«Հրապարակ». Արդեն մոտ 3 ամիս է՝ Սարգիս Գալստյանին չեն տրամադրում վերաքննիչ դատարանի որոշումը

«Հրապարակ». Արդեն մոտ 3 ամիս է՝ Սարգիս Գալստյանին չեն տրամադրում վերաքննիչ դատարանի որոշումը

Ադրբեջանի օգտին լրտեսության խիստ կասկածելի մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Գալստյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը մինչ օրս նրան չի տրամադրվել: Այն ընդունվել էր փետրվարի 20-ին: Հիշեցնենք․ բողոքարկվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով  Գալստյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 18 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը մերժել է Գալստյանի պաշտպանի բողոքը, սակայն ոչ մի կերպ չի տրամադրում որոշումը: 

Փաստորեն, 2,5 ամիսը բավական չէր՝ դատարանի որոշումը կողմին հանձնելու համար: «Ամիսներն անցնում են: Ասում են, որ պրակտիկայում եղել է, որ երեք ամիս էլ են ուշ տվել որոշումը»,- ասում է Սարգիս Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը: Նա սպասում է վերաքննիչի որոշման տեքստին, որ դիմի Վճռաբեկ դատարան: 

Գալստյանը 2018-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է եղել, կրթության նախարարությունում՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Նրան դատապարտել են մեկ կորզված ցուցմունքի հիման վրա, եւ այդ մեկ ցուցմունքը հենց նա է տվել իր դեմ, երբ քննիչները սպառնացել են «փակել կնոջը»։ 

Մարգարիտա Շահնազարյանը «Հրապարակին» է տրամադրել ամուսնու արտասանած ճառը, որը վերնագրված է՝ «Իմ ճառը անմեղության»:  Ուշագրավ է ճառի այն հատվածը, որտեղ Գալստյանը նկարագրում է իր նկատմամբ քննիչների հնչեցրած սպառնալիքները: 

«Չգիտեմ՝ ինձ ինչու են տարել այն ժամանակ կոմիտեի նախագահի կաբինետ, որտեղ դատախազ Բաղդասարյանի ներկայությամբ գեներալ Արգիշտի Քյարամյանը վիրավորել ու սպառնացել է ինձ՝ իմ երեխաներին սպանել ու վառել հրապարակում, որ ես քանի գլխանի եմ, որ մնացել եմ Արցախում ու դուրս չեմ եկել մյուսների հետ ու դրանով վնաս պատճառել հայ ժողովրդին, ու որպեսզի հայ ժողովրդի հոգին փառավորվի, մեզ պետք է վառել հրապարակում, նետել է իմ ուղղությամբ գրիչ, որը սուր ծայրով դիպել է իմ գլխի ձախ կողմին՝ սուր ցավ պատճառելով ինձ: Այդ ամենից հետո տեղափոխվել եմ քննիչ Սիսակ Հայրապետյանի կաբինետ, որտեղ հաղորդել եմ, որ ես ուզում եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից եւ չտալ ցուցմունք»:

Սարգիս Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, նկատում է, որ մոտավորապես նույն սպառնալիքներն ԱԺ ամբիոնից հնչեցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լավ է՝ չասեց՝ ընտանիքներիդ կկախեմ»,- ասում է Մարգարիտան: Նկատենք, սակայն, որ, ի տարբերություն Արգիշտի Քյարամյանի, Փաշինյանը սպառնում էր ընդդիմադիրներին ոչ թե վառել հրապարակում ու սպանել երեխաներին, այլ կախել հրապարակում ու «ոտքերից կախել»: