«Ժողովուրդ»․ Ինչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին․ ԱԱԾ-ն լուրջ տեղեկություններ է հայտնաբերել․

«Ժողովուրդ»․ Ինչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին․ ԱԱԾ-ն լուրջ տեղեկություններ է հայտնաբերել․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է 5 ամիս, եւ նախաքննական մարմինը տարվող քննության մասով ոչինչ չի հայտնում: Սակայն այս ֆոնին զուգահեռ՝ ԱԱԾ-ն փողերի լվացման գործով ձերբակալել եւ արդեն մեղադրանք է առաջադրել վերջինիս որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, թե կոնկրետ ինչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին, որ նրան մեղադրանք են առաջադրել:

Մեր տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն նրա մասով լուրջ տեղեկությունների է տիրապետել: Մասնավորապես, նախաքննական մարմնի ձեռքում են հայտնվել կոնկրետ փաստաթղթեր, որ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, տարբեր անձանց միջոցով կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին, եւ հետագայում այդ գումարները արտասահմանում «մաքրվել են» ու օրինական ճանապարհով հետ են փոխանցվել կրկին Հայաստան՝ ներկայացվելով որպես «Յուքոմ» ընկերության ներդրում, ձեռքբերում: Ըստ ամենայնի, ԱԱԾ-ի ձեռքում հայտնված փաստաթղթերը, ինչպես նաեւ «Յուքոմ» ընկերությունում կատարված ուսումնասիրությունները իրավապահներին դուրս են հանել հետքի վրա, որի շրջանակներում էլ ձերբակալվել է Գուրգեն Խաչատրյանը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով՝ փողերի լվացումը, կոնվերտացումը, որը պատժվում է 2-5 տարի ժամկետով»:

Մանրամասները՝«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ եզ տեղեկացրել էին, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊԵԿ նախկին նախագահ, այժմ կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին։ Հենց օդանավակայանում՝ Երեւան ժամանելուն պես, նրան են մոտեցել ԱԱԾ աշխատակիցները եւ տարել իրենց հետ։ Մեր տեղեկություններով, նրան մեղադրանք է առաջադրվել եւ ստորագրությամբ ազատ արձակվել։

Մեր աղբյուրը նշում է, որ նրան մեղադրում են փողերի լվացման մեջ, սակայն գործը նոր չի հարուցվել եւ առնչություն չունի նրա հոր գործի հետ։ Իսկ գործը գաղտնի են պահել, որ Գուրգեն Խաչատրյանը վերադառնա Հայաստան։ Մենք կապվեցինք Գուրգեն Խաչատրյանի հետ։ Նա բոլորովին չզարմացավ մեր հարցից, սակայն հերքեց՝ ասելով, թե իր նկատմամբ հարուցված ոչ մի գործ չկա։ ԱԱԾ-ից մեզ պատասխանեցին․ «Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ ոչինչ չենք հրապարակում»։