«Հրապարակ». Զոհվածների ծնողների օգտին կայացված որոշումը բողոքարկել են

«Հրապարակ». Զոհվածների ծնողների օգտին կայացված որոշումը բողոքարկել են

Զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում բռնություն գործադրելու գործը կվերաբացվի, եթե վերաքննիչ դատարանը մերժի դատախազության բողոքը։ Հիշեցնենք, որ ոստիկաններն ակնհայտ դաժանությամբ քաշքշել էին ծնողներին՝ նրանցից ոմանց մարմնական վնասվածքներ պատճառելով։ Պատճառն այն է, որ ոստիկաններն այդկերպ փորձում էին ճանապարհ բացել Նիկոլ Փաշինյանի համար, ով պատրաստվում էր գալ Եռաբլուր՝ ի հեճուկս պանթեոնում հուղարկավորված զինծառայողների հարազատների, որոնցից շատերը դեմ էին դրան եւ սեպտեմբերի 20-ի վաղ առավոտից հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի Փաշինյանը հանկարծ չմտնի պանթեոն` իրենց զավակների շիրիմներին չմոտենա։ Ոստիկանության ծառայողների գործողություններն այնպիսի աղմուկ եւ հանրային դժգոհություն առաջացրին, որ Քննչական կոմիտեն ստիպված էր այդ օրերին քրեական գործ հարուցել: Բռնություն գործադրած ոստիկանները նույնականացվեցին, սակայն 2 տարի գործը «քնացնելուց» հետո, երբ հանրությունը մոռացավ կատարվածի մասին, վարույթը կարճվեց` այդպես էլ որեւէ ոստիկանի մեղադրանք չառաջադրվեց։ Քննչականից պարզաբանել էին, թե գործով անհրաժեշտ քննությունն արել են, բոլորին հարցաքննել, անգամ որոշ լրագրողներ են ցուցմունք տվել, եւ արդյունքում որեւէ ոստիկանի կողմից ապօրինի գործողություն իրենք չեն հայտնաբերել։

Գործը կարճելու որոշումը ծնողների ներկայացուցիչ՝ փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից բողոքարկվել էր, եւ դատարանը բավարարել էր, վարույթն իրականացնող մարմնի վրա պարտավորություն դնելով՝ գործը կրկին քննել, եւ եթե դատախազությունը չբողոքարկի, ապա դատարանի վճիռն ուժի մեջ կմտնի։ Մեզ հետ զրույցում փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ իրեն հայտնի չէ՝ դատախազությունը բողոքարկե՞լ է դատարանի որոշումը, թե՞ ոչ։ Հարցին, թե գործի վերաբացումից ինչ ակնկալիքներ ունեն, այս անգամ կքննե՞ն, թե՞ էլի նույն ճակատագրին կարժանանա վարույթը, պատասխանեց․ «Ես որեւէ լավ բան չեմ ակնկալում։ Տեսեք՝ իմ հրապարակումից հետո, որ դատարանը մեզ համար բարենպաստ դատական ակտ է կայացրել, հետեւեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հրապարակումը, որում նա բովանդակային առումով ասում էր, որ փաստաբանները բողոքում են դատարաններից, բայց տեսեք, թե դատարանները նաեւ ինչպիսի որոշումներ են կայացնում։ Կոնկրետ Եռաբլուրի գործը չէր նշել, բայց ասածն այն էր, որ դատավորները նաեւ հօգուտ փաստաբանների են որոշումներ կայացնում։ Հետեւաբար ենթադրում եմ, որ ինչ-որ առումով գուցե նաեւ վիճակագրություն ապահովելու համար են դատարանների կողմից կայացվում նմանատիպ որոշումները»։

Դատախազությունից եւս փորձեցինք ճշտել, թե արդյոք պատրաստվո՞ւմ են բողոքարկել դատարանի որոշումը։ Մեզ փոխանցեցին, որ վերաքննիչ բողոքը երեկվա դրությամբ արդեն իսկ ներկայացվել է դատարան։