«Հրապարակ». «Գոլդեն Փելեսը» նվիրեց, բայց չփրկվեց

«Հրապարակ». «Գոլդեն Փելեսը» նվիրեց, բայց չփրկվեց

ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը հրավիրվել է դատախազություն՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով տրանսպորտի եւ կապի նախկին փոխնախարար Հայկ Յուրիի Ճշմարիտյանին պատկանող գույքի վերաբերյալ սկսված ուսումնասիրության շրջանակներում դիրքորոշում հայտնելու համար։ Նույն ուսումնասիրության շրջանակներում դատախազություն են հրավիրվել Լուսինե Յուրիի Ճշմարիտյանը եւ Նաիրա Ռոմիկի Գրիգորյանը։

Նշենք, որ Ճշմարիտյանն Արմեն Ավետիսյանի աներորդին է եւ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի հորեղբորորդին։ Թե կոնկրետ որ գույքի վերաբերյալ է սկսվել ուսումնասիրությունը, դեռեւս չեն հայտնում, սակայն պարզ է, որ գործընթացն առնչվում է Մոնումենտի այգում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի հետ, որը տարիներ առաջ անվանափոխվեց «Ռեդիսոն Բլյու»-ի: Արմեն Ավետիսյանի եւ Հայկ Ճշմարիտյանի անունը կապված է այդ հյուրանոցի հետ։

Դրա հետ կապված՝ 2018-ին նաեւ քրեական գործ էր հարուցվել, ըստ որի՝ Արմեն Ավետիսյանն է հովանավորել հյուրանոցի կառուցումը՝ լինելով պետական պաշտոնյա եւ հանրությանը դա ներկայացնելով որպես օտարերկրյա ներդրում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ հյուրանոցի բաժնետեր է նաեւ Հայկ Ճշմարիտյանը։ Թերեւս այդ գործընթացներից գլուխն ազատելու համար էլ Արմեն Ավետիսյանը պետությանը նվիրեց Ծաղկաձորի «Գոլդեն փելեսը», որը երկար ժամանակ չէր հաջողվում վաճառել, եւ որն ի վերջո ձեռք բերեց ՔՊ-ի «սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանը: Հետո պարզվեց, որ Նալբանդյանը Հովիկ Աբրահամյանի որդու ընկերն է, վայելում է Խաչատուր Սուքիասյանի հովանավորությունը եւ ձեռք է բերել Հովիկ Աբրահամյանի` Մոնումենտի դղյակը: Նրա բիզնես ձեռնարկներից մեկի մեկնարկին ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա բիզնես գործունեություն է ծավալում տարբեր ոլորտներում, այդ թվում` բեռնափոխադրումների, ձվի, հավի արտադրության եւ այլն: