակվում դատարանի միջնորդությամբ կողմերի միջև և կողմերը դիրքորոշումներ են հայտնում իրավական հարցերի, փաստերի և ապացույցների վերաբերյալ։ Բոլոր ներկայացված գործերը գրանցված են, ընդունելության չափանիշները հաղթահարված են և այս պահին ընթանում են ուղղակի գրավոր ընթացակարգով դատավարությունները։

- Երեկվանից Ադրբեջանը Հայաստանի սահմաններին  նոր պատերազմ Է սկսել։ Ունենք նոր գերիներ։ Դուք ինչ տեղեկատվություն ունեք` այս պահի դրությամբ հաստատված քանի՞ նոր գերի ունենք։

- Այս նոր միջադեպերով պայմանավորված, բնականաբար, կան գերիներ։ Դրանք տասնյակը գերազանցում են։ Տեսանյութերն ուսումնասիրվում են և նույնականացման աշխատանքներ են այս պահին ընթանում՝ պետական կառույցների կողմից և նաև փաստահավաքություն իրակացնող մարդու իրավունքների պաշտպանների կողմից։ Կարմիր Խաչը ևս տեղեկատվություն հավաքագրում է՝ հարազատների դիմումի հիման վրա։ Դրա համար բոլոր այն անձինք, ովքեր ճանաչում են տեսանյութերում իրենց զավակներին, հարազատներին, պետք է այս տեղեկատվությունը փոխանցեն նաև Կարմիր խաչին։ Եթե չկան անձի մասին տեղեկություններ՝ ևս պետք է այդ տեղեկատվությունները փոխանցվեն Կարմիր խաչին և իրավապաշտպան կառույցներին։ Այս պահին մենք կարծում ենք, որ շուրջ  երկու տասնյակ գերիներ կան։

- Ինչ միջոցառումներ են իրականացվում այս պահին գերիների ուղղությամբ։

- Այս աշխատանքներում ներգրավված է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի ղեկավարությամբ։ Անհապաղ միջոցների վերաբերյալ խնդրագրեր ուղարկվել են։ Մենք ևս տեղեկություններ ենք ստանում հարազատներից, իրականացնում ենք նույնականացումը և անհատական գանգատների շրջանակներում ևս ներկայացնում ենք գերիներին։

-Այս պահին գտնվում եք Վաշինգտոնում։ Անձնական այց է, թե ինչ որ ծրագրով։

- Այո, այս գործերի հետ կապված եմ գտնվում Վաշինգտոնում։ «Armenian National Committee of America»-ի մասնակցությամբ տարբեր հանդիպումներ են նախատեսված բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որտեղ բարձրաձայնում ենք մարդասիրական խնդիրները և նաև ուժի գործադրումը Հայաստանի և Արցախի նկատմամբ։