ՍԴ որոշման մեջ դեռեւս մանեւրելու տեղ կա՞, թե՞ ամեն ինչ հստակ է

ՍԴ որոշման մեջ դեռեւս մանեւրելու տեղ կա՞, թե՞ ամեն ինչ հստակ է

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը 2009 թվականին ընդունված ՀՀ Քրօր․ 300.1 հոդվածը Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող ճանաչեց, ինչը ենթադրում էր, որ դատարանը պետք է կարճեր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Համենայնդեպս, այդպես են պնդում մեծ թվով իրավաբաններ եւ մեղադրյալների պաշտպանական թիմերը՝ համարելով, որ 300.1 հոդված այլեւս գոյություն չունի, ուստի այդ հոդվածով քրեական գործով դատական նիստ եւս չի կարող լինել։ Երեկ կայացած դատական նիստին գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանից Քոչարյանի ու մյուսների պաշտպանները հենց սա էին ակնկալում՝ անհապաղ հրապարակել գործը կարճելու, մեղադրանքը վերացնելու վերաբերյալ որոշումը, սակայն դատավոր Դանիբեկյանը դրա փոխարեն հայտարարեց նիստը մինչեւ ապրիլի 2-ը հետաձգելու մասին։ Նիստին ներկա չէր մեղադրող դատախազը, ինչը նույնպես տարակուսանքի առիթ տվեց։ Թերեւս իշխանությունը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ անի ՍԴ որոշումից հետո։

Թեմայի շուրջ մենք զրուցել ենք իրավաբանների հետ։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը նախեւառաջ նկատեց, որ ՍԴ-ի կայացրած որոշումն այնքան միանշանակ էր, ինչպիսին հաճախ չի պատահում։ «Եթե նայեք ՍԴ որոշումները, ի սկզբանե, դեռեւս նախորդ ժամանակաշրջանում էնտեղ շատ հաճախ հղում էր արվում, որ այս հոդվածը այս մեկնաբանության շրջանակներում ճանաչել հակասահմանադրական։ Այսինքն՝ հնարավոր է մտածել այլ մեկնաբանություն, որով սահմանադրական կարող է ճանաչվել։ Բայց տվյալ մեկնաբանությամբ էստեղ նման դեպքի հետ մենք չենք առնչվել»,- ասաց Գագիկ Ղազինյանը։

Հիշեցինք, որ նման ենթատեքստերով որոշումներ բարձր դատարանը կայացնում էր հատկապես Գագիկ Հարությունյանի ժամանակ, երբ դրանք տարբեր մեկնաբանությունների տեղիք էին տալիս։ Ղազինյանը նկատեց․ «Այո, բայց դա ոչ թե որպես բացասական երեւույթ, այլ այնքան նուրբ էին մոտենում հարցին, որ հանկարծ չլինի էնպես, որ, գիտե՞ք, դուք սա ճանաչել եք հակասահմանադրական, բայց այլ մեկնաբանությամբ, եթե կիրառվեր, կարող էր չճանաչվել։ Դրանք բացառելու նպատակով էին արվում այդ հետեւությունները։ Այսինքն՝ շատ խորքային էր մոտեցումը»։ Գուցե հիմա բա՞ն է փոխվել Սահմանադրական դատարանում, քանզի նախկին 70-80 էջանոց որոշումներից շատերը բան չէին հասկանում։ «Եկեք դեպքերն անձերի հետ չկապենք, ուղղակի սա այն դեպքն է, որ լիներ նույնիսկ Գագիկ Հարությունյանը կամ այլ դատավոր, այլ որոշում չէր կարող լինել, եթե, իհարկե իրեն եւ ուրիշները համարում են իրավաբան, եւ ինքը չի դավաճանում իր մասնագիտությանը։ Դրա համար էստեղ արդեն ուզենային էլ, չէին կարող։ Ուրիշ բան, եթե փորձեին, ինչպես միշտ, շատ կներեք բառի համար, բռնաբարել իրավաբանությունը, միգուցե»,- ասաց պարոն Ղազինյանը։

Իսկ ի՞նչ է լինելու հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածի հետ, Քրեական օրենսգրքում փոփոխությո՞ւն է կատարվելու, այն հանվելո՞ւ է օրենսգրքից, թե՞ դիսպոզիցիան է փոխվելու։ Ղազինյանի կարծիքով՝ փոփոխություն կկատարվի, թե ոչ՝ այդ հոդվածը գոյություն չունի։

Նա նաեւ ուշադրություն դարձրեց իրավական որոշակիության խնդրին, որի շրջանակներում Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող է ճանաչվել 300.1 հոդվածը, հետադարձ ուժի խնդրին, երբ ՍԴ-ի այս որոշումն ունի հետադարձ ուժ, ինչից, ըստ էության, բխում է, որ 2009-ին ընդունված 300.1 հոդվածն ի սկզբանե առոչինչ է եւ չի կարող տարածվել 2008-ին տեղի ունեցած իրադարձությունների, թույլ տրված արարքների վրա։ «Եթե արարքը կատարվել է 2008-ին, ապա 2009-ին չի կարող այն հանցակազմի տեսք ունենալ եւ մտնել օրենսգիրք, եւ դրանով 2008-ին կատարված արարքը որակվել չի կարող, քանի որ Քրեական օրենսգրքում գործում է մեկ սկզբունքային նորմ՝ արարքը համարվում է հանցագործություն, եթե այն նախատեսված է Քրեական օրենսգրքով։ Այսինքն, եթե 2009-ին է հոդվածը մտել օրենսգիրք, այն չի կարող տարածվել 2008-ին եւ դրանից առաջ թույլ տրված արարքների վրա»,- ասաց Գագիկ Ղազինյանը։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Մարգարյանն էլ, ով 2019-ին «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել էր ԲԴԽ անդամի թեկնածու, սակայն չընտրվեց «Իմ քայլի» կողմից, մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չի հասցրել ամբողջովին ծանոթանալ ՍԴ-ի որոշմանը, սակայն մեր ուշադրությունը հետաքրքիր մի նրբության վրա հրավիրեց, որից կարելի է եզրակացնել, որ մեղադրող կողմը գուցե դեռ մանեւրելու տեղ ունի։ Նա նախ հիշեցրեց, որ 2008-ին Քրեական օրենսգրքում եղել է 300-րդ հոդվածը, որը պատասխանատվություն էր սահմանում իշխանությունը յուրացնելու համար։ Սակայն 2009 թ․ մարտի 18-ին Քրեական օրենսգրքում տեղի ունեցավ փոփոխություն, որով իշխանությունը յուրացնելու հոդվածը՝ այն ժամանակ հոդված 300-ը, ձեւափոխվեց սահմանադրական կարգը տապալելու հոդվածի՝ 300.1-ի, եւ դրանից հետո՝ 300.2-ի, որը վերաբերում է երկրի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններին։ Այսինքն՝ մինչեւ 2009 թվականը մենք ունեցել ենք ուրիշ խմբագրմամբ տարբերակ, որը վերաբերում էր իշխանությունը յուրացնելուն։ «Ես, իհարկե, ՍԴ-ի դիրքորոշումը կնայեմ կհասկանամ՝ իրենք ինչ կտրվածքով են նայել, բայց եթե մենք խոսում ենք արարքների մասին, որոնք նախկինում նախատեսված չեն եղել, այլ նախատեսված են եղել նոր տարբերակով, ապա Քրեական օրենսգրքի պարագայում պատասխանատվություն սահմանող նորմերը հետադարձ ուժ չունեն։ Հետեւաբար, կիրառելի չեն կարող լինել այն արարքների նկատմամբ, որոնք կատարվել են մինչ այդ»,- նկատեց տիկին Մարգարյանը։

Ապա շարունակեց․ ինչ վերաբերում է իշխանությունը յուրացնելու հոդվածին, որի վերաբերյալ դիսպոզիցիան մինչեւ 2009-ի փոփոխությունը հետեւյալն էր՝ «Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու uպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը», ապա, ըստ Մարգարյանի, եթե մեղադրանքի ծավալը սահմանափակվի այն մասով, որը վերաբերելի է այն ժամանակվա եղած իշխանությունը յուրացնելու շրջանակին, ապա այդ դեպքում գործը կարճելու պահանջը վիճահարույց է լինելու։ Հարցին՝ ստացվում է, որ դեռեւս միանշանակ չէ կարճումը, եւ դատախազությունը կարող է սողա՞նցք ունենալ մանեւրելու համար, տիկին Մարգարյանն ասաց․ «Մանեւրելու տեղ կարող է ունենալ մեղադրանքի ծավալից կախված։ Եթե գալիս է նրան, որ արդյունքը սահմանադրական կարգը տապալելն է, դա է խնդիրը, այդ դեպքում պրոբլեմ է լինելու մեղադրանքի կողմի համար, որովհետեւ մենք այսօրվա դրությամբ արդեն ունենք այն խնդիրը, որ ձեւակերպման առումով ինքը հստակ չէ, միաժամանակ անկանխատեսելի է, որովհետեւ հիմնականում, եթե ես չեմ սխալվում, ՍԴ դիմելու պարագայում խնդիրն այն է, որ հստակ չէ, կանխատեսելի չէ նորմը, այսինքն՝ հասկանալի չէ, թե սահմանադրական կարգ տապալել ասելով՝ ինչ նկատի ունեն»։