Մուրճ-մանգաղ, չագուճ ու պողպատ․ Փաշինյանը գժականով նմանակում է Լենինին

Մուրճ-մանգաղ, չագուճ ու պողպատ․ Փաշինյանը գժականով նմանակում է Լենինին

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում վարչապետի ԺՊ-ն ու նրա թիմն այցելեցին նաեւ Սյունիք՝ Գորիս, Կապան, Սիսիան։ Հայտնի «սյունյաց ողջույնների» պատճառով անհնազանդության միջնաբերդ Սյունիքը խիստ կարեւոր էր Նիկոլ Փաշինյանի համար՝ թե՛ հոգեբանական առումով, թե՛ նախընտրական։ Ուստի, Սյունիքում բոլոր այն մարդիկ, որոնք կարող էին «ողջունել» Փաշինյանին, նախապես զգուշացվեցին, մեկուսացվեցին։ Իսկ Փաշինյանի շրջիկ խմբերի հետ միասին Սյունիք ուղեւորվեցին նաեւ ոստիկանության վաշտեր ու դասակներ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 1400 ոստիկան։

Նիկոլ Փաշինյանն էլ այնտեղ հայտարարեց, թե Սյունիքում՝ Սիսիանում, Կապանում, Մեղրիում, «Ապագա կա, կա ապագա»։ Արդեն Վայքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սյունիք այցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Երեկվա մեր քարոզարշավը փլուզում է ոմանց կառուցած խաղաքարտային տնակը, ուղղակի փլուզվել է, միֆեր էին կառուցել, թե իրենք Հայաստանում քաղաքական պրոցեսներ են սկսել»: Եվ հայտարարեց, որ «չագուճի հեղափոխության» էպիկենտրոնը լինելու է Սյունիքը:

Վաղուցվանից կասկածներ կային առ այն, որ լյումպենի ամենահետին կրքերի հետ խաղացող Նիկոլ Փաշինյանը, որն ակնհայտորեն դասակարգային պայքար է հրահրում ու առաջնորդում, շատ է սիրում նաեւ Ուլյանով-Լենին ազգանունով առաջնորդի սիմվոլիկան՝ մուրճ-մանգաղ, պողպատ։ Եվ, ահա, խնդրեմ․ ««Պողպատն» այդ հեղափոխության պաշտոնական անունն է, իսկ «չագուճը» ժողովրդական անունն է, եւ Սյունիքի ժողովուրդն այս ընտրություններին ծնկի է բերելու իրենց կեղեքող էլիտային»:

Մեղրիի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի ցուցակի 17-րդ համար, պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանը խնդրեց, որ իրեն չառաջարկեմ մեկնաբանել Փաշինյանի ասածները։ «Ես գտնում եմ, որ հերիք ա էդ հիմար ասածները մեկնաբանել։ Չես էլ իմանում՝ ինչ ասես»,- ասում է քաղաքապետը։ Նա լուսանկարներով մոտավոր հաշվել է, որ Փաշինյանի՝ Մեղրի եւ Ագարակ 2 հանդիպումներին առավելագույնը 100 սյունեցի է մասնակցել, որոնք «Մեղրիից Ագարակ էին գնացել, Ագարակից Մեղրի եկել»։

«Սա էլ ուռճացված թիվ է՝ 60-70 մարդ կարող ա եղած լինի (նկատի ունի բուն սյունեցիներին)․ իրա ոճի մեջ, ամեն ինչից դժգոհ, կյանքում՝ աբիժնիկ։ Բնական է, որ 12 հազարանոց համայնքում միշտ էլ տենց լյումպեն խավ պետք է լինի։ Էդ մարդիկ էին։ Իրա նման, էն, որ ինքը ոչ մի ծրագիր չունի, բացի «Ապագա կա, կա ապագա», տենց անշնորհք զրույցներով որեւէ կառուցողական ծրագիր՝ կոնկրետ ինչ ա անելու։ Ինչպիսին ինքն ա, էնպիսին էլ իր էլեկտորատն է՝ ե՛ւ կյանքում, ե՛ւ ամենուր։ Դե, սերիալային տանտիկիններ, բալզակյան տարիքի․․․»։

Ի դեպ, Մխիթար Զաքարյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որպեսզի «սյունյաց ողջույնները» ոչ թե չլինեին, այլ լինեին, պարզապես այս անգամ որոշել էին Փաշինյանին հուսախաբ անել։ «Քանի որ 5 օր ա մնում, կարելի է դիմանալ, էսքան համբերել ենք․․․ մենք սադրանքի չգնացինք, կոնտակտի չգնացինք եւ ընդհանրապես՝ արհամարհեցինք իրան։ Մեղրեցին իրեն արհամարհեց»,- ասաց նա։

Մխիթար Զաքարյանն անձամբ հաշվել է Երեւանից Սյունիք եկած 400 ավտոմեքենա․ շտաբի տղաներով կանգնած են եղել Լիճք գյուղի իրենց շտաբի մոտ՝ հաշվել են։ «Դրանց մոտ 15 տոկոսը՝ միկրոավտոբուս։ Էդ որ ամբողջ հանրապետությունը հավաքել-բերել էր, թե էդ ծախսերն ումի՞ց են գնում․․․»։ Զաքարյանը հավելեց, որ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիվանդանոցի ողջ կոլեկտիվը՝ տնօրենի գլխավորությամբ, աշխատանքային ժամին այնտեղ է եղել։