Տիկին Յոլյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է․ պարզաբանում է պաշտպանը

Տիկին Յոլյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է․ պարզաբանում է պաշտպանը

 

Այո, հենց այս պահին տեղի է ունենալու Գորիսի փոխհամայնքապետ տիկին Յոլյանին կալանավորելու մասին քննարկումը։ Երեկ նա ձերբակալվեց, ինչը միանշանակ ոչ իրավաչափ է։ Այս մասին քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ երեկ Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։

Նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքապետարանի երկու աշխատակիցներին։

Մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով։

«Այո, ձերբակալումը ոչ իրավաչափ է, քանի որ նոր քրեական դատավարության օրենսդրության կարգավորման համաձայն՝ ձերբակալման պատճառներից մեկը հանդիսանում է որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննարկմանը դատարան ներկայացնելու նպատակով։ Մենք ձերբակալման արձանագրության մեջ, որ այդ պատճառն այնքանով գոյություն չունի, որքան ոչ իրավաչափ է այն տեսանկյունից, որ քննիչի կողմից այդ նպատակի իրագործումն իրականում հայեցողական իրավունք է։ Այսինքն՝ քննիչն ունի հայեցողական իրավունք` ձերբակալելու, որպեսզի ներկայացնի մեղադրյալին դատարան՝ կալանավորման հարցի քննարկման համար։ Մյուս համապատասխան իրավունքը՝ արդեն ծանուցմամբ հրավիրելն է ու տեղեկացնելը, որ մեղադրյալի նկատմամբ դատարանում պիտի քննարկվի կալանավորման հարցը։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ այս դեպքում քննիչը երկու հայեցողական իրավունք ունի՝ ձերբակալել անձնին, որ ներկայացնի դատարան, ու հրավիրել անձին, տեղեկացնել, որ դատարանում նման հարց է քննարկվելու»,- ասաց Ալեքսանյանը։

«Մեզ, համենայնդեպս, չեն ներկայացրել որևէ փաստական տվյալ, որևէ հիմնավորված դատողություն այն մասին, որ ավելի բարենպաստ հայեցողական իրավունքի իրագործումը չի լինի արդարացված, դրա պատճառով էլ, ասենք, ներկայացնում են ավելի ոչ բարենպաստ հայեցողական իրավունք։ Այս հարցի կապակցությամբ մենք կոնկրետ գտնում ենք, որ քննիչի՝ ձերբակալման արձանագրությունը կազմվել է ոչ իրավաչափ ձևով»,- հավելեց Ալեքսանյանը։