Ի՞նչ է կատարվում Արցախում

Ի՞նչ է կատարվում Արցախում

Ինչպես գիտենք, մարտի 24-ին, ժամը 16:00-ի սահմաններում թշնամին խախտել է Արցախում շփման գիծը ու առաջ շարժվելով օկուպացրել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը:

Ստույգ տեղեկություն ունենք, որ դա հնարավոր է դարձել այն բանի արդյունքում, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ 2 օր առաջ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հատվածում զորքերի հայելային դուրս բերման շուրջ: Արցախի ՊԲ-ն Փառուխ գյուղի հատվածում զորքերը դուրս է բերել, իսկ ադրբեջանական կողմը՝ ոչ, նշված հատվածում տեղադրվել էր նաև խաղաղապահների դիտակետ: Եվ ահա, մարտի 24-ին՝ թշնամին շրջանցելով ռուս խաղաղապահների դիտակետը, շարժվել է առաջ և գրավել Փառուխ գյուղը: Որևէ կրակոց չի եղել, թշնամին պարզապես առաջ է շարժվել և մտել գյուղ:

Փառուխը փոքր գյուղ է՝ բնակչությունը մոտավորապես 100 մարդ է կազմում ու շփման գծին շատ մոտ է գտնվում՝ մոտ 1 կմ հեռավորության վրա: 

Ինչ վերաբերվում է Քարագլխի բարձունքին, ապա նախևառաջ նշենք, որ բարձունքը երկար ձգվածություն ունի և գտնվում է Փառուխ ու Խրամորթ գյուղերի արանքում: Բարձրությունը 1200-1300 մ է (մոտավորապես նույն բարձրության վրա է գտնվում Շուշին) և իրոք ունի ստրատեգիական նշանակություն: Բարձունքից տեսանելի է ոչ միայն ամբողջ Ակնաի (Աղդամի) հատվածը, այլև Ասկերանն ու Ստեփանակերտը, ինչպես նաև նշված բարձունքից կարելի է վերահսկել Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոճանապարհը: 

Ամբողջ օրվա ընթացքում հակասական տեղեկատվություն էր գալիս Քարագլխի բարձունքի վերաբերյալ: Ըստ ստույգ տեղեկություններ,ի Քարագլխի բարձունքի մեծ մասը գտնվում է հայկական կողմի վերահսկողության ներքո, թշնամին փորձել է առաջ գալ Քարագլխի ուղղությամբ ու հաջողվել է հասնել անտառամերձ տարածք՝ «Ծակ Քար» կոչվող հատված:

Խրամորթ գյուղի վերաբերյալ՝ մարտի 24-ի դրությամբ, հայտնի է, որ գյուղում կանայք ու երեխաները տարհանվել են, սակայն գյուղը ամբողջությամբ ու շփման գծից այս կողմ հարակից բոլոր տարածքները, գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության տակ:

Առայժմ ադրբեջանակն զինված ուժերի առաջխաղացումը կասեցված է և ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ:

Արցախում ներկայումս տեղեկատվական քաոս է: Պատկան մարմինները լուռ են: Արցախի տեղեկատվական շտաբն է միայն ինչ-որ անորոշ տեղեկություն տրամադրում: Մարդիկ փորձում են անձնական կապերի միջոցով տեղեկատվություն ստանալ կատարվող իրադարձություններից՝ չբավարարվելով տեղեկատվական շտաբի տարածած տեղեկատվությամբ: Այդ իսկ պատճառով հաճախակի իրարամերժ ու կեղծ տեղեկատվություններ են հայտնվում սոցցանցերում ու լրատվամիջոցներում:

Հիշեցնենք, որ ընդամնեը 3 օր առաջ նույն շտաբը՝ հղում անելով Ասկերանի շրջվարչակազմին, տեղեկատվություն էր տարածել, որ շփման գծին մոտ գտնվող մի շարք գյուղերում ռուս խաղաղապահների հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում ու դրանք չեն նշանակում դիրքային զիջումներ և բնակավայրերի տարհանում՝ այլ միտված են անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Վահե Հարությունյան
Ստեփանակերտ