«Հրապարակ». Հոգեզավա՞կ, թե՞ անառակ որդի

«Հրապարակ». Հոգեզավա՞կ, թե՞ անառակ որդի

Հարցազրույց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ

Սկիզբը՝ երեկվա համարում

- Եկեք ձեր պատասխանատվության մասին խոսենք, օրինակ, ՀՀ առաջին նախագահը կարող էր չվիժեցնել նախագահների եւ կաթողիկոսի հանդիպման ֆորմատը, եւ Փաշինյանի դեմ նոր ընդդիմադիր հարթակ կարող էր ձեւավորվել։

- Տեր-Պետրոսյանը չի ձախողել այդ ֆորմատը, ինքն առաջարկում էր շատ լուրջ լուծում։ Սեպտեմբերյան ագրեսիայից հետո, երբ Հայաստանն իսկապես անպաշտպան վիճակում էր (թեպետ այսօր էլ է նույն վիճակում), ինքն առաջարկեց, որ միակ լուծումը համազգային կոնսոլիդացիան է՝ ՀՀ երեք նախկին եւ մեկ գործող ղեկավար, որոնցից ամեն մեկը մեր հանրության մի սեգմենտի է տիրապետում, միավորվեն եւ կոնսոլիդացիան ի ցույց դնեն ե՛ւ մեր ազգին, ե՛ւ միջազգային հանրությանը: Դա միայն կուժեղացներ Հայաստանը։ Խնդիրն այն էր, որ չորսով պատասխանատվություն վերցնեն` լուծում գտնելու եւ այդ լուծումը միասնաբար իրագործելու։ Դա մերժվեց ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Իրենք ոչ թե վերկուսակցական մոտեցում դրսեւորեցին, այլ էլի ամեն ինչ ընկալեցին իշխանություն-ընդդիմություն պայքարի կոնտեքստում, ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ Փաշինյանը ծանրութեթեւ արեցին՝ դրանից իրենց դիրքերն ուժեղանո՞ւմ են, թե՞ թուլանում։ Տեր-Պետրոսյանը դա չէր առաջարկում, խոսքը գնում էր Հայաստանի փրկության մասին, ոչ թե այս կամ այն թիմի դիրքերն ուժեղանալ-թուլանալու, իրենք չկարողացան նեղ քաղաքական շահից վեր կանգնել։ Իրենք ասում էին, որ այդ ֆորմատում չպետք է լինի Նիկոլը, իսկ Նիկոլն էլ իր հերթին ասում էր՝ ես ընդհանրապես ձեզ հետ խորհրդակցելու կարիք չունեմ։ Նիկոլն այդպես վարվեց, որովհետեւ մտածում էր՝ պատասխանատվություն կիսելով, ինչ-որ չափով կիսելու է նաեւ իշխանությունը, եւ դրանից խրտնեց: Իրենց համար իշխանատենչությունն ավելի բարձր է, քան պետության փրկության ծրագիրը։

- Փաշինյանի՝ օրերս հնչեցրած անակնկալ հայտարարությունը, թե ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը նույնպես պատրաստ է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ նկատի ունենալով, որ արդեն ԵՄ դիտորդներին է կարծես նախապատվությունը տալիս։

- Ես անկեղծ զարմացած եմ, սա նշանակում է, որ ինքը փոխե՞լ է իր դիրքորոշումը։
ՀԱՊԿ-ի օգնության ընդունումը պահանջներով պայմանավորելը մանկապարտեզ էր, որքան էլ ես համարում եմ, որ այդ պահանջներն արդարացի էին։ Հիմա ՀԱՊԿ-ի մասին իր հայտարարությունում բանալի էր առաջարկում, թե չկա մի պետություն, որ կարող է երաշխավոր դառնալ այս իրավիճակին։ Սրանից կարելի է ենթադրել՝  գուցե հույսը դրել էր, որ Արեւմուտքն իսկապես երաշխավոր է կանգնելու մի լուծման, որում ինքը Ղարաբաղը տալիս է Ադրբեջանին, բայց պահպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, եւ հավատացել է դրան, որ նրանք կարող են այդ լուծումը երաշխավորել։ Սրան հավատալով՝ մերժել է ՀԱՊԿ-ի մուտքը։ 
Գուցե արդեն հասկացել է, որ հերթական անգամ սխալ ընկալումներ է ունեցել։ Ես քանիցս ասել եմ իմ հարցազրույցներում՝ ԵՄ դիտորդներին բերել ես, լավ ես արել, դա անվտանգության թեկուզ փոքր բարձիկ է, բայց ՀԱՊԿ-ն էլ բեր, որը լրացուցիչ բարձիկ կլինի։ Գուցե հասկացել է սա, բայց ես վստահ չեմ, որովհետեւ իր պարագայում «հասկացել» բառը գործածելը մի քիչ աբսուրդ է։ Նա անընդհատ իրարամերժ հայտարարություններ է անում՝ այսօր հասկանում է, վաղն իրեն հակասում է։ Ես երբեմն մտածում եմ, որ այդ մարդը չգիտի՝ ֆորմալ տրամաբանությունն ինչ է, երեւի իրեն տրամաբանության դասեր է պետք տալ։

- Ժամանակին պիտի տայիք, ձեր քաղաքական սանն էր, նկատի ունեմ՝ ՀՀ առաջին նախագահի։

- Էլի այս ցավոտ՝ հոգեզավակի թեման։ Եթե այն պատճառը, որի համար այդ պիտակը կպցնում են մեզ, կապված է նրա հետ, որ ինքը եղել է Տեր-Պետրոսյանի թիմում, կներեք՝ Հայաստանում գրեթե չկա քաղաքական գործիչ, որը պատմական այս կամ այն ժամանակաշրջանում չի եղել առաջին նախագահի` 88-ի շարժման գլխավոր առաջնորդներից մեկի թիմում։ Ո՞ր մեկն իր թիմում չի եղել, իր թիմում եղել են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ինչո՞ւ իրենց հոգեզավակ չեն համարում։ Անգամ որոշ դաշնակցականներ են եղել շարժման մեջ, հետո գնացել ՀՅԴ։ Ես ասեմ, որ հիմնականում Քոչարյանի ճամբարն է նրան փորձում ասոցացնել Տեր-Պետրոսյանի հետ, այն դեպքում, երբ Քոչարյանն ավելի շատ հոգեզավակ կարող է իրեն համարել, քան Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ նա շատ ավելի երկար է եղել Տեր-Պետրոսյանի թիմում, եղել է ՀՀՇ-ի անդամ՝ 1989 թվականին: Թե երբ է դուրս եկել, իրեն է պետք հարցնել։ Ինչո՞ւմն է Նիկոլ Փաշինյանի հոգեզավակ լինելու հանգամանքը, եթե ասում են, որ ինքը խաղաղության ծրագիր է իրագործում, ես ուզում եմ հիշեցնել՝ ճիշտ հակառակն է եղել` հրաժարվելով Տեր-Պետրոսյանի առաջարկներից, Փաշինյանը տարավ մեզ դեպի կործանարար պատերազմ։

- Գուցե գաղափարական նմանությո՞ւն կա` այն առումով, որ «Արցախը տանք, հանգիստ ապրենք», «քանի Արցախը կա, սերգոները լավ չեն ապրի»։

- Դա տիպիկ քոչարյանական պրոպագանդա է։ Ինքը միշտ ստել է՝ ասելով, որ Տեր-Պետրոսյանն ուզում էր հանձնել Արցախը, ոչ մի պատմական փաստ, փաստաթուղթ չկա, որ կհիմնավորեր այդ կեղծիքը։ Միակ նախագահը, որ համաձայնել է՝ Ղարաբաղը պիտի լինի Ադրբեջանի կազմում՝ «Ընդհանուր պետության» ծրագրով, եղել է Ռոբերտ Քոչարյանը, երկրորդը պիտի դառնա գուցե Նիկոլ Փաշինյանը։ Տեր-Պետրոսյանը երբեւէ չի համաձայնել, բոլոր նման փորձերի վրա վետո է դրել։ Երբ 2007-ին Փաշինյանը միացավ Տեր-Պետրոսյանին, ասում էր՝ մենք միավորված ենք «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով, բայց հետո ինքը դավաճանեց այդ սկզբունքին, ինքը դարձավ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից, դաշնակներից եւ «Սասնա ծռերից» ավելի ոչմիթիզական։ Ինքը միակ մարդն է, որ չի բանակցել, իրենից ավելի ոչմիթիզական չկա, մինչեւ պատերազմը լինելով պետության ղեկավար՝ իրականացրել է Դաշնակցության ծրագիրը, այդ ո՞նց է մեր հոգեզավակը, ինքը Դաշնակցության հոգեզավակն է։ Ստացվում է՝ 2007-ից մինչեւ 2012-ը մեր հոգեզավակն էր, 2012-ից մինչեւ 2018-ը՝ Միշիկի, 2018-ից մինչեւ պատերազմը՝ Դաշնակցության եւ սասնածռականների, հիմա հայտնի չէ, թե ում հոգեզավակն է․ այն ստորաքարշությունը, ինչը հիմա ինքն անում է, կարող է բացատրվել միայն Ալիեւի հոգեզավակը լինելու հանգամանքով։ Բայց իր հոգին այսքան հաճախ փոխողին կարելի՞ է հոգեզավակ համարել, թե՞ ավելի ճիշտ է անառակ որդի կոչել։

- Ոմանց կարծիքով` խնայում եք Փաշինյանին, ով պետությունը տանում է գահավիժման, փոխարենը կենտրոնացել եք Ալեն Սիմոնյանի թքի պատմության վրա, ՀԱԿ առաջնորդը երկու անգամ կոչ արեց՝ ԱԺ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել, Սիմոնյանն էլ պատասխանեց՝ «լուսանցքից դուրս գալու այլ տարբերակներ կան»։ 

- Նախ ուզում եմ նկատել, որ պրոգրես կա, որ թքելով չի խոսել, բայց սա բավարար պրոգրես չէ, ինքը պետք է հեռանա։ Իհարկե, ամբողջ թիմը բանի պիտանի չէ, ամբողջ թիմը պիտի հեռանա, բայց ամբողջ թիմի հարցում, հասկանալի է, քաղաքական հարցեր կան լուծելու, մինչեւ դա հնարավոր լինի անել։ Ալեն Սիմոնյանի հարցը քաղաքականության հարց չէ, հանրային արժանապատվության հարց է։ Եթե նման բան արվեր Հունգարիայում, Դանիայում, Սլովենիայում, իմացեք՝ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս կգային փողոց ու կմնային հրապարակում, քանի այդ արարքը թույլ տված մարդը չհեռանար։ Ինչո՞ւ, թվում է՝ փոքր հարց է, խուլիգանություն, ինքն էլ ներողություն է խնդրել, բայց ինչո՞ւ են դեմոկրատական ազգերը զգայուն նման խնդիրներում։ Որովհետեւ Սիմոնյանի արարքը սեփական ժողովրդին, հասարակ քաղաքացուն նվաստացնելու պատրաստակամության մասին մանիֆեստ է իրականում։ Եթե Սիմոնյանը չի գնում, մեր հանրությունը մղոնանոց քայլ է կատարում դեպի արժանապատվության կորուստ եւ ստրկություն։ Դուք չե՞ք զգում, որ իրենք չեն խոսում այդ թեմայից, Փաշինյանը դրա մասին չի խոսում։ Չեն խոսում, որովհետեւ իրենք էլ գիտեն, կներեք արտահայտությանս համար՝ ինչ են կերել։ Իրենք էլ լավ գիտեն, որ սա անհանդուրժելի, աններելի երեւույթ է, բայց սեփական իշխանությունը պահպանելու համար համերաշխ են Ալեն Սիմոնյանի հետ, ըստ էության, ստորագրելով այդ թքած ունենալու «մանիֆեստի» տակ։

- Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանին կարելի՞ է մուրճը ճոճել ու սպառնալ, որ «շինելու» է բոլորին, մատ կամ, ինչպես ինքն էր ասում, ուրիշ բան է թափ տալու ընդդիմադիրների վրա...

- Նախ, մենք այդ ժամանակ էլ ենք դատապարտել, բայց եկեք տարբերենք, մի բան է հռետորաբանությունը, մեկ այլ բան է այս արարքը, սա մարդու արժանապատվությունը ոտնահարելու, ժողովրդավարական սկզբունքներն ապականելու պատրաստակամության մասին մանիֆեստ է իշխանության կողմից։

- Առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններն են, որոնք, շատերի կարծիքով, պիտի դարձնել ոչ թե Երեւանի կառավարչի ընտրություն, այլ իշխանափոխության համար պայքար։ ՀԱԿ-ն ընտրություններին մասնակցելու որոշում ունի՞ ։

- Քննարկում ենք: Իհարկե, մի քիչ դժվար է այս իրավիճակում մտածել Երեւանի ավագանու ընտրությունների մասին, որովհետեւ վտանգված են մեր պետությունը, ազգի գոյությունը։ Գուցե այդ ընտրությունները կարելի է դարձնել Նիկոլի իշխանությունը հեռացնելու կամ թուլացնելու գործընթաց՝ համատեղելով այն երեւանցիների խնդիրների մասին հոգալու ծրագրի հետ։ Անհրաժեշտ է նաեւ լայն հանրային համախմբում։ Մենք մտածում ենք այդ ուղղությամբ, կան քննարկումներ, զրույցներ, բայց առայժմ վաղ է հանրությանն ինչ-որ բան ներկայացնել այդ մասին։