«Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»․ քրեական ոստիկանությունը Հայրապետյանի ընտանիքին պատկանող հանգստյան գոտում է եղել

«Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»․ քրեական ոստիկանությունը Հայրապետյանի ընտանիքին պատկանող հանգստյան գոտում է եղել

Երեկ քրեական ոստիկանության ծառայողները ինչ-որ անհասկանալի գործողություններ են կատարել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող և Հանքավանում գտնվող հանգստայան գոտում։ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք հրաժարվել են մասնակցել որևէ գործողության, քանի որ դրանց իսկությունը անհասկանալի է եղել․

«Այո, Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող հանգստյան գոտում քրեական ոստիկանության աշխատողները մեզ համար շատ անհասկանալի ինչ-որ գործողություններ էին կատարում, ես դրա անունը չգիտեմ, թե ինչ դնեմ։ Դրանք ինքնին իրավաչափ չեն կարող լինել ։ Մենք մեր առարկությունները ներկայացրել ենք ու հրաժարվել ենք մասնակցել որևէ գործողության։ Չգիտեմ, թե մեր գնալուց հետո իրենք այնտեղ ինչ են արել։ Դեպքի վայր էին զննում, մինչդեռ այնտեղ հանցագործության դեպք տեղի չի ունեցել, ինչ-որ անհասկանալի գործընթացներ էր։ Իմ դուրս գալուց մեկ ժամ հետո ինձ զանգով ասացին, որ գնացել են, թե ի՞նչ են արել, չեմ կարող ասել։ Սա արդեն զավեշտի է հասնում, ես երեկ կարգին հաղորդումից մեջբերում էի արել, որ «ժողովուրդ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։ Ռուբեն Հայրապետյանի շուրջ քրեադատավարական պրոցեսները շատ շուտվանից օրենքից դուրս են եկել»,- ասաց Մակինյանը։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն էին կատարել նաև Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում , ինչպես նաև առերևույթ դեպքի ժամանակ դեռևս չկառուցված այլ հյուրանոցում։ 
Խուզարկությունը տեղի էր ունեցել «ապօրինի ազատությունից զրկելու» վերաբերյալ  հանրահայտ գործի շրջանակներում, ըստ որի՝ ենթադրաբար, ապօրինի անձին ազատությունից զրկել են, խոշտանգել են կամ ինքնիրավչություն են կատարել։

Մակինյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ դատարանը խուզարկության ապօրինի թույլտվություն է տվել քննիչներին, որը պատրաստվում են բողոքարկել։ Առգրավել էին նաև հյուրանոցի ընդունարանի համակարգիչները և հյուրանոցային համալիրի փաստացի գործունեությունը կասեցվել էր։ Մակինյանն ասաց, որ վերադարձվել է ընդամենը մեկ համակարգիչ և հյուրանոցի գործունեությունը շարունակում է խաթարված մնալ․

«Մի համակարգիչ է վերադարձվել, մնացածը այս պահի դրությամբ դեռևս վերադարձված չէ։ Հյուրանոցի գործունեությունն, իհարկե, խոչընդոտված է։ Այդ համակարգիչները ըստ նշանակության են օգտագործվում, դրանք խաղային համակարգիչներ չեն։ Ես կարծում եմ, որ հենց դրա համար էլ առգրավել են, որպեսզի խոչընդոտեն հյուրանոցի աշխատանքը։ Մենք խուզարկության թույլտվությունը բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան, դեռևս դատական նիստ նշանակված չէ»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ենթադրյալ դեպքերի մի շարք հանգամանքներ: Հարուցվել էր քրեական գործ։