«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ամենաուշը մինչեւ աշուն պետք է դիմել՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ամենաուշը մինչեւ աշուն պետք է դիմել՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար

Անցած շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանն այցելեց խորհրդարան եւ հանդիպեց կուսակիցների հետ։ ՔՊ խմբակցության մեր աղբյուրները չեն թաքցնում, որ թիմում տագնապած են այն հեռանկարից, որ Հայաստանը կտրուկ քայլեր է ձեռնարկում՝ արտաքին քաղաքական կուրսը փոխելու նպատակով։ Բանն այն է, որ անցած ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը լայն կազմով հանդիպում է ունեցել Ազգային ժողովում։ Չնայած դրանից օրեր առաջ արդեն իսկ հանդիպել էր ու ներկայացրել մյունխենյան եւ փարիզյան հանդիպումների արդյունքները, սակայն հաշված օրեր անց  թիմին հաղորդել էր, որ նոր հանդիպման անհրաժեշտություն է առաջացել։

Փակ քննարկմանը ներկա են եղել ոչ միայն ՔՊ խմբակցության պատգամավորները, այլ նաեւ նախարարներ, անվտանգության խորհրդի քարտուղարը, կուսակցության վարչության անդամներ։ Օրակարգում եղել են ՀՀ-ի կողմից Եվրամիության անդամի թեկնածու դառնալու գործընթաց սկսելուն առնչվող հարցերը։ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ Արեւմուտքը պահանջում է գործնական քայլեր՝ Ռուսաստանից անջատվելու, տարածաշրջանից հեռացնելու ուղղությամբ, իսկ Հայաստանին ստեղծված իրավիճակում այլ բան չի մնում, քան կատարել Արեւմուտքի պահանջները, քանի որ ՌԴ-ն վաղուց երես է թեքել մեզնից։ Մեզ պատմեցին, որ Փաշինյանը, մինչ լայն կազմով հավաքը, նեղ «կռուգում» է քննարկել հարցը: Պատահական չէ, որ անցած հինգշաբթի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թեման «անոնսեց» լրագրողների հետ ճեպազրույցում՝ հայտարարելով, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ ու շարժվել այն ուղղությամբ, որը Հայաստանի համար կապահովի առավելագույն անվտանգություն, եւ կրկին հակառուսական հայտարարություններ արեց։

Մինչ այդ, նկատենք, որ իշխանականները հրապարակավ նման կտրուկ հայտարարություններ չէին անում: Միայն անցած տարեվերջին Փաշինյանը զգուշավոր հայտարարել էր՝ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, որքան Եվրոպական Միությունը դա հնարավոր կհամարի, նույնը՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը․ «Մենք հանձնառու ենք այնքան մոտենալ ԵՄ-ին, որքանով Եվրոպական Միությունը դա հնարավոր կհամարի»։

Խորհրդարանում ընդլայնված կազմով փակ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին առաջարկել է դիրքորոշումներ, կարծիքներ հայտնել այդ կապակցությամբ: Իսկ ինքն իր դիրքորոշումը ներկայացրել է այն համատեքստում, թե իբր  մեր պետության անվտանգային շահն է պահանջում ԵՄ անդամության թեկնածու դառնալ, եթե ոչ ռազմական առումով, ապա գոնե՝ տնտեսական, ինչը թույլ կտա Հայաստանին ուժեղանալ։ Փաշինյանը նաեւ ներկայացրել է, թե ինչ ժամկետներում է պատկերացնում հայտի ներկայացումը` ամենաուշը մինչեւ աշուն Հայաստանը պետք է դիմի։ Թիմում կասկածներ կան, որ հենց այդ ժամանակ էլ Փաշինյանը պատրաստվում  է անցկացնել սահմանադրական հանրաքվեն՝ պետության արտաքին քաղաքականությունը փոխելու վստահության քվե խնդրելով ժողովրդից։ Սակայն թիմում մեծ մասը դեմ է եղել շտապողականությանը, բացառությամբ ԱԺ նախագահի եւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, որոնք Ռուսաստանի դեմ հոխորտալից ելույթներով փորձել են հիմնավորել, որ ԵՄ թեկնածության հայտի համար պետք է դիմել հնարավորինս շուտ՝ այդպիսով գուցե խելքի բերեն նաեւ Ռուսաստանին։

ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնելը վտանգավոր եւ ռիսկային է որակել ՔՊ ֆրակցիայի անդամ Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանն էլ է ելույթ ունեցել, սակայն մանվածապատ, թեեւ ոմանք ելույթի տողատակերում նույն ելեւէջներն են զգացել: Այլ պատգամավորներ էլ են խոսել այն մասին, որ պետք չէ շտապողականություն դրսեւորել եւ առնվազն մեկ տարի պետք է ծանրութեթեւ անել, գնահատել ռիսկերն ու հաշվարկել այդ քայլի հնարավոր հետեւանքները, այդ թվում՝ քաղաքական: ՔՊ-ականներից մի քանիսը մտավախություն է հայտնել, որ Մոսկվան Հայաստանում իշխանափոխություն կիրականացնի։

Գուրգեն Արսենյանը տնտեսական բաղադրիչի մասին է երկար ելույթ ունեցել՝ ներկայացնելով, որ Հայաստանն ամբողջովին կապված է ռուսական շուկայի հետ, մի քանի առիթով թեթեւ փորձել են պատժել` Լարսը փակելով, արդյունքում ՀՀ-ում կաթվածահար իրավիճակ է ստեղծվել։ Ոմանք էլ կարծիք են հայտնել՝ այսպես թե այնպես, ՀՀ-ն շարժվում է ԵՄ ուղղությամբ, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցում, Հռոմի ստատուտի ընդունում եւ այլն, ի՞նչ իմաստ ունի շտապելը, ՌԴ զայրույթը շարժելը, հատկապես որ չի բացառվում, որ մի քանի ամիս անց աշխարհաքաղաքական բոլորովին այլ իրավիճակ առաջանա, ՌԴ-ն այլ հարթակում դիրքավորվի, եւ վերականգնվեն հայ-ռուսական ջերմ հարաբերությունները: Նման դիրքորոշում հայտնողների գլխավոր փաստարկը եղել է այն, որ գոնե այդպիսով Հայաստանը մանեւրի դաշտ կունենա։ Սակայն Նիկոլ Փաշինյանը պնդել է այդ քայլի անխուսափելիության մասին եւ մի քանի անգամ շեշտել, որ միայն մինչեւ աշուն ժամանակ ունեն։ Նա արձագանքել է նաեւ հնարավոր վտանգների մասին հարցին, ասել է` ինչ լինելու է, կլինի, Ռուսաստանից որեւէ հույս ու սպասելիք չկա, իսկ Արեւմուտքը կարող է անվտանգային երաշխիքներ տալ, թեեւ դա էլ կարծես վճռականորեն չի պնդել:

Պատգամավորների մի խումբ էլ փորձել է լիցքաթափել իրավիճակը, մանավանդ դեմ արտահայտվողներին հանգստացնել․ ասել են, թե որոշ երկրների հայտեր տարիներով քննվել են, դիմելը դեռ չի նշանակում, որ վաղը եւեթ դառնալու ենք ԵՄ անդամության թեկնածու, սակայն Փաշինյանի արձագանքը մատնել է, որ Հայաստանի դեպքում հարցը խոստացել են արագ քննել: Պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպմանը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա օրերին, պետք է փաստարկված ներկայացնեն ԵՄ անդամության թեկնածու դառնալու քայլի հնարավոր հետեւանքները եւ ռիսկերը: Փաշինյանը պատգամավորներին հորդորել է մասնագիտական վերլուծություններ իրականացնել  եւ քննարկել առաջիկա հանդիպումներին այդ հարցը: Մեր աղբյուրներից իմացանք, որ առաջիկայում հնարավոր է նաեւ պատգամավորներն առանձին հանդիպումներ ունենան ԱԳ նախարարի, ԱԽ քարտուղարի եւ կառավարության այլ օղակների պատասխանատուների հետ։