Ինչ են խնդրել վերադարձած գերիների ծնողները Փաշինյանից

Ինչ են խնդրել վերադարձած գերիների ծնողները Փաշինյանից

Դեկտեմբերի 15-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրի էր այցելել՝ ՔՊ նիստն անցկացնելու, հանդիպում է կազմակերպել նաև վերադարձած գերիների ծնողների հետ :Ըստ պաշտոնական հաղորդագրության Կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է, որ այս երեք տարիների ընթացքում ամեն հնարավոր բան արվել է գերիների վերադարձի համար: Գերիների հարազատները շնորհակալական խոսքեր են հղել վարչապետին և կառավարությանը գործադրած ջանքերի համար: Հանդիպմանը ներկա մեր աղբյուրը նշեց, որ չնայած ծնողների կաշկանդվածությանն ու հոգեկան մաշվածությանը, Փաշինյանին հերթով միայն շնորհակալական խոսք ասացին՝ փորձելով զերծ մնալ այլ խոսակցություններից, իսկ քաղաքականության կամ խաղաղության օրակարգի մասին ընդհանրապես չհիշատակել: Ուշագրավ է, որ վերադարձած շիրակցի 26 գերիների ծնողներն էլ ներկա են եղել հանդիպմանը: Տեղեկացանք, որ Փաշինյանի այցից ժամեր առաջ նրանց զանգահարել են մարզպետարանից եւ հրահանգել, որ անպայման ներկա գտնվեն հանդիպմանը: Երեք տարի անց վերջապես իրենց զավակներին ողջ եւ առողջ տեսնելուց ու գրկելուց հետո, նրանք միանշանակ պատրաստակամություն են հայտնել հանդիպել վարչապետին :Գյումրիից գերեվարված Հրաչ Ավագյանի մայրը՝ տիկին Հայկուշը, hraparak.am -ի հետ զրույցում ասաց, որ ներկա է եղել հանդիպմանը, այն կարճ է տևել․«Մարզպետարանից զանգեցին, ասեցին՝ վարչապետի հետ պիտի հանդիպեք, դե, ոնց կլիներ չգնայինք, մենք մեր շնորհակալությունը հայտնեցինք, ինքն էլ մեզ: Հրաչիս աղջիկը 6 ամսական էր, որ գերեվարվեց, եկել է, աղջիկն արդեն 3,5 տարեկան է» : Տիկին Հայկուշից հետաքրքրվեցինք՝ այլ թեմաներ քննարկե՞լ են, կաշկանդվա՞ծ են եղել : «Չէ, ուրիշ բանից չենք խոսել, հանդիպումը բավականին ջերմ էր․․․»,-ասաց նա:

Իսկ ահա Շիրակի մարզի Այգաբաց համայնքից գերեվարված եւ վերադարձած Ռոբերտ Գևորգյանի հայրը՝ Հովհաննես Գևորգյանը hraparak.am -ին ասաց, թե վարչապետից մի քանի բան խնդրեցին․«Խնդրեցինք, որ մեր մյուս գերի մնացած տղաներին էլ վերադարձնեն, նաև մենք էլ խնդրեցինք, ինքն էլ առաջարկեց, որ մեր երեխեքին լրացուցիչ բժշկական զննության ենթարկեն, եթե զգացինք, որ դրա կարիքը կա: Ամեն դեպքում, 3 տարի գերության մեջ լինելը հեշտ բան չէ: Վարչապետն աշխատանքի հետ կապված էլ ասեց, որ ով նախկինում ինչ գործի է եղել, պիտի վերականգնվի իր աշխատանքին , հիմա տղաս ուզում եմ մի քիչ հանգստանա, ադապտացվի, նոր իրեն համապատասխան մի գործ կգտնի, ընտանիք կկազմի» : Հովհաննես Գևորգյանի խոսքով՝ այլ թեմաներ վարչապետի հետ չեն քննարկել, քանի որ նպատակահարմար եւ տեղին չէր: