Սա պատերա՞զմ է, թե՞ ոչ․․․

Սա պատերա՞զմ է, թե՞ ոչ․․․

Գորիսից շատերն են գրում, որ եթե պատերազմ լինի, բոլորը մի մարդու պես կանգնելու ու կռվելու են։ Իրենք դեռ նախկին պատերազմների ,,բարոյականությամբ են ապրում,,։ Նրանց թվում է, թե ինչպես արցախյան, քառօրյա պատերազմների ժամանակ է եղել, հիմա էլ նույնն է լինելու։ Իշխանությունը կանգնելու ու ասելու է՝ ժողովուրդ, մի մարդու պես ոտքի կանգնեք, գնում ենք թշնամու դեմ։ Ընդհանրական պատասխանում եմ՝ ժողովուրդ, առանց պատերազմի են հանձնվում  ձեր տարածքները։

Հենց նոր կարդում եմ Գորիսի  քաղաքապետ Առուշ Առուշանյանի խոսքերը, ով նույն բանն է ասում․ եթե պատերազմ լինի, կանգնելու ենք։ Ոչ ոք չի կասկածում, գիտենք, որ կանգնելու եք։ Թշնամին էլ գիտի, որ կանգնելու եք, Նիկոլն էլ գիտի որ կանգնելու եք, դրա համար ձեր բարձունքները, մարտական կարևոր դիրքերը հանձնվել ու հանձնվում են։ Ձեզ համար հետո ծանր է լինելու, անասելի ծանր, որովհետև այն դիրքերը, որոնք հանձնվել են Սյունիքում, արցախյան առաջին պատերազմի ժամանակ տասնյակ անգամ եղել եմ այդ դիրքերում ու գիտեմ դրանց կարևորությունը։ Թշնամուն բերում, ձեր գլխին նստեցնում են, մարտական կարևոր դիրքերը հանձնում, սա ի՞նչ է նշանակում։ Ոնց որ սնունդը  ծամես ու մնա կուլ տալը։ Վտանգավորը դա է։

Ադրբեջանի գործերը ներսից  հեշտացնում են։ Վերցնենք թեկուզ Տեղ գյուղը, Կոռնիձորը։ Եկել են Տեղի ու Կոռնիձորի կոկորդին նստել։ Մարդկանց վարելահողերում ադրբեջանական դրոշներ են դրել ու երկու գյուղերի մայրուղին  վերցրել իրենց բռի մեջ։ Հիմա դա պատերա՞զմ է, թե՞ պատերազմ չի։ Իշխանությունն ասում է՝ սա այն չէ, ինչ դուք մտածում եք։ Ամեն անգամ նման պատճառաբանություններով թշնամուն առաջ է բերում։ Սա թշնամու հետ պատերա՞զմ է, թե՞ ներսի՞ պատերազմ։ Դրա համար եմ, ասում, որ այս պատերազմը նախկին պատերազմների բարոյականությունը չունի, սա անբարոյական պատերազմ է և նոր մոտեցում է պետք, որովհետև առաջը սուր է, հետևը՝ թուր։ Արցախյան առաջին պատերազմի և քառօրյայի ժամանակ մի մարդ էին՝ իշխանությունը ու ժողովուրդը։ Ազգը գիտեր, որ իր հետևին իշխանությունն է կանգնած, հիմա այդպես չէ, իշխանությունից ավելի են զգուշանում, քան թշնամուց։ 
Թշնամին գիտի հայի ուժը։ Տեղ գյուղի, Կոռնիձորի սխրանքները չեն մոռացվել։ Բայց ես մի դեպք կհիշեցնեմ գորիսեցիներին՝ Կոռնիձորում յոթ տարեկան տղայի մասին։ Ադրբեջանցին ձորի մասով Կոռնիձոր էր մտել,  գողացել 7 տարեկան տղային ու  գերի էր տանում։

Երեխան մեջքի հետևից մատները մտցրել է թուրքի ակնախոռոչները, խառնել, որ աչքերը հանի։ Թուրքը ցավից  ոռնացել, վայր է գցել երեխային ու փախել։ Երեխան եկել է տուն։ Սա գրում եմ նրա համար, որ իմանաք՝ ադրբեջանցին էլ, Նիկոլն  էլ լավ գիտեն, որ դուք հեշտ հանձնվող չեք։ Դրա համար ընտրվել է այս ճանապարհը՝ առանց պատերազմի խաղաղության, դելիմիտացիայի, խաբեության անվան տակ ձեր մարտավարական դիրքերը հանձնվում են։ Որ պատերազմ լինի, խաղ ու պար է լինելու մնացածը։