Արդյունքը կարող էր այլ լինել, եթե Սիրիայում ադեկվատ ղեկավար լիներ

Արդյունքը կարող էր այլ լինել, եթե Սիրիայում ադեկվատ ղեկավար լիներ

«Հրապարակ»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

- Սիրիայում տեղի ունեցածն ի՞նչ է արձանագրել գետնի վրա` Մերձավոր Արեւելքում ուժերի բալանսի առումով։

- Այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, կարող ենք ասել, որ պետք է վաղուց տեղի ունենար, բայց քանի որ կար աշխարհաքաղաքական պայքար՝ Սիրիայի համար, որը մի շարք առումներով կարեւոր էր Ռուսաստանի եւ Իրանի համար, նաեւ Իրաքի կառավարությունը շահագրգռված չէր, որ Սիրիայում դեստաբիլիզացիա տեղի ունենար, եւ նորից առերեսվեր Իսլամական պետության նման կազմակերպությունների հետ, որոնք արդեն էքսպանսիա կանեին Սիրիայից դեպի Իրաք, Սիրիայում վիճակն արհեստականորեն ձգձգվում էր։ Գլխավոր պատճառն այն է, որ Սիրիայում, նաեւ՝ Իրաքում, Լիբանանում, Հորդանանում եւ մերձավորարեւելյան շատ երկրներում ժամանակակից ազգ չի ձեւավորվում, կան հակամարտություններ՝ տարբեր էթնիկ եւ կրոնական խմբերի միջեւ, իսկ աշխարհիկացման այն փուլը, որ տեղի ունեցավ 1-ին եւ 2-րդ համաշխարհային պատերազմներից հետո եւ դրանից առաջ, Եվրոպայում, Սիրիայում, տեղի չի ունենում, եւ, բնականաբար, այդ երկրները պետք է մասերի բաժանվեն։ Սակայն քանի որ այդ էթնոսների մշտական բնակության սահմանները կոմպակտ չեն, ապա դա պատերազմ է բոլորի դեմ, որից էլ օգտվում են մյուս երկրները, որոնք ունեն շահեր։ Խոսեցինք Իրանի, Իրաքի, Ռուսաստանի մասին, կան նաեւ արեւմտյան երկրները՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Իսրայել, որոնք շահագրգռված են, որ այդ տարածքներում երկարատեւ պատերազմ լինի։ Սա է տեղի ունեցել։

- Արդյո՞ք սա թուրքական հաղթանակ էր։

- Դեռեւս դժվար է ասել՝ դա Թուրքիայի հաղթանա՞կն է, թե՞ ոչ։ Թուրքիայի հիմնական խնդիրը քրդական հարցն է, որոնց քանակը եւ ապրելու արեալը գնալով լայնանում են, ի տարբերություն թուրքերի։ Այդ խնդիրը գոյություն ունի․ Թուրքիան կարող է մասերի բաժանվել եւ իր քրդաբնակ տարածքներին մոտ փորձում է սանիտարական գոտիներ ստեղծել։ Սակայն կա վտանգ՝ արդյո՞ք Թուրքիան կկարողանա կառավարել Սիրիան, եթե այս պրոցեսը գնա նաեւ Իրաքում եւ Հորդանանում։ Այդ տեռորիստական, էթնիկ, կրոնական անկառավարելի խմբերը կարող են դեստաբիլիզացիայի ենթարկել նաեւ Թուրքիան։ Սա Թուրքիային լուրջ մարտահրավեր է, եւ եթե Իրաքից հետո այս պրոցեսը շարունակվի նաեւ Իրանում, ինչը ցանկանում է ե՛ւ Իսրայելը, ե՛ւ ԱՄՆ-ն, դա, բնականաբար, հարավ-արեւելքից կհարվածի Թուրքիային եւս, որովհետեւ, եթե 7-8 միլիոնանոց Քրդստան ձեւավորվի Իրանում, Իրաքում կա, Սիրիայում արդեն ձեւավորվում է, բնականաբար, դա էթնիկ զարթոնք կլինի Թուրքիայի արեւելքում ապրող քրդերի համար։ Ես կարծում եմ՝ Թուրքիան պայքարում է իր գոյության համար, չմասնատման համար, թե որքանով դա նրան կհաջողվի, կտեսնենք ապագայում։

- Տեսակետ կա, որ Սիրիայում ռուս-ամերիկյան (Թրամփ) պայմանավորվածություն է կայացել՝ հաշվի առնելով, որ ռուսական կողմը, ըստ էության, չկռվեց Սիրիայում։

- Ես կողմնակից չեմ նման տեսակետի, այլ բան է, որ Իրաքում կան ե՛ւ ռուսական բազաներ, ե՛ւ ամերիկյան, ու կա այդ վտանգը, որ իրենք միշտ կարող են ներքաշվել միմյանց դեմ հարվածներ հասցնելուն, եւ դրա համար, բնականաբար, կոորդինացիա գնում է ռուսների, ամերիկացիների եւ թուրքերի միջեւ, սակայն խոսել, որ դա պայմանավորվածություն է, կարծում եմ՝ այդպես չէ։ Դա առաջին հերթին, համենայնդեպս ըստ տարածաշրջանը լավ հասկացող էքսպերտների, սիրիական ռեժիմի ձախողման հետեւանք էր, որը չէր կարողանում ռեֆորմներ իրականացնել, խոսել իր հանրության հետ, չէր կարողանում նոր իրավիճակ ստեղծել, եւ, ինչպես նշեցի, սա պետք է շուտ տեղի ունենար, ուղղակի ժամանակավորապես ձգձգվել է։

- Ինչպե՞ս կազդի Սիրիայում տեղի ունեցածը Հարավային Կովկասի վրա։ Սա մեծացնո՞ւմ է մեր տարածաշրջանում էսկալացիայի ռիսկը։

- Ես այդ հարցն ապագա ժամանակով չէի տա, որովհետեւ 2020 թ․ Արցախյան պատերազմի ժամանակ տեսանք, որ 2010-12-ին սկսված արաբական գարունը եւ 2011-ից սկսված սիրիական, այսպես կոչված, քաղաքացիական պատերազմն իրենց ազդեցությունն արդեն ունեցել են մեր տարածաշրջանի վրա, որտեղ ստատուս-քվո է փոխվել։ Արցախի պատերազմում կար ե՛ւ Իսրայելի մասնակցությունը՝ զենք եւ մասնագետներ էր տրամադրում, Բրիտանիայի մոդերացիան գոյություն ուներ, ԱՄՆ-ն մի կողմ էր քաշվել, Պակիստանից զինյալներ կային, ահաբեկիչներ՝ Սիրիայից, ադրբեջանական բանակի կառավարումն իրականացնում էր Թուրքիան, այսինքն՝ մերձավորարեւելյան եւ սիրիական դեպքերն արդեն իսկ իրենց ազդեցությունն ունեցել են։ Հիմա նորի՞ց կունենան, բնականաբա՛ր, որովհետեւ, երբ Մերձավոր Արեւելքում ստատուս-քվոն պերմանենտ ու անկանխատեսելի ձեւով փոփոխության է ենթարկվում, իհարկե, դա մեզ վրա նույնպես ազդեցություն կունենա։ Ամենավտանգավորն այն է, որ Հարավային Կովկասում այս հերթական ստատուս-քվոյի փոփոխությունը կարող է բերել մեծ երկրների միջեւ պատերազմի։ Եթե դա տեղի ունենա Կովկասում, ապա, ի տարբերություն Մերձավոր Արեւելքի, ավելի դաժան կարող է լինել եւ կարող է գերտերությունների միջեւ պատերազմի հիմք դառնալ։

- Իրանին հարվածելու կամ երկիրը ներսից պայթեցնելու հավանականություն կա՞։

- Այդ հիմքերը վաղուց գոյություն ունեն, եւ Իրանը մշտապես պայքարում է իր ներքին անջատողական ուժերի դեմ, որոնց ֆինանսավորում, կազմակերպում եւ հետախուզական տվյալներ են տալիս հենց Իսրայելը, Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Թուրքիան, այսինքն՝ երկրներ, որոնք շահագրգռված են, որ Իրանում դեստաբիլիզացիա լինի։ Բնականաբար, դա շարունակություն կունենա, եւ դրա համար պարարտ հող գոյություն ունի։ Իրանում անկանխատեսելի վիճակ կարող է լինել, եթե դրան գումարենք այն, որ Իրանը հիմա նաեւ քաղաքական առումով շատ ծանր փուլ է անցնում, այնտեղ իշխանության տրանզիտ է տեղի ունենում, եւ գլխավոր խնդիրն այն է, թե ով կփոխարինի հոգեւոր առաջնորդին։ Կարծես թե Իրանի ներսում էլիտաների միջեւ պայքար է գնում, որովհետեւ իրական առաջնորդը ռահբարն է՝ նրա փոփոխությունն էական նշանակություն ունի։

- Այս անկայուն իրավիճակում Հայաստանի հետ ի՞նչ կարող է լինել։

- Շատ դժվար հարց է, որովհետեւ շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կարող է լինել երկրի հետ, երբ մենք ունենք մի կառավարություն, որը չի հասկանում, թե ինչ է կատարվում, իրեն ադեկվատ չի պահում, ինչի մեջ բազմիցս համոզվել ենք 2018-ից ի վեր եւ ունեցել ենք ողբերգական արդյունքներ։ Այս պարագայում որեւէ հիմք չկա կարծելու, որ օրվա իշխանությունն ինչ-որ կերպ կկարողանա կանխարգելել վտանգները, նա նույնիսկ ինքը կարող է հրահրել, որպեսզի այս գործընթացներն ավելի արագանան եւ ավելի ողբերգական շարունակություն ունենան։ Համար մեկ խնդիրը գործող վարչապետից ազատվելն է․ ինչպես եւ երբ՝ այդ հարցին պատասխանել չեմ կարող, բայց մենք պետք է պատասխանենք այն հարցին, թե ով է լինելու նրանից հետո, կարո՞ղ է արդյոք ազգին մոբիլիզացնել եւ գրագետ կառավարել։ Սա այն մարտահրավերն է, որը կա Հայաստանի քաղաքական ուժերի առջեւ։

- Մեր հասարակության մի հատված ակնկալիք ունի, որ Իրանը թույլ չի տա, օրինակ, Սյունիքի կորուստը, որ ռուսներն են մեզ պաշտպանելու։ Բայց, փաստորեն, Սիրիան եկավ եւս մեկ անգամ ապացուցելու, որ ոչ մի երկիր մյուսի համար չի կռվում, եթե երկիրն ինքը չի կռվում։

- Մեր հասարակությանը պետք է բացատրել, որ երբեք որեւէ մեկի վրա չպետք է հույս դնել, հույսը միշտ պետք է դնել սեփական ուժերի վրա, իսկ երբ դու ցույց տաս, որ պատրաստ ես պաշտպանել քո ինքնիշխանությունը, այդ ժամանակ քեզ հետ այլ կերպ կխոսեն եւ օգնության էլ կգան։ Սիրիային ինչո՞ւ չօգնեցին, որովհետեւ Ասադին բազմիցս ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Իրանի կողմից առաջարկներ են արվել՝ ԶՈՒ-ում ռեֆորմներ իրականացնելու, ռիսկերը մեղմելու, սակայն Սիրիայի ղեկավարությունը դա չհասկացավ, եւ արդյունքը ողբերգական էր։ Արդյունքը կարող էր այլ լինել, եթե այնտեղ ադեկվատ ղեկավար լիներ։ Հիմա նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին, եթե Հայաստանի ղեկավարը ոչ ադեկվատ է, ապա, բնականաբար, մենք ոչ մի հույս չենք կարող ունենալ, բայց եթե մենք ունենանք ադեկվատ ղեկավար, գործընկերային հարաբերություններ կարող են լինել նաեւ մյուս երկրների հետ, որոնցից կարող ենք օգնություն ակնկալել։

- Մինչեւ հունվար, այսինքն՝ Թրամփի պաշտոնավարումը, սրացումներ հնարավո՞ր են, ռուս-ամերիկյան հետագա բանակցություններն ի՞նչ կփոխեն աշխարհում։

- Ես չեմ կարծում, որ հունվարից հետո սրացումներ չեն լինի, եւ ԱՄՆ նոր նախագահն ամենակարող է, որը կարող է բոլոր հարցերը լուծել։ Իհարկե, նա կփորձի քաղաքականության, նաեւ արժեհամակարգի առումով փոփոխություններ մտցնել, բայց հույսը դնել մեկ անձի վրա, որը կարող է բոլոր խնդիրները լուծել, կարծում եմ, լուրջ մոտեցում չէ։