Արտակարգ դրության պայմաններում աշխատող ոստիկանները դժգոհում են պետությունից

Արտակարգ դրության պայմաններում աշխատող ոստիկանները դժգոհում են պետությունից

Ոստիկանության  զորքերի մի քանի ոստիկաններից ահազանգ ենք ստացել՝ կապված իրենց տրամադրած սնունդի որակի, աշխատավարձի չափի եւ այլ խնդիրների հետ։
Նրանք մեզ, մասնավորապես, պատմում էին․ «Իրենց տված տուշոնկեն նայեք հլը, շանը տալիս ես, չի ուտում։ Ուտել չի լինում, գրած ա ժամկետի մեջ ա, բայց դե․․․ որ գործուղման ենք եկել դրա համար են տվել 1 հատ տուշոնկա, մի կտոր հաց; Սնունդը չեն տալիս, աշխատավարձը 110 հազար դրամ ա, գործուղում են ուղարկում, բայց պրեմիա չկա ու տենց բաներ։ Մենք սպասում ենք նախարարին, տենանք՝ ինչ ա ասում»։


Մեր զրուցակիցները նաեւ նշեցին, որ արտակարգ դրության այս պայմաններում հաճախ ընդմիջում անում են փողոցում կամ որ ավելի լավ է ծառերի տակ։ Այդ իսկ պատճառով էլ այս ընթացքում մի քանիսը համակարգից ազատման դիմումներ են ներկայացրել։
Նաեւ հանդիպելու են այսօր ներքին զորքերի հրամանատար Վահե Ղազարյանի հետ՝ բարձրաձայնելու իրենց դժգոհությունների մասին։
Ոստիկանության լրատվական ծառայությունից պատասխանելով սնունդի հետ կապված որակի հարցին՝ ասացին, որ դրսում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողներին տրամադրվում է չոր օրապահիկ, որը սահմանված է համապատասխան որոշումներով, ինչ վերաբերում է մսի պահածոներին դրանք չեն կարող ժամկետն անց լինել, քանի որ ձեռք բերելուց առաջ որոշակի ընթացակարգեր են անցել, նաեւ լաբորատոր ստուգումներ։

Ինչ վերաբերում է աշխատավարձի վերաբերյալ դժգոհություններին, համակարգը լքելուն եւ Վահե Ղազարյանի հետ հանդիպմանը, ապա փոխանցեցին․ «Ոստիկանության զորքերի բոլոր ծառայողները ստացել են ամսական հավելավճարներ,բացի այդ հունիսի 1-ի ոստիկանության պետի հրամանով լրացուցիչ պարգեւավճար է հատկացվելու․․․ Մայիսի 1-ից մինչ օրս ՈԶ շարքերը լքել է 12 շառայող, իսկ նույն ժամանակահատվածում զորքեր ընդունվել է 32 անձ ․․․ՈԶ հրամանատարի հետ որեւէ հանդիպում նախատեսված չէ եւ նման առաջարկ անգամ չի եղել ու դժգոհությունների մասին էլ հրամանատարությանը չի բարձրաձայնվել։ Ոստիկանության զորքերն այսօր պետական սահմանը պաշտպանելուց զատ ներգրավված են նաեւ համաճարակի դեմ պայքարում եւ պատվով են կատարում իրենց գործառույթները»։


Նշենք, որ մեր տեղեկություններով՝ ոստիկանապետի որոշումը ոստիկանների լրացուցիչ պարգեւավճարը կազմելու է 50 հազարական դրամ։
Նշենք, որ ոստիկանությունն այս օրերին աշխատում է ծանրաբեռնված,  հենց այդ կառույցն է վերահսկողություն իրականացնում։