Բաբկեն Թունյանին էլ է հետաքրքիր, թե ինչու է «Հեքիաթը կանչում» ներդրումների հարցում

Բաբկեն Թունյանին էլ է հետաքրքիր, թե ինչու է «Հեքիաթը կանչում» ներդրումների հարցում

Հայաստանում երկու տնտեսական թռիչքաձեւ աճ եւ ներդրումային բում խոստացած իշխանության ներկայացուցիչ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչու Հայաստանում ներդրումներ չեն լինում։ «Ներդրումներ տեղի ունենում են, ուղղակի էդ ներդրումներն էն ծավալով չեն, ինչ որ ի սկզբանե ակնկալում էինք։ Տարբեր պատճառներ կարող եմ նշել՝ սկսած մեր օրենսդրական դաշտի կարգավորումներից, վերջացրած առանձին դեպքերով, նկատի ունեմ՝ նախադեպերով խոշոր ներդրումային պրոյեկտների հետ կապված եւ հատկապես վերջին ժամանակահատվածում արդեն էս կորոնավիրուսով պայմանավորված։ Այսինքն՝ տեղից մենք խնդիր ունենք ներդրումների ներգրավման առումով՝ ջանքեր գործադրելով, որ ներդրողին պետք է համոզել, որ գան Հայաստան, ու համոզել ոչ թե բառերով, այլ փաստացի ցույց տալով, որ Հայաստանում ներդրողի համար գործելն ավելի հարմար է։ Ու էս փուլում էդ համոզելն արդեն դարձել է պրակտիկորեն շատ ավելի դժվար»,-իրավիճակը փորձեց բացատրել Բաբկեն Թունյանը։

- ԱՄՆ պետդեպը հրապարակել է զեկույց՝ «Ներդրումային միջավայրը Հայաստանում 2020 թ․», որտեղ նշվում է՝ կոռուպցիան շարունակում է էական խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար։ 

- Ծանոթ չեմ, ճիշտն ասած, այդ զեկույցին, ու ինձ համար շատ հետաքրքիր է այդ զեկույցի մանրամասներին ծանոթանալ, որովհետեւ, եթե զեկույցը հրապարակվում է, իր ուսումնասիրությունը, սովորաբար, կատարված է լինում ավելի վաղ։ Պետք է հասկանալ՝ այդ զեկույցը որ ժամանակահատվածն է ծածկում, եւ երկրորդը՝ արդյոք Ձեր ասածից ավելի խորը ինֆորմացիա էնտեղ կա՞, թե՞ չէ։ Եթե ասում եք՝ կոռուպցիան է խանգարում, պետք է հասկանալ՝ որ ոլորտում, ինչ բնույթի կոռուպցիա։ Բայց եթե կա էդպիսի զեկույց, ինքը նշանակում է, որ առնվազն էդտեղ մտահոգվելու ու մտածելու տեղ կա։

- Բայց տեսականորեն ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում կա՞ կոռուպցիա, որը խանգարում է ներդրումներին։

- Ես՝ ինքս, չեմ կարծում, որ կոռուպցիան էսօր կարող է ներդրողներին խանգարել։ Ես անգամ հակառակը կարող եմ ասել, որ որոշ դեպքերում ներդրողների համար՝ ոչ բոլորի, իհարկե, շատ ավելի հարմար է լինում աշխատել, երբ կան կոռուպցիոն որոշակի գործընթացներ։ Այսինքն, եթե որեւէ գործով զբաղվելու թույլտվություն ստանալու համար կարող է իքս գումար վճարել եւ զբաղվել էդ գործով, կոռուպցիայի բացակայությունը նշանակում է, որ էդ մարդը պետք է ստիպված օրենքով սահմանված բոլոր պրոցեդուրաներն անցնի։

- Ու արդյունքում էլի թույլտվություն չեն տալիս, որովհետեւ, օրինակ, նույն քաղաքապետը շինթույլտվություն չի տալիս, անհասկանալի պատճառներով խոչընդոտում են նրանց գործունեությունը, դրա համար էլ մարդիկ նախընտրում են նախկինի պես գումար տալ, որ իրենց գործերն արագացնեն, քան հիմա հայտնվեին փակուղում։

- Տեսեք, Ձեր նշածը, այսինքն՝ շինթույլտվությունների եւ մնացած հարցերի հետ կապված, շինթույլտվությունները մենք էլ ենք ստացել եւ ոչ միայն ստացել ենք, այլեւ Ազգային ժողովում «Իմ քայլի» պատգամավորներով հանդիպել ենք կառուցապատողների, շինարարների եւ Երեւանի քաղաքապետարանի քաղշինկոմիտեի հետ, բայց պրոցեսը հիմա ընթացքում է։ Այ, Ձեր ասածը հենց ապացուցում է այն, ինչ նոր էի ասում։ Այսինքն՝ էս դեպքում մարդիկ հիմնականում ոչ թե բողոքում են, ոչ թե որ կոռուպցիա կա, այլ նրանից, որ պրոցեսները դանդաղ են գնում առաջ։ Հիմա խնդիրն էստեղ որն է․ մենք փորձում ենք հասկանալ՝ խնդիրը կարգավորումների՞ մեջ է, տեղեկացվածությա՞ն, թե՞ կոնկրետ անձանց կամ պաշտոնյաների ոչ այնքան արդյունավետ աշխատանքի մեջ։ Հիմա դա ենք պարզում։

- Պարոն Թունյան, Դուք հետեւո՞ւմ եք պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի կիսահումորային տեսահոլովակներին, որոնք ձեր իշխանության մասին են։ Օրինակ՝ հիմա «Հեքիաթն է կանչում» հոլովակների շարք է անում, որտեղ անդրադառնում է, թե ինչպես ժամանակին խոստացված գործարանները դեռ չբացված՝ փակվել են։

- Սկզբում հետեւում էի, էս վերջին շարքին չեմ հետեւում, բայց մոտավորապես արդեն հասկացա, թե խոսքն ինչի մասին է։ Ասենք՝ կարող է լինել գործարան, որի մասին հայտարարություններ լինեն, որ այս գործարանը շուտով աշխատելու է, ներդրումներ են կատարվում, արտահանում է իրականացվելու, հետո դա իրականություն չի դառնում։

- Այսինքն՝ դառնում է հեքիաթ։

- Եթե հայտարարությունը հնչում է ու իրականություն չի դառնում, ու ասում ենք՝ դա հեքիաթ է, պետք է հասկանանք՝ ի սկզբանե որպես հեքիաթ էլ մատուցվե՞լ էր, այսինքն՝ հորինվա՞ծ էր, թե՞ ռեալ ինչ-որ նախագծեր են եղել, ու հիմա ինչ-ինչ պատճառներով էդ նախագծերը կա՛մ հետաձգվում են, կա՛մ չեղարկվում են։ Իսկ եթե, ընդհանրապես, հայտարարված ամեն ինչը, որն իրականություն չի դարձել, համարենք հեքիաթ, նշանակում է՝ մենք վերջին 10-15 տարիների ընթացքում կարող էինք հեքիաթների հանրագիտարան գրել, ընդ որում, կարող էինք գրել շատ տպավորիչ ու մեծ հեքիաթների հանրագիտարան՝ սկսած Իրան-Հայաստան երկաթգծից մինչեւ Գյումրին կամ Դիլիջանը ֆինանսական կամ զբոսաշրջային կենտրոն սարքելուց։ Բայց ես էդ տիպի պրոյեկտներին վերաբերվում եմ ոչ թե որպես հեքիաթ, այլ գնահատում եմ որպես չստացված նախագիծ կամ չկատարված, կամ հետաձգված խոստում։

- Նախորդների օրոք չիրականացածներն է՞լ եք այդպես գնահատում։

- Այո, որովհետեւ, երբ ինչ-որ նախագիծ ներկայացվում է, դրա հետ մեկտեղ հիմնավորումներ էլ են ներկայացվում։ Ու պետք է հասկանալ, թե ի սկզբանե ինչ որ խոստացվել էր, ինչու տեղի չունեցավ։

- Ձեզ համար պա՞րզ են նախկինների օրոք տեղի չունեցածները։

- Որոշ դեպքերում՝ այո։ Կան աշխարհաքաղաքական զարգացումներ կամ, օրինակ, տնտեսական սխալ հաշվարկ։ Կարող է ինչ-որ մի բան ի սկզբանե պլանավորվում էր կառուցել, հետո ավելի խորը մասնագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա վերլուծությունը տնտեսապես նպատակահարմար չէ։

- Այդ դեպքում ինչո՞ւ է ձեր քաղաքական թիմն այսօր ժողովրդին ոգեւորելու համար հայտարարում, որ այսքան ներդրում կլինի, այսքան աշխատատեղ կստեղծվի, իսկ երբ որ չի բացվում, գոնե մի ներողություն էլ չի խնդրում, չի ասում՝ կներեք, սխալվեցինք։ Դրանով էլ ստեղծագործելու առիթ եք տալիս Ռուբեն Մխիթարյանին ու մյուսներին։

- Շատ նորմալ է, որ ստեղծագործելու առիթ են տալիս, որովհետեւ, տեսեք, էդ ներդրումը չկայացավ, բայց, օրինակ, Ռուբեն Մխիթարյանը ստեղծագործելու համար առիթ ունեցավ։

- Բայց Ռուբեն Մխիթարյանի ստեղծագործական միտքը զարգացնելով՝ տնտեսությունը չես զարգացնի։

- Չեմ ասում, թե որն է ավելի նպատակահարմար, բնականաբար, ավելի նպատակահարմար կլիներ, եթե այդ հայտարարված ծրագրերն իրականություն դառնային, եւ Ռուբեն Մխիթարյանը, կարծում եմ, ուրիշ առիթ կգտներ տեսանյութեր պատրաստելու համար։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ խոստումներին, ապա կան կառավարության մակարդակով հաստատված որոշակի նախագծեր, որ եթե մենք խոսենք դրանց մասին, կարող ենք առանձին դետալներով երկար քննարկել։ Կան առանձին հայտարարություններ, որոնք, իմ կարծիքով, ճիշտ է այդ հայտարարությունների հեղինակներին դիմեք։

- Օրինակ՝ վարչապետի՞ն։

- Վարչապետի ո՞ր խոստման մասին է խոսքը՝ կոնկրետ պրոյեկտի հետ կապված, եթե նշեք, ես կասեմ։

- Օրինակ՝ Վանաձորի գազաբալոնների գործարանի, Մերձավանի էլեկտրատեխնիկայի գործարանի, որոնց բացումներին նա մասնակցել է, վարչապետի էջով հաղորդագրություն է տարածվել, բայց հիմա չեն գործում, Ծովազարդի տեքստիլ ֆաբրիկան, կոկորդիլոսաբուծարանը, վերջապես, ու այսպես շարունակ։

- Շատ լավ։ Ուրեմն ես Ձեր օրինակներին կարող եմ մի քանի օրինակ էլ ավելացնել, երբ անգամ հայտարարություն չի եղել, բայց գործարանները սարքվել են ու հիմա չեն աշխատում, որովհետեւ որոշ օղակներ պետական կառավարման համակարգում բավականին արագ ու արդյունավետ չեն աշխատում։ Եվ վարչապետը չի կարող ամեն մի նախագծի վերաբերյալ կարծիք ունենալ, թե էս նախագիծը որքանով է իրատեսական, որքանով՝ ոչ։ Դրա համար կան համապատասխան կառույցներ, մարմիններ, խորհրդականներ, նախարարներ եւ այլն։ Այսինքն՝ իրենք պետք է էդ ամեն ինչը վերլուծեն, ներկայացնեն, եւ ըստ դրա՝ արդեն քաղաքական հայտարարություններ էլ կարող են արվել, բացման էլ մասնակցել։ Հիմա Ձեր նշած այդ օրինակներով ինձ էլ է հետաքրքիր, թե հայտարարված շատ պրոյեկտներ ինչու են կանգ առել, թե այդ խոստումներն ինչու չեն իրականացել։ Կոնկրետ էդ էլեկտրատեխնիկայի գործարանի մասով ես, օրինակ, պատրաստվում եմ առաջիկայում ինքս էդ հարցով զբաղվել ու հասկանալ՝ էդտեղ ինչ է տեղի ունեցել։ Եթե ի սկզբանե էդ պրոյեկտը չէր իրականացվելու, ապա ինչու էր ընդհանրապես այդ պրոյեկտին էդպես մեծ կարեւորություն տրվում։ Եթե դա ռեալ պրոյեկտ էր, ապա ինչն է խանգարում, որ դա իրականություն դառնա։ Ես Ձեզ խոստանում եմ այդ հարցի պատասխանը ճշտել ու ասել։