Ամբողջ ընտանիքներ են զոհվել ահաբեկչությունից

Ամբողջ ընտանիքներ են զոհվել ահաբեկչությունից

Մենք բոլորս հասկանում ենք, որ սա ողբերգական դեպք է, սա անմարդկայնություն է, սա վայրագություն է և ստորություն է այսպիսի բան անել։ «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչական ակտին, ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Ամբողջ ընտանիքներով մարդիկ են զոհվել՝ միմյանց գրկելով։ Սա սարսափելի ողբերգություն է, արդեն հաղորդվում է, որ 150-ը գերազանցել է մահացածների թիվը։ Այս ահաբեկչությունը կմտնի իհարկե և Ռուսաստանի պատմության մեջ և համաշխարհային պատմության մեջ՝ բավականին խոշոր և շատ բարբարոս արարք է։ Իմ կարծիքով շատ կարևոր է և շատ ճիշտ են անում մեր հայրենակիցները, որ գնում են դեպի Ռուսաստանի դեսպանատուն։ Ես այնտեղ էի իմ գործընկերների հետ, միության կողմից մեր հարգանքը մատուցեցինք, այնտեղ էին նաև իմ ուսանողները սլավոնական համալսարանից»,-ասաց քաղաքագետը։

Խաչիկյանը կարծում է, որ շատ կարևոր է հայտնել մեր համերաշխությունը ռուս ընկերների հետ և մեր ցավակցությունները զոհվածների ընտանիքներին, նրանց մտերիմներին։ Դա առավել ևս կարևոր է այս պարագայում, որ մեր ժողովուրդը, մեր հասարակությունն ինքն իրեն ներկայացնի, քանի որ ոչ լավ ժամանակներ են ապրում հայ-ռուսական պետական հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով ոչ պաշտոնական ձևով ավելի ճիշտ կլինի արձագանքել այս բարբարոսական դեպքին։

Քաղաքագետը նկատում է, որ ռուսական կողմն անշուշտ տեսնում և գնահատում է այն, թե ինչպես են հայերը արձագանքում ու ինչպես են իրենց ցավակցությունը հայտնում Հայաստանում, Երևանում։ Արդեն ռուսական մեդիաներում այդ մասին խոսում են։

«Շատ ճիշտ են անում մեր հայրենակիցները, մարդկայնություն են ցուցաբերում։ Մարդ լինելը, մարդկային լինելը շատ կարևոր է և մեր համերաշխությունը հայտնել՝ դա գնահատվում է»,-ասաց վերջինս։

Ինչ վերաբերում է ՀՀ ներկա իշխանությունների կողմից ՌԴ-ին ահաբեկչության վերաբերյալ հնչած ուղերձներին, ասաց, որ լավ է, որ դա արվում է, սակայն, ցավոք սրտի, հաշվի առնելով, թե նրանք «ինչ կլիմա են ստեղծել Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում», բոլորը հասկանում են, որ դա ձևականություն է․«բայց ոչինչ, թող գոնե այդպես լինի՝ գոնե այդպես»։

Իսկ ովքե՞ր են այս ահաբեկիչները և որտեղից են, Խաչիկյանը համոզված է, որ պետք է պատասխանատու վերաբերվել նմանատիպ տեղեկատվությանը, քանի դեռ չկան պաշտոնական վարկածներ, պաշտոնական տեղեկատվություն՝ սխալ է ենթադրելը։ Քաղաքագետը հույս է հայտնում, որ կազմակերպիչները կգտնվեն շատ շուտով ու կպատժվեն ամենայն խստությամբ։

«Հուսով եմ, որ սա չի դառնա ևս մի հետևանք Արևմուտք-Ռուսաստան պատերազմի, բախմանը և հուսով եմ, որ հետքերը չեն տանելու այն երկրներ, որոնք նշեցիք, որովհետև դա կարող է սաստիկ ձևով բերել էսկալացիայի՝ այս կոնֆլիկտում։ Բայց եկեք սպասենք պաշտոնական տեղեկատվության, որը հիմնված կլինի փաստերի և ապացույցների վրա»,-եզրափակեց Արթուր Խաչիկյանը։