«Հրապարակ»․ Անձամբ Նիկոլ Փաշինյանն է ԱԱԾ-ին հրահանգել, որ դատեն ինձ 

«Հրապարակ»․ Անձամբ Նիկոլ Փաշինյանն է ԱԱԾ-ին հրահանգել, որ դատեն ինձ 

«Նորք-Մարաշ» խմբի գործով անցնող ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանին Վերաքննիչ դատարանը դատապարտել է 13 տարի ազատազրկման եւ հաշվակցելով նախաքննության եւ դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը, վերջնական պատիժ է սահմանել 9 տարի 2 ամիս։ Հիշեցնենք․ այդ գործով անցնում էր 20 անձ, որոնց մեղադրում էին 2015 թվականին իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ նախապատրաստելու համար: Բոլորին հետագայում կալանքից ազատեցին, այժմ երկու ատյանով հաստատված դատավճիռ կա, բոլոր 19-ին պայմանական են դատապարտել, իսկ խմբի ղեկավարին 13 տարի են տվել, եւ եթե վճռաբեկը հաստատի դատավճիռը, նա պետք է նստի: Արթուր Վարդանյանի հետ զրուցել ենք այս գործի մասին:

- Փաստորեն, Դուք միակ մարդն եք, ով փաստացի պատիժ է կրելու կալանավայրում, ինչո՞ւ։

- Որոշ պաշտոնաթող սպաներից ինձ տեղեկություններ են հասել այն մասին, որ անձամբ Նիկոլ Փաշինյանն է ԱԱԾ-ին հրահանգել, որ դատեն ինձ։ Որովհետեւ ես միշտ բացահայտ եմ խոսում, ու իմ հիմնած նախաձեռնությանը՝ Հանուն ազգային արժանապատվության ճակատին, շուրջ հազար մարդ է միացել, իսկ դա քիչ թիվ չէ, չնայած մենք դեռ շատ անելիքներ ունենք ու փորձում ենք ճիշտ քայլերով առաջ գնալ։ Հիմա դա իրենց անհանգստացրել է, անհանգստացրել է նաեւ թշնամուն՝ ադրբեջանցիներին, որովհետեւ սրանից մեկուկես շաբաթ առաջ Ալիեւն իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, որ Հայաստանում ի հայտ են եկել նոր ռեւանշիստներ, եւ հարկավոր է, որ Հայաստանի Հանրապետությունը կանխի այդ ռեւանշիստների գլուխ բարձրացումը։

- Ենթադրում եք, որ Ձե՞զ նկատի ունի։

- Վստահ եմ, որովհետեւ մենք շփվում ենք զորացրված գնդապետների, բարձր կոչումներ ունեցող այլ զինվորականների, հետախուզության աշխատակիցների հետ, ովքեր մեզ փոխանցում են այս տեղեկությունները։ Միշտ իրենցից ենք տեղեկություններ ստանում, ու պայքարելու ունակ մնացել են մեր սպաները, ովքեր հեռացել են զինվորական ծառայությունից, հրաժարվել են կապիկների առաջ «չեսծ» տալուց։

- Այսինքն՝ այդքան մարդու մեղադրանք էր ներկայացվել, սակայն միայն Ձեզ են ուզում նստեցնել։

- 19 հոգուն մասնակի արդարացրել են, 7-8 հոգու նկատմամբ կիրառեցին փորձաշրջան, նաեւ՝ համաներում, չնայած որ նույն հոդվածներով ենք։ Ընդ որում՝ ինձ վրա չկա ինչ-որ խմբի ղեկավարի հոդված... Ես ուրախ եմ, որ մարդկանց ազատ են թողել, մասնակի արդարացրել են, այդ տարիներից կրճատել ու փորձաշրջան են տվել։ Ի դեպ, դատարանում, հատկապես վերաքննիչում, միայն ես եմ խոսել Արցախի մասին, Արցախի կորստի մասին եւ քանի որ ես ներողություն չխնդրեցի, չեմ ասել, որ պատրաստ եմ համակերպվել, որ թուրքը պիտի գա ու ապրի իմ երկրում, ինձնից խլի իմ երկիրը, իմ արժեքները, երեւի դրա համար մտածեցին, որ սա սպառնալիք է։
Բացի այդ, որոշ պատգամավորներից տեղեկություններ են հասել, որ Փաշինյանը, բառիս բուն իմաստով, գժված է, ու անմիջապես հատուկ կառույցներին հստակ ցուցում են տվել, որ Արթուր Վարդանյանի դեպքում ներում-բեկում չլինի։ Սա հստակ քաղաքական ուղղորդված որոշում է։

- Ի՞նչ եք ձեռնարկելու։

- Մտածում ենք մամուլի ասուլիս տանք։ Փաստաբանս կարծում է նաեւ, որ ես չեմ հաշտվել 2020 թվականից հետո ստեղծված իրավիճակի հետ, որ խոսել եմ այն մասին, որ Արցախը հայկական է, ու դա դուր չի եկել ներկա իշխանություններին։ Մենք միանշանակ բողոքարկելու ենք, գնալու ենք Եվրադատարան՝ հաշվի առնելով, որ Եվրադատարանում մենք մի անգամ արդեն հաղթանակ տարանք, որտեղ հստակ ասվում է, որ նախնական կալանքի մեջ պահելու ժամանակ՝ 2 տարի եւ 8 ամիս, ինձ նույնիսկ զանգի իրավունքից են զրկել, ինչը կոպտագույն խախտում է, եւ դա արձանագրված է Մարդու իրավունքների դատարանի կողմից, պետությունն ինձ փոխհատուցում տվեց դրա համար։ Պարզ է, որ 20 հոգու միջից 19 հոգի կարողանալու է շարունակել իր կյանքը, բայց իմ հանդեպ կիրառվում է շատ խստագույն միջոց։ Մարդասպաններին, որ մարդ են սպանել, այդ տեսակի դատավճիռ չեն կայացնում։ Իմ հանդեպ կիրառում են, որ ես դուրս եմ եկել նախկին իշխանությունների դեմ ու պայքարել եմ, դրա համար 4 տարի ԿԳԲ-ի նկուղում եմ անցկացրել, բայց այսօր այն մարդիկ, ովքեր քննադատում են նախկիններին, ինձ դատապարտում են այդ նույն նախկինների դեմ դուրս գալու համար։ Նույնիսկ նախկինների ժամանակ նման ճղճիմ պահվածք չի եղել։

- Վահան Շիրխանյանը եւս կար մեղադրյալների շարքում։

- Այո, նա մասնակի արդարացվեց։ Ես մի բան եմ հասկանում, երեւի ով իրենց քիմքին համահունչ է կամ ով կարողացել է դրսեւորել իրեն այս իշխանությունների հետ, մասնակի արդարացվել է։

- Ուզում եք ասել, որ Շիրխանյանը համագործակցության է գնացել իշխանությունների հետ, դրա համա՞ր է արդարացվել։

- Ես չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ եթե արդար դատավճիռ կայացվեր, ապա այն պետք է արդար լիներ բոլորի համար, ոչ թե մի հոգու գնդակահարել, դանդաղ մահվան դատապարտել, իսկ մյուսներին մասնակի արդարացնել կամ փորձաշրջան նշանակել։ Ես հասկանում եմ` դատավորներն իմ հանդեպ կողմնակալ որոշում են կայացրել, եւ ես մտածում եմ, որ հենց առաջին ատյանից պլանավորել են այնպես անել, որ ինձ դատապարտեն։ Առաջին ատյանի դատավոր Մակյանը դատավճիռ կայացրեց, եւ ես մտածում եմ, որ առաջին օրվանից փորձել են լռեցնել, որովհետեւ մեկ ամսվա մեջ 13 անգամ ինձ արդեն սպառնացել են` վերջին մեկուկես ամսվա ընթացքում, որ ինձ կալանավորելու են, որ ինձ բռնել են տալու, որ գլխիս սարքելու են։

- Ումի՞ց եք սպառնալիք ստացել։

- Առաջին սպառնալիքներից մեկն այն էր, որ ինձ թաղելու են հորս կողքին, սպառնում էին, որ իմ հարցը լուծելու են հենց Հայաստանի դատական համակարգի միջոցով, ու վերաքննիչի դատավճռից մեկ ժամ հետո սկսեցի նամակներ ստանալ մեսինջերից` ադրբեջանցիներից՝ երջանիկ սմայլիկներով, որ ինձ դատապարտել են: Իրենք ավելի շուտ են իմացել վճռի մասին, քան թե ես։ Շատ զարմանալի էր, թե ինչպես են կարողացել ավելի շուտ տեղեկանալ։ Դրանից հետո Հայաստանում գործող տարբեր տեսակի մարդկանց, պիղծ երեւույթների կողմից սկսեցին տարածվել ուրախալի լուրեր, որ` հասնում է դրան, որ շուտ պիտի դատեին եւ այլն, եւ այլն։ Այնպես որ, հասկանալի է, որ սա համակարգված հարձակում է բոլոր նրանց դեմ, ովքեր կարող են միգուցե կանխիչ գործողություններ իրականացնել, որ Հայաստանը չթուրքացվի։