Տագնապ ու տխրություն

Տագնապ ու տխրություն

Ահա՝ մեկ տարի էլ ավարտվեց, եւ մենք նույն հուսահատ հոռետեսությամբ ու ապագայի չարագուշակ կանխատեսումներով սպասում ենք հաջորդ տարվա գալուստին: Ասում են` հոռետեսը լավ իրազեկված իրատեսն է, եւ դրա մեջ մեծ ճշմարտություն կա, որովհետեւ ինչքան շատ ես տեղեկացված լինում հայաստանյան իրադարձությունների եւ խորքային պրոցեսների մասին, այնքան մեծանում է տագնապդ, եւ վատ կանխազգացումներդ այդքան միս ու արյուն են ստանում: Ակնհայտ է, որ 2024-ին մենք ոչինչ չենք արել, որ այսօր լավատեսության որեւէ հիմք ունենանք: Ո՛չ ապիկար իշխանություններին ենք կարողացել փոխել, ո՛չ այդ իշխանություններն ուղղվելու, որեւէ ճշմարիտ ու օգտակար քայլ կատարելու փորձ են արել: Ո՛չ արտաքին աշխարհից եկող ազդակներն են հուսադրող, ո՛չ մեր շուրջը կատարվող իրադարձություններն են խոստումնալից, ո՛չ համաշխարհային զարգացումները: Ո՛չ մեր տնտեսությունն է աճի միտումներ ցուցաբերում:

Ո՛չ երկարաժամկետ ծրագրեր են իրականացվում: Ո՛չ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի եւ հայկական իրականության նկատմամբ: Անգամ չենք կարողացել մեր ունեցած սփյուռքյան ներուժն օգտագործել եւ սփյուռքի հետ Հայաստանի հարաբերությունները բարելավել: Ոչ մի ձեռքբերում եւ հաջողություն, ոչ մի նախաձեռնություն եւ մեկնարկ, ոչ մի պայմանագիր ու համաձայնություն չի իրականացվել 2024-ին, որի արդյունքները կարողանայինք քաղել 2025-ին: Հակառակը` իշխանությունների կողմից իրականացվել է ինստիտուտների համատարած ոչնչացում, արժեքների եւ իրավունքների ոտնահարում, իշխանության թեւերի սերտաճում, համատարած ապօրինություններ, կամայականություններ, կոռուպցիա, տգիտություն, կադրային քաոս, ծրագրի ու տեսլականի բացակայություն, թանկացումներ, օրենսդրական անթույլատրելի փոփոխություններ, ՀՀ քաղաքացիների կեղեքում: