Անբարո է «փող աշխատել» մարդկային ողբերգությունների հաշվին մրցանակաբաշխություն-շոու կազմակերպելով

Անբարո է «փող աշխատել» մարդկային ողբերգությունների հաշվին մրցանակաբաշխություն-շոու կազմակերպելով

Սա ՀԳՄ հայտարարությունն է.

«Հայաստանի գրողների միությունը հայտարարում է Արցախի շրջափակման և արցախահայության բռնի տեղահանման թեմայով պատմվածքի մրցանակաբաշխություն։
Մրցանակները սահմանվել են հետևյալ գումարային չափերով.
1-ին մրցանակ – 165 000 դրամ
2-րդ մրցանակ – 100 000 դրամ
3-րդ մրցանակ – 75 000
Բացի դրամական մրցանակներից սահմանվել են նաև պատվոգրեր» և այլն։

Կարդում եմ ու աչքերիս չեմ հավատում։ Իսկ ես միամտորեն կարծում էի, թե մղձավանջը ՀՀ գլխավոր հրեշի ու ազերի գլխավոր հրեշի պայմանավորվածությամբ Արցախը հայաթափելն էր միայն։ Պարզվում է, որ մղձավանջը շարունակվում է այլ դրսևորումներով։ Այն է` «Արցախի շրջափակման և արցախահայության բռնի տեղահանման թեմայով» պատմվածք գրել ու մրցանակ ստանալ։ Ասել է թե` փող աշխատել հայրենակիցների ողբերգության մասին պատմվածք գրելով։ 

Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, Ամերիկայում պատմվածքի, վիպակի կամ բանաստեղծության մրցանակաբաշխություն հայտարարեին 2011 թ. երկու երկնաքերների վրա տեռորիստների կողմից ինքնաթիռով գրոհելու թեմայով։ Կամ, ասենք, Պաղեստինում նմանատիպ մրցանակաբաշխություն հայտարարեն Գազայում Իսրայելի իրականացրած ցեղասպանության թեմայով ու սառնասրտորեն հայտարարեն, որ լավագույնս ողբերգությունը ներկայացնողները կպարգևատրվեն այսքան գումարով։

Չգիտեմ, սա մազոխի՞զմ է, ծա՞ղր, թե՞ պարզապես տգիտություն։ Մարդկային ողբերգությունը, հազարավոր խեղված ճակատագրերն օգտագործել մրցանակի տեսքով փող աշխատելու վրա՞- սա ի՞նչ անբարոյականություն է։ 

Իսկ այդ ՀԳՄ-ն ծպտուն հանե՞լ է, երբ Արցախը շրջափակված, պաշարված էր ու սովի մատնված։ Փորձե՞լ է թեկուզ 10 դրամ օգնություն ուղարկել աշխարհից կտրված, պաշարված հայրենակիցներին։ Երբ ակնհայտ պատերազմ էին պայմանավորվում թշնամու հետ` Արցախը հանձնելու համար, Հայաստսնի ԳՄ-ն ձայն հանե՞ց։ Այսօր երբ Սյունիքը, Վարդենիսը, Գեղարքունիքն ու ընդհանրապես ողջ Հայաստանն են դրել զոհասեղանին, ՀԳՄ-ն այդ մասին թեկուզ կեսբերսն արձագանքե՞լ է։

Ցանկացած գրող կարող է փաստագրական հուշեր, պատմվածք կամ վեպ գրել արցախցիների ողբերգության մասին։ Ինչպես, օրինակ, հայ գրողներն են գրել 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին։ Կամ ինչպես օտարազգի մտավորականները, գրողներն են դա արել։ Ինչպես ավստրիացի Ֆրանց Վերֆելն է գրել իր գլուխգործոց «Մուսա լեռան 40 օրը» վեպը։

Ականատեսները կամ հայրենի օջախ, հայրենիք ու ամեն ինչ կորցրսծ արցախցիների հետ զրուցած գրողները կարող են գեղարվեստորեն շարադրելով այդ ու հետագա ծանր, դաժան օրերի մասին պատմությունները, գրական ժանրի որեւէ ստեղծագործություն գրել։ Բայց հայտարարել, թե արցախցիների ծանր, դաժան օրերի, ողբերգությունների մասին պատմվածք գրեք ու 75-165 հազար դրամ ստացեք, դա անբարո է, մարդկային չէ։ Չի կարելի շահարկել, սպեկուկյացիա անել մարդկանց վշտի, ցսվերի, ողբերգության վրա։

Պարզապես լավագույն ստեղծագործության թեմայով մրցանակաբաշխություն հայտարարեք, ու թող մրցանակակիրներից մեկը լինի վերոհիշյալ թեմայով գրված պատմվածքը։

Գարեգին Վարդանյան