«Հրապարակ». Եթե անցել են թշնամու կողմը, ապա հարստությունն օգտագործվելու է ի շահ օտարի

«Հրապարակ». Եթե անցել են թշնամու կողմը, ապա հարստությունն օգտագործվելու է ի շահ օտարի

Հայաստանը երեկ 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա ասաց, թե այդ փաստաթղթով կազդարարվի Ամուլսարի հանքի շահագործումը: «Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, այսօր` ժամը 17:00-ին, մենք փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց պարտավորություններ կան»,- նշեց Քերոբյանը:

Ամուլսարի հանքի շահագործման թեմայով մենք զրուցել ենք ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի հետ:

- Վահան Քերոբյանը բավականին մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է: Հասարակության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե Ամուլսարի հանքի շահագործումը մեծ ձեռքբերում է: Ի վերջո` ի՞նչ կտա հանքի շահագործումը մեզ դրական եւ բացասական առումներով:

- Նախ պետք է հասկանալ՝ Հայաստան առհասարակ կա՞, թե՞ չկա: Հայաստանն առհասարակ որոշումներ կայացնո՞ւմ է, թե՞ չի կայացնում: Ընդերքը մեր՝ բոլորիս հարստությունն է, սակայն Հայաստանի անկախացումից ի վեր այնպես չի օգտագործվել, որ ճիշտ նպատակին ծառայի, մեզանում աճել է աղքատությունը, սոցիալական խնդիրներն են ավելացել, այսպիսով իշխանությունը զավթել են դավաճանները: Սրանցից ակնկալել, որ ընդերքը պետք է օգտագործվի ի շահ Հայաստանի՝ աբսուրդ է: Սրանք Հայաստանի տարածքներն են տալիս, սրանք Զոդի հանքն են տալիս, սրանք արցախյան ողջ հարստությունն ու հայությանն են հանձնում, այս ամենի ֆոնին խոսել տնտեսական հաջողություններից՝ անիմաստ է: Արդեն խոսվում է խաղաղության պայմանագրից, որ Արցախը հանձնվելու է եւ այլն, եւ այլն: Նախորդ իշխանությունների պարագայում եւս Հայաստանի հարստությունն արդար չէր բաշխվում ժողովրդին, սակայն այս իշխանությունների մասին խոսելն անգամ ավելորդ է, սրանք անցել են թշնամու կողմը, իսկ եթե Հայաստանի իշխանություններն անցել են թշնամու կողմը, ապա Հայաստանի հարստությունն օգտագործվելու է ոչ միայն ի վնաս Հայաստանի, այլեւ` ի շահ ուրիշների: Նախկին իշխանություններն այսօր ընդդիմադիր են դարձել, սակայն երեւում է, որ նրանք էլ առանձնապես հետեւություններ չեն արել անցյալի անարդարություններից, քանի որ բոլոր մեղքերի մեջ անվերջ մեղադրում են ժողովրդին, սակայն սա այն ժողովուրդն է, որը կրթվել է հենց այդ նույն նախկին իշխանությունների ժամանակ, ապրելով այն սոցիալական խնդիրների մեջ, որոնք էլ հանգեցրել են դավաճաններին գալ իշխանության: Այստեղ կա համակարգային խնդիր, որը դրվել է 90-ականներից՝ կա՛մ դավաճաններն են մեր երկրի հարստությունն օգտագործելու մեր դեմ, կա՛մ խոշոր բիզնեսմենները:

- Քաղհասարակությունը, բնապահպաններն առաջ բավականին ակտիվ էին, խոսում էին, քննադատում, փակում էին Ամուլսարի հանքի ճանապարհը, որ չշահագործվի: Ինչո՞ւ են այժմ լռում, լավագույն դեպքում՝ ֆեյսբուքյան գրառումներ անում:

- Նրանք բնապահպաններ չեն: Հայաստանում կան ստեղծված բանակներ, որոնք օգտագործվում են կապիտալիստների կողմից: Հայաստանն արդեն չորս տարի է՝ աղետալի վիճակում է, եւ այդ քաղհասարակություն կոչվածի լռությունն ամեն ինչ ասում է: