Վիտալի Բալասանյանի գործը չի քննվում, բայց 10 միլիոն դրամ գրավը չեն վերադարձրել

Վիտալի Բալասանյանի գործը չի քննվում, բայց 10 միլիոն դրամ գրավը չեն վերադարձրել

Գեներալ Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը` հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է 2023 թվականի ամռանը՝ Արցախում։ Մինչև Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը, 23-ի հուլիսի 13-ին ԱԱԾ-ն իր իսկ տանը ձերբակալել էր Վիտալի Բալասանյանին, նրա որդուն, եղբորը, քեռորդուն։ Քրեական գործը, որի շրջանակներում խուզարկություն էր իրականացվել, վերաբերում էր Բալասանյանի որդու կողմից վերցված վարկն իբրև թե ոչ նպատակային օգտագործելուն։ Վիտալի Բալասանյանն էլ էր ձերբակալվել խուզարկության ժամանակ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիքի կասկածանքով։ Նրանից բացի իրավապահները բերման էին ենթարկել նաեւ նրա որդուն՝ Արթուր Բալասանյանին, եղբորը՝ Վաչիկ Բալասանյանին, քեռորդուն՝ Գարիկ Յուզբաշյանին, որոնք հարցաքննվել և ազատ էին արձակվել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի չորս հոդվածով՝ գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, թմրամիջոցներ պահելու համար։ Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը՝ 10 միլիոն դրամի չափով։ 

Մենք տեղեկացանք, որ այս քրեական գործը դեռեւս Արցախում է կարճվել, այդ մասին իրենց բանավոր տեղյակ են պահել Ստեփանակերտում բենզինի պահեստի ողբեգական պայթյունի օրերին։ Պաշտոնական փաստաթուղթ, սակայն, կողմը չի ստացել։ 

Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը մեզ ասաց՝ 2023-ին բանավոր ստացած տեղեկությունը, թե գործը կարճվել է, դատախազի կողմից չի հաստատվել, ըստ էության, այն ոչ կա, ոչ չկա, քանի որ գործի հատորները չկան, ոչ էլ «կարճման» որոշումը։

Բացի սրանից փաստաբանը նաեւ նշեց, որ մինչ այսօր, ինչքանով տեղյակ է, նույնիսկ խափանման միջոց գրավի գումարը՝ 10 մլն դրամը Բալասանյանը ետ չի ստացել։ Հիշեցնենք, որ այդ գումարը մուտքագրվում է պետբյուջե միայն այն դեպքում, եթե անձը խուսափում է քննությունից, փախչում է երկրից: Փաստաբանը հարց է բարձրացնում՝ եթե քրեական գործը չի քննվում, ինչո՞ւ այդ գումարը չպիտի վերադարձվի․ «Որպես այդպիսին քրեական գործ չկա, չկա նաև խափանման միջոց»։ 

Նշենք, որ գրավը, ինչպես նաեւ խափանման միջոցների մի քանի այլ տեսակներ, սահմանված են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով։ Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով: Բալասանյանի գործով, ոչ քրգործը կա, ոչ խափանման միջոցը, սակայն, փաստորեն որպես գրավ վճարած 10 միլիոն դրամը նա որեւէ տեղից ետ չի ստացել։