Հայաստանի Հանրապետությունը տարածքով ու մարդկային ռեսուրսներով մեծ երկիր չէ, սակայն կուսակցությունների թվով գերազանցում է շատ երկրների։ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում գրանցված է 141 կուսակցություն, որոնցից 43-ի գործունեությունը դադարեցված է կամ դադարեցման փուլում է: Այսինքն՝ այսօր ունենք 98 գործող կուսակցություն։
Օրինակ, աշխարհի գերտերություններից մեկում՝ Միացյալ Նահանգներում, կա ընդամենը երկու կուսակցություն՝ Հանրապետական եւ Դեմոկրատական։ Ֆրանսիայում ամենալայն տարածում ունեցող կուսակցություններն են՝ «Վերածնունդ», Հանրապետական, Սոցիալիստական կուսակցություն, La France Insoumise: Մեծ Բրիտանիայում ազդեցիկ կուսակցությունները 13-ն են` Լեյբորիստական, Պահպանողական եւ Միութենական, Լիբերալ-դեմոկրատական, ՄԲ բարեփոխումների եւ այլն։ Չնայած ավելի փոքր կուսակցություններ էլ են գործում այս երկրներում, բայց դրանք անհամեմատ քիչ են հայկական կուսակցություններից, եւ պետք չէ մոռանալ, որ Ֆրանսիայում ապրում է 66 միլիոնից ավելի մարդ, Մեծ Բրիտանիայում` 69 միլիոնից: Թվում էր, թե կառավարման խորհրդարանական ձեւին անցնելուց հետո մեզանում քաղաքական դաշտը կսկսի կայանալ, եւ կուսակցությունների քանակը կչափավորվի` որոշ կուսակցություններ կփակվեն, կմիավորվեն, նորերը չեն գրանցվի, բայց, ավաղ, եղավ հակառակը։ Մենք փորձեցինք քաղաքական գործիչներին տալ այս հարցը՝ ինչո՞ւ Հայաստանում չի զարգանում կուսակցական համակարգը։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ այդ երեւույթը կա հետխորհրդային այլ երկրների տարածքներում եւս, եւ դրա պատճառները պետք է փնտրել ԽՍՀՄ պատմության մեջ, երբ կար մեկ կուսակցություն, եւ բոլորը պետք է հաշտվեին այդ մտքի հետ՝ որ կա՛մ դառնում են Կոմունիստական կուսակցության անդամ, կա՛մ կուսակցական չեն դառնում։ «Դա նույնն է, երբ մոզիին երկար կապած պահում են, հետո բաց են թողնում, թռչկոտելով՝ ուր ասես գնում է։ Հիմա դա էր։ Բաց թողեցին, եւ ամեն մեկը որոշեց, որ կարող է լինել կուսակցապետ, կարող է հաղթանակ ունենալ ընտրություններում։ Ես երբեմն կատակով ասում եմ՝ ամեն մեկն իր զոքանչի հետ միասին կուսակցություն էր ձեւավորում։ Կա այդ խնդիրը, երբ իրենք իրենց լավագույնն են համարում եւ ուզում են դա հաստատել, եթե չի ստացվում, հետո կորչում են շատերը, նորից ինչ-որ ձեւով փորձում են վերականգնել՝ չի ստացվում։ Ես միշտ ասել եմ՝ դուք քանի կուսակցության անուն գիտեք՝ որպես քաղաքացի, այդ քանակով կուսակցություն կա։ Այսինքն՝ եթե դրանք գործող են, դուք կիմանաք, եթե գործող չեն, իրենց մասին դուք չեք էլ իմանա։ Օրինակ, վերջին ընտրություններին 26, թե 27 կուսակցություն մասնակցեց, կեսից ավելիին անուններով ես՝ ինքս չգիտեի, հիմա էլ չգիտեմ շատ-շատերին, բայց շարունակում են ստեղծվել»,- ասաց Սարգսյանը։ Իսկ ինչո՞ւ կուսակցական համակարգը չկայացավ, Սարգսյանն ասաց՝ պատճառը շատ պարզ է․ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունն արեց ամեն ինչ, որպեսզի կուսակցական համակարգը չկայանա։ «Ինչո՞ւ․ 1995 թ․ խորհրդարանական ընտրությունները կեղծվեցին, նույնը եղավ 1996-ին, նույնը եղավ 1999-ին եւ այլն, եւ այլն, ու այսպես շարանով եկավ։ Իսկ երբ կեղծվում են ընտրությունները, ցանկացած քաղաքական ուժ, որն ունի գաղափարախոսություն, իսկ շատ քաղաքական ուժերի անվանումներ չեն համապատասխանում իրենց գաղափարախոսությանը, մենք դեմոկրատական կոչվելով՝ մեր գաղափարախոսությամբ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ենք եւ երբեք չենք հեռացել դրանից, բայց երբ հորինում են «Հզոր հայրենիք», եսիմինչ, դրանք գաղափարական հենք չունեցող են, որովհետեւ պիտի լինեն կա՛մ պահպանողական, կա՛մ լիբերալ-ազատական, կա՛մ սոցիալիստական, կա՛մ դեմոկրատական»,-նկատեց Դեմկուսի նախագահը։
Նա կարծում է, որ կուսակցական համակարգի չկայացման հիմնական պատճառը կեղծիքներով կայացող ընտրություններն են, որովհետեւ կուսակցություններն այդպես էլ չհասկացան, թե իրենց իրական վարկանիշն ինչպիսին է։ Մյուսը անհավասար պայմաններն են․ իշխանության հասած քաղաքական ուժը միշտ ունեցել է առավելություն՝ ֆինանսական, ադմինիստրատիվ եւ քարոզչական, հիմա էլ է նույնը։ «Հանրային հեռուստաընկերությունը ոչ թե հանրային է, այլ ՔՊ-ական է, այսինքն՝ ամբողջովին պաշտպանում է այդ կուսակցության շահերը, ոչ թե իշխանության։ Նույնը՝ ոստիկանությունը, նույնը՝ դատական համակարգը։ Սա շատ լուրջ հարց է»,- ասաց Սարգսյանը։ Եվ սա սկսվել է, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Դաշնակցության գործունեությունն արգելեցին, 1996-ի խայտառակ ընտրությունները եղան, երբ իրենք հաղթել էին ու հետապնդումների էին ենթարկվում։
«Մենք գալիս ենք» ՀԿ նախագահ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, որն անդամակցում է Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցությանը, ասաց․ «Խորհրդային Միության կազմում 70 տարի Կոմունիստական կուսակցությունն է եղել, այնուհետեւ եղել է ՀՀՇ-ն, հետո՝ ՀՀԿ-ն։ 1990-ից, 1991-ից հետո, երբ սկսվեց բազմակուսակցական համակարգը, գործող իշխանությունը, գրեթե մոլեկուլային ճշգրտությամբ, ինքն է որոշել, թե որ կուսակցությանը քանի տոկոս ձայն տան։ Եղել են նաեւ սին դաշինքներ, կոալիցիաներ, դրանք՝ բոլորը, գետի վտակներ են եղել, որը նույնպես ստեղծել է գործող իշխանությունը։ Եվ ցանկացած իշխանություն ինքն է ստեղծել իր ընդդիմությունը՝ կառավարելի ընդդիմությունը։ Մենք չունենք կայացած կուսակցական համակարգ։ Մենք ունեցել ենք իշխանական թիմ, որը որոշել է, թե ով պետք է գնա խորհրդարան, ով պետք է լինի ընդդիմություն։ Իշխող էլիտան կանչել է ինչ-որ ընդդիմախոսների, 95 տոկոս դեպքերի մասին եմ ասում, խրախուսել են, նաեւ՝ ֆինանսապես, որ նրանք դառնան կուսակցապետեր, կուսակցություններ բացեն՝ շատ ավելի ժողովրդավարական ձեւով աշխարհին ներկայանան, որ, տեսեք՝ մենք իշխանությունների դեմ պայքարող ընդդիմություն ունենք»։
Շահինյանը հիշեցնում է, որ դեռեւս 1991 թվականին սկիզբ դրվեց «պոլի փետ լինի՝ մերը լինի» սկզբունքը, որը շարունակվում է մինչ օրս․ «Հայաստանը մաքսիմում պետք է ունենա 3-4 քաղաքական ուժ, եւ նրանք, ովքեր ուղղակի գրանցել են կուսակցություններ կամ մեկի անձնական ռեսուրսների, ամբիցիաների շնորհիվ կուսակցություն են բացում, նույն ձեւով էլ մեռնում են, երբ այդ մարդու հավեսը փախնում է, կամ հետաքրքրությունն անցնում է»։ Բայց ինքն էլ է նորահայտ` Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցությանն անդամակցում։ Շահինյանն ասաց, որ մասնակցել է այդ կուսակցության ձեւավորման աշխատանքներին, սակայն կուսակցական չէ։ Իր հասարակական կազմակերպությամբ միացել է գեներալ Արշակ Կարապետյանի գլխավորած շարժմանը։ «Կուսակցությունների դերն այսօր զրոյական է, այսօր այն անհատներից է կախված։ Եվ այդ անհատը, որպեսզի կարողանա իր ծրագրերը կյանքի կոչել, ստիպված՝ կուսակցություն է բացում։ Հիմա, եթե Դուք ինձ հարցնեք, թե այդ 141 կուսակցությունից 10 կամ 7 անուն տվեք, ես ամենաշատը 5-ը կամ 6-ը կհիշեմ, շատ դժվարությամբ կհիշեմ անունները: «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը, որը նաեւ կուսակցության առաջնորդն է՝ գեներալ Արշակ Կարապետյանը, շատ հետեւողականորեն տալիս է հանձնարարականներ, եւ աշխատում է կուսակցությունը։ Ես չեմ քաշվում ուղիղ ասելու․ եթե Կարապետյանը դադարեցնի գործունեությունը, այդ կուսակցությունը եւս կդասվի մյուս քաղաքական ուժերի շարքին, բայց քանի որ կա նաեւ շարժում, դրա շուրջ ավելի շատ միավորում կա»։ Շահինյանը ենթադրում է, որ մոտ 5 տարի հետո կուսակցությունները կվերանան, եւ նոր կառավարման կարգ կստեղծվի, իսկ եթե մնան, պետությունը՝ ինքը, պետք է միջոցներ ձեռնարկի՝ դրանց թիվը կրճատելու համար։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ նկատում է, որ կուսակցական համակարգի կայացածությունը կապված է այլ համակարգերի կայացման հետ։ «Այդ՝ «100-ից ավելի» արտահայտությունը, որ տարիներ շարունակ լսում ենք, դա չպետք է սարքենք հիմնական բան, որովհետեւ նաեւ Ձեր նշած երկրներում տասնյակ կուսակցություններ կան, որ զրոյական ազդեցություն ունեն։ Հայաստանի քաղաքական դաշտն այս 30 տարում այնքան վայրիվերումներ է ապրել, որ բազմաթիվ փուլերում ինչ-որ քաղաքական գործընթացների մասնակիցներ են ի հայտ եկել եւ քաղաքական դաշտից դուրս եկել։ Կուսակցությունը երբ ընտրություններին չի մասնակցում, փաստացի կարող ենք ասել, որ գործունեություն չի ծավալում։ Եթե նայենք վերջին տարիներին, ապա ընտրություններին մասնակցում էր մոտ 15-20, երբեմն մի քիչ ավելի կուսակցություն, այսինքն՝ քաղաքական դաշտում 2 տասնյակ կուսակցություններ են ակտիվ լինում»,- ասաց Առաքելյանը։ Կուսակցական համակարգի չկայացածությունը, ըստ նրա, տարբեր պատճառներ կարող է ունենալ: Տարբեր քաղաքական ուժեր եւ անհատներ կուսակցության ստեղծումը համարում են քաղաքականությամբ զբաղվելու գլխավոր գործիք, այնինչ դա բավականին բարդ, լուրջ տնային աշխատանք է պահանջում։ «Քաղաքական դաշտում, ցավոք, նկատվում է արագ հաջողության հասնելու մոլուցք։ Ես բազմիցս ասել եմ, որ մի շենք կառուցելու համար մի քանի տարի ժամանակ է պետք, բայց ինչ-որ մարդիկ մտածում են, որ գալու են, մեկ-երկու շաբաթում երկիրը փրկեն, եւ կուսակցություն են ստեղծում»,- ասաց Առաքելյանը։ Կուսակցական համակարգը չի կարողանում դառնալ իրական խնդիրներին միտված համակարգ, որովհետեւ հանրությունն էլ իր հերթին վստահություն չունի կուսակցությունների նկատմամբ։
«Չմոռանանք, որ, 1990-ականներից սկսած, ընտրական գործընթացներում բազմաթիվ խախտումների, թերությունների առկայությունը բերում է նաեւ այդ համակարգի խոր բացասական ազդեցության։ Այսինքն՝ կեղծված ընտրությունները տասնամյակներով այդ համակարգը նաեւ փչացրել են, եւ, փաստացի, մի շարք կուսակցություններում ներգրավված են եղել մարդիկ, ովքեր ընտրական համակարգի խեղաթյուրման գլխավորման դերակատարներից են եղել։ Այսինքն, ընտրական համակարգի կազմաքանդումը, այսպես ասած, բերում է կուսակցական համակարգի վրա իր բացասական ազդեցությունը։ Պետք է ազնիվ լինել, որ վերջին տարիների այս գերդոզավորված ատելության մթնոլորտը, մանիպուլյացիաները` մեդիադաշտի, ավելի են փչացնում կուսակցական համակարգը։ Իշխանություններն իրենց վարքագծով, իրենց թիմակիցներով այնքան են ցածրացրել քաղաքականությամբ զբաղվելու չափանիշը, որ այսօր նաեւ քաղաքական դաշտում, կուսակցական գործընթացներում ներգրավվում են մարդիկ, որոնք ոչ միայն քաղաքականությունից, այլեւ ընդհանրապես որեւէ ոլորտից կիլոմետրերով հեռու են։ Բայց, մյուս կողմից, իհարկե, շատ որակյալ անհատներ եւ որակյալ թիմեր կան մեր քաղաքական դաշտում, որոնք թեեւ քանակով փոքր են, բայց, ցավոք, չեն կարողանում հաջողել, որ այդ որակյալ փոքրամասնության ջանքերով նաեւ հասարակության կողմից կուսակցական համակարգի նկատմամբ վստահությունը բարձրանա»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։