ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում երեկ՝ նոյեմբերի 15-ին, անցկացվեցին «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ։ Լսումներին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օգնական ղեկավարի տեղակալ դոկտոր Ալեքսանդր Սոկոլովսկին։ Լսումների ընթացքում ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչը հայտարարել է, որ պետդեպարտամենտը չի նախատեսում ԱՄՆ Ազատության աջակցության ակտի՝ 1992թվականին ընդունված 907-րդ հոդվածի շրջանցում։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն ռազմական աջակցություն ցույց չի տա Ադրբեջանին։ Այդ օգնությունը ԱՄՆ-ն պարբերաբար տրամադրում էր Ադրբեջանին՝ ընդհուպ մինչև Արցախի դեմ ցեղասպանական պատերազմն ու հոմոցիդը, որի վերջնական փուլն ավարտվեց 2023 թ. սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո։
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ ամերիկյան կողմը չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցեր և շեշտել է, որ Վաշինգտոնը չի նախատեսում չեղարկել 907-րդ բանաձևն այնքան ժամանակ, քանի դեռ չի նկատել իրավիճակի էական բարելավում: Բնականաբար սա ուղեկցվել է նաև տեղահանված մարդկանց՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքի, սեփականության և մշակույթի պաշտպանության անհրաժեշտության մասին ելույթներով։
Բնականաբար, այս լսումները եւ 907-րդ հոդվածը չշրջանցելու որոշումն ավելի շատ նմանվում է երեսը փրկելու քայլի, երբ սպանությանը ականատես եղած մեկը ոստիկանություն է զանգահարում այն ժամանակ, երբ համոզվում է, որ զոհն այլևս կենդանության նշաններ ցույց չի տալիս։ Միգուցե համեմատությունը փոքր-ինչ տեղին չթվա, բայց Արցախում տեղի ունեցածի ֆոնին, այլ կերպ մեկնաբանել ԱՄՆ իշխանությունների այս գործողությունները՝ հնարավոր չէ։
Եվ ինչպես արդարացիորեն նկատում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները հստակորեն դատապարտելու փոխարեն պետդեպարտամենտը հանձնարարել է անկախ քննիչներին՝ ապահովել «համապարփակ, մանրակրկիտ և թափանցիկ արձանագրում, թե ինչ է տեղի ունեցել ոչ միայն տեղահանության օրերին, այլև նախորդող ամիսներին»։ Դա ինձ հիշեցրեց պատմաբաններից կազմված հանձնաժողով ձևավորելու Թուրքիայի ցինիկ առաջարկը, երբ վերջիններս հարցականի տակ էին դնում Հայոց ցեղասպանության լինելիության հարցը, ինչի մասին ի դեպ՝ հիմա, նույնիսկ չեն էլ հիշում, որովհետև ՀՀ կառավարությունը հիմա առաջնորդվում է այլ սկզբունքով, որ ադրբեջանցի և թուրք հարևանները պետք է գոհ մնան մեր կայացրած որոշումներից։
Եվ դժվար է չհիշել 2022 թվականի նոյեմբերի 16-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումները, երբ հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսը հարցադրում արեց, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ն շարունակում ռազմական աջակցություն ցուցաբերել, ինչո՞վ կարող է արդարացնել Բաքվին ռազմական օգնության տրամադրումը, երբ 907-րդ բանաձևն ասում է՝ Ադրբեջանին օգնություն չի կարող տրամադրվել, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ ու չի վերացրել շրջափակումը։ Իհարկե, օգնությունը դադարեցնելու մասին հայտարարություններ հետո էլ եղան, մասնավորապես 2023 թվականի հոկտեմբերի 14-ին Բլինքենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն չի ծրագրում երկարացնել 907-րդ բանաձևը, որպեսզի ռազմական օգնություն չտրամադրի Ադրբեջանին։ Ավելի ուշ ԱՄՆ կոնգրեսի 75 անդամներ դիմեցին նախագահ Բայդենի վարչակազմին՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, բայց ինչպես տեսնում ենք, Բաքուն կարողացավ իր ծրագիրն ավարտին հասցնել իր գծած սցենարով, իսկ նույն ԱՄՆ-ն դժվար թե ցանկության պարագայում չկարողանար հակազդող քայլ գտնել Ադրբեջանին սաստելու համար։ Ինչպես նկատում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ ընտրւթյունների շեմին գտնվող Բայդենի վարչակազմը բավարար լծակներ չունի Ադրբեջանի վրա ազդելու համար։
«Հայտարարությունները, թե ԱՄՆ-ն թույլ չի տա, որ ուժով Հայաստանում ճանապարհներ բացվեն, ինձ համար համոզիչ չեն: Վերջին 30 տարվա ընթացքում ԱՄՆ համարյա բոլոր նախագահները հայտարարություններ են ստորագրել Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ` առ այն, որ ուժի կիրառում կամ դրա սպառնալիք չի կարող լինել ԼՂ հարցի կարգավորման գործընթացում: Փաստ է, որ հենց դա է տեղի ունեցել՝ ընդ որում մի քանի դրվագներով, իսկ միջազգային հանրութունը բավարարվել է կողմերին ուղղված կոչերով: Այս ամենը ինձ թույլ է տալիս ենթադրել, որ ընտրությունների շեմին գտնվող Բայդենի վարչակազմը, որը բավականին ցածր ռեյտինգ ունի, որքան էլ անկեղծ լինի իր մղումներում, չունի համապատասխան գործիքակազմ՝ ոչ Ադրբեջանի վրա ուժեղ ճնշումներ գործադրելու, ոչ էլ Հայաստանին անվտանգային ռեալ երաշխիքներ տալու «գետնի վրա»,-ասում է միջազգայնագետը։
Հիշեցնենք նաեւ մի կարևոր հանգամանք, որ ԱՄՆ-ն հայտարարել է. Իրանի դեմ կամ Իրանի կողմից պատերազմական գործողությունների դեպքում նրանք պաշտպանելու են Ադրբեջանին։ Միայն այս հայտարարությունը բավարար է հասկանալու համար, որ 44-օրյայից հետո տարածաշրջանում այլևս սուբյեկտ չհանդիսացող Հայաստանը գործոն չէ, ու բնականաբար այստեղ ՀՀ շահերը հաշվի առնելու մասին խոսակցություններն ու հույսերն անօգուտ են։ Փաստ է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ոչ միայն իր միջազգային վարկանիշը, այլև իր կշիռը բարձրացրեց տարածաշրջանում։ Վերջինս նաև Եվրամիության էներգետիկ ոլորտի կարևորագույն գործընկերներից մեկն է, դե իսկ Իրանի դեպքում` հնարավոր պատերազմի պայմաններում Ադրբեջանի կարևորությունը ԱՄՆ-ի կամ, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի պարագայում անկասկած է։
Ու չնայած Հայաստանում գործող մի շարք արևմտամետներ այս կամ այն հայտարարությունը փորձում են որպես հստակ գործողություն ներկայացնել, ցանկալին իրականության տեղ ընդունելով, այնուամենայնիվ պարզ է մի բան, եթե ԱՄՆ-ին իսկապես հուզեր այն, ինչ կատարվում է Արցախում և Հայաստանի շուրջ՝ հակազդեցության միջոցներ անպայման կգտնվեին։ Սակայն, այս պարագայում, երբ Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը մի կողմ են դրվում՝ Ադրբեջանի հետ «խաղաղություն» հաստատելու համար, երբ ՀՀ իշխանությունները հայտարարում են՝ պատրաստ ենք զիջել որքան որ պետք է՝ այդ դեպքում որևէ բան պահանջել այս կամ այն դաշնակցից կամ միջազգային գործընկերոջից՝ անիմաստ է։ Ի վերջո, քաղաքականությունը ռեալ, հստակ շահերի վրա հիմնված ոլորտ է, որտեղ բարոյականություն, մարդկայնություն եզրույթները վաղուց իրենց տեղն են զիջել ամեն գնով շահը պաշտպանելու տրամաբանությանը։
Բնականաբար, հայաստանյան հանրության մի մասը որոշակի բերկրանքով կկարդա լուրն այն մասին, որ ԱՄՆ-ն այլևս ռազմական օժանդակություն չի ցուցաբերի Ադրբեջանին, ու երևի թե չեն էլ հիշի, որ ԱՄՆ-ն այդ օժանդակությունը ցեղասպան պետությանը տրամադրել է 2002-ից սկսած` յուրաքանչյուր տարի:
Այնուամենայնիվ, այս պահին ոչ մի հայտարարություն չի կարողանա սփոփել մեզ համար մեր հայրենիքի՝ Արցախի կորուստը, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների անօրինական օկուպացիան ու հազարավոր զոհերից հետո մնացած ցավն ու կսկիծը։