Այդ փաստաթղթով Փաշինյանին կրկին ժամանակ տրվեց, որ ավելի ցավոտ զիջումների նախապատրաստվի

Այդ փաստաթղթով Փաշինյանին կրկին ժամանակ տրվեց, որ ավելի ցավոտ զիջումների նախապատրաստվի

Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացավ Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին- Իլհամ Ալիև հանդիպումը, որից հետո ստորագրվեց հերթական եռակողմ հայտարարությունը։ Հասարակական- քաղաքական գործիչ Լուսինե Հարոյանին հարցրինք, թե իր կարծքով ինչի՞ մասին էր այդ փաստաթուղթը, արդյոք այն ենթադրում է Հայաստանի համար հերթական զիջումնե՞ր, թե՞ նաև մեզ համար շահավետ դրվագներ կան․

«Փաստաթղթից և այդ հանդիպումից որևէ սպասելիք չունեի։ Այս փաստաթուղթը փաստացի ոչնչի մասին էր։ Հիմնական շեշտը  նորից դրված է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վրա, իսկ բոլորիս համար հասկանալի է, որ դա առաջին հերթին թուրք-ադրբեջանական շահերից է բխում, որովհետև և՛ ապաշրջափակման ստրատեգիան, որը հիմա տարվում է, և՛ նաև այդ միստիկ քարտեզներով դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը լիովին բխում է թուրք ադրբեջանական շահերից, Հայաստանն այստեղ միայն տուժում է։ Այսինքն՝ փաստաթղթում ևս մեկ անգամ զուտ ընդգծվում է ադրբեջանական շահը, այն առաջին պլան է բերված։ Ավելին՝ այստեղ ընդհանրապես խոսք չկա Արցախի կարգավիճակի և որևէ այլ ստատուսի մասին, ավելին՝ եթե նկատեցիք, արդեն հարաբերությունները ամբողջովին գնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ որևէ խոսք, որևէ ծպտուն անգամ չկա Արցախի մասին, այսինքն՝ ոչ ուղղակիորեն, բայց փաստացի այս փաստաթղթով փակվում է Արցախի հարցը, ինչը և սպասելի էր Հայաստանի ներկա կառավարության կողմից, որովհետև այս կառավարությունը բազմաթիվ անգամները ապացուցել է, որ ինքը գործում է թուրք- ադրբեջանական տանդեմի շահերից: Կարող  եմ հստակ ասել, որ այս փաստաթղթի ստորագրումից Հայաստանը բացարձակապես ոչ մի բան չի շահել։ Այստեղ փաստացի ընդգծվում է նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին հավատարիմ մնալու պատրաստակամությունը, այսինքն՝ մեկ անգամ ևս հաստատվում է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը , և հաստավում է, որ Հայաստանը հավանություն է տվել այս փաստաթղթին և կատարել դրա պահանջները, չնայած որ շատ լավ գիտենք, որ այդ փաստաթղթում պահանջներ կան, որոնք չեն իրականանում, մասնավորապես ՝ գերիների վերադարձը, այդ մասին այս նոր փաստաթղթում էլ որևէ ակնարկ չկա։ Եթե ամփոփեմ խոսքս, ապա պիտի ասեմ, որ փաստաթուղը որևէ կերպ չի զսպելու Ադրբեջանին, և կարծում եմ, որ այն շատ ժամանակավրեպ է և թշնամուն ժամանակ է տալիս ավելի լավ նախապատրաստվելու համար։ Ցավոք, մենք տեսնում ենք, որ մեր կառավարությունը ոչ մի բան չի անում ո՛չ բանակը վերազինելու, ո՛չ արդիականացնելու ուղղությամբ, այլ խոսում է միայն խաղաղության դարաշրջանի բացման մասին, որն, իհարկե, նման պայմաններում աբսուրդ է։ Խաղաղություն դու կարող ես ունենալ միայն այն ժամանակ, երբ դու ունես լավ զինված բանակ, պատերազմին պատրաստ բանակ և հասարակություն, իսկ մենք առայժմ չունենք դա, և ամեն ինչ արվում է, որ չունենանք, արվում է այս կառավարության կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ պատճառով էլ այս փաստաթուղթը և մնացյալ այլ փաստաթղթեր, որ կստորագրվեն նման հանդիպումների ժամանակ, համոզված եմ, որևէ զսպաշապիկի դեր չեն խաղա Ադրբեջանի համար, և Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը։ Նաև տպավորություն էր, որ այդ հանդիպումով և փաստաթղթով Փաշինյանին նորից ժամանակ տրվեց՝ հետագայում մեզ համար ավելի ցավոտ զիջումների նախապատրաստվելու համար, ես այդ տպավորությունը ստացա, և ցավալիորեն դառը փորձը ցույց է տալիս, որ այդպես էլ եղել է։ Եթե Փաշինյանին տրվում է այդ ժամանակը, դա նշանակում է, որ այդ ժամանակը վերցվում է մեզնից, ովքեր պատրաստ են իրական պայքարի, ովքեր պատարստ են Փաշինյանի կառավարությանը հեռացնել, բոլորս արդեն համոզվել ենք, որ վարչապետ կոչվածը գործում է օտարի շահերից, որովհետև բացի կապիտուլյացիայի ստորագրումը, այլև դրան հաջորդած այս մեկ տարվա ընթացքում ոչ մի հայանպաստ քայլ չարվեց, ավելին՝ ոչ մի դաշնագիր չստորագրվեց այն պետությունների հետ, որոնք օգնություն առաջարկեցին, հիշեք, թե վերջերս Իրանի կողմից քանի նման առաջարկներ եղան, և այդ առաջարկները մերժվեցին, ինչն ակնհայտ ցույց է տալիս, որ ՀՀ ներկայիս կառավարությունը օտարահպատակ է, բոլորովին չի ներկայացնում ՀՀ շահերը»