«Հրապարակ». Ադրբեջանը փորձում է արագացնել Խաղաղության պայմանագրի ստորագրումը

«Հրապարակ». Ադրբեջանը փորձում է արագացնել Խաղաղության պայմանագրի ստորագրումը

Նոր պատերազմի վտանգը մի քանի օր է՝ կախված է օդում․ կրակոցներ Արցախի Կարմիր Շուկայի ուղղությամբ, կուտակումներ Կովսականում, թուրք-ադրբեջանական զորավարժություններ, մինչեւ 50 տարեկան ադրբեջանցի տղամարդկանց՝ երկրից բացակայելու արգելք։ Նաեւ լուրեր են տարածվում, թե թշնամին Սյունիքի սահմանին է կուտակվում։

Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախօրեից Արցախի ՊԲ բանակը բերվել է բարձր պատրաստականության, իսկ ՀՀ իշխանական շրջանակներում կարծում են, որ Ադրբեջանը նման ճնշումներով փորձում է հնարավորինս արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը` իր ցանկալի տարբերակով: Այն է՝ պայմանագրում Արցախի եւ նրա հետագա կարգավիճակի մասին որեւէ հիշատակում չպետք է լինի, ինչպես նաեւ՝ Հայաստանը պետք է համաձայնի Զանգեզուրի միջանցքին։