Քաղծառայողները համատարած դուրս են շպրտվում սոցապահովության համակարգից

Քաղծառայողները համատարած դուրս են շպրտվում սոցապահովության համակարգից

Ապրիլի 1-ից ներդրվել է Միասնական սոցիալական ծառայությունը, որի հմայքները նկարագրելիս շեշտվում է մեկ պատուհանի սկզբունքը, այն, որ քաղաքացիները գործ են ունենալու ոչ թե տարբեր պետական մարմինների հետ, այլ՝ մեկի: Այն ներառում է սոցիալական ապահովության ծառայությունը, բժշկասոցիալական փորձաքննությունը, զբաղվածության ծառայությունը, մարզային եւ համայնքային սոցիալական աջակցության բաժինները: 

Ահա՝ այս միասնական գիգանտ-ծառայությունը, որը, փաստորեն, իր վրա պատասխանատվություն է վերցրել սոցիալապես խոցելի խավերի կյանքի ու բարեկեցության համար, ձեւավորվում է դրակոնյան վայրագ մեթոդներով: Սոցապահովության համակարգից համատարած դուրս են շպրտվում քաղծառայողներ, որոնք տարիների պետական ծառայության փորձ ունեն: Նրանց պարզապես դուրս են թողնում հաստիքացուցակներից՝ առանց անգամ տեղեկացնելու, որ ազատված են աշխատանքից: Եթե աշխատողների հետ են այսպես վարվում, ինչ է լինելու քաղաքացու հետ, որը պետության ձեռքին է նայում: Ի դեպ, նոր ծառայությունում աշխատավարձերը 30 տոկոսով իջեցվել են: 

Սեվանի սոցաջակցության գործակալության նախկին աշխատակիցները դիմում են դատարան

Սոցաջակցության Սեւանի տարածքային գործակալության նախկին պետ Արտակ Վարդանյանին եւ նրա աշխատողներին խոստացել են, որ կառուցվածքային փոփոխությունից հետո իրենց նորից կկանչեն աշխատանքի, որ գնան տուն ու սպասեն ապրիլի 1-ին: «Իրենց ասելով՝ ապրիլի 1-ից միավորվելու էին կառույցները:  Մեկ պետ է լինելու, երկու բաժնի պետեր, ու ոչ մի աշխատող, ոչ մի հաստիք չի կրճատվելու, եղած մարդիկ շարունակելու են պաշտոնավարել: Հետո սկսվեց տրագիկոմեդիան: Ապրիլի 9-ին եկավ շրջաբերական, որ շարունակում ենք գործառույթներն իրականացնել: 21 օր էլ մեզ պահեցին լարվածության մեջ, որ հեսա-հեսա՝ հրաման պետք է լինի, բայց ոչ մի հրաման էլ չեղավ: Ամսի 21-ին պարզվեց, որ մեր 6 աշխատողներից 4 հոգի ազատված են»,- ասում է Արտակ Վարդանյանը: 

Իր նախկին աշխատակիցների հետ նա եկել է Երեւան՝ միասնական գործակալության պետ, ամեն ինչից անտեղյակ Դավիթ Գասպարյանի մոտ: «Նա տեղյակ էլ չէր, թե ինչ է կատարվել: Բայց դրանից հետո մեզ պատասխան եկավ մեյլերին, թե ձեր փաստաթղթերը դիտարկվում են»: Նախկին սոցիալական աշխատողները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն էլ են գնացել, բայց նրանց թույլ չեն տվել անգամ վերեւ բարձրանալ՝ այն փոխնախարարի մոտ (Ժամկոչյան), որը համակարգում է միասնական ծառայությունը, աստիճանից դուրս են արել:

«Մեզ չեն դիտարկում որպես մարդ: Գոնե կանչեին, ասեին՝ նպատակահարմար չենք գտնում շարունակել ձեզ հետ աշխատել: Չի կարող մարդն աշխատի այդ համակարգում, անունը՝ սոցապնախարարություն, ու մարդու հետ շփումից խուսափի»,- նշեց Արտակ Վարդանյանը: Նա դաշնակցական է եւ համոզմունք ունի, որ իրենից ազատվել են քաղաքական նկատառումներով, ցանկանում են իրենց մարդկանց տեղավորել սոցիալապես անապահով խավի հետ աշխատելու, որպեսզի ընտրություններից առաջ հնարավորինս շատ լծակներ ունենան: 
Պաշտոնի անձնագրով Արտակ Վարդանյանը քաղծառայող է, հասել է երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանի: Օրենքով Վարդանյանին պետք է առաջարկեին գոնե բաժնի պետերի թափուր հաստիքը, ինչը չի արվել: 

«Հաստիքացուցակը որ նայում ես, մեզ մոտ 6-7 թափուր հաստիք կա, եւ օրենքով աշխատողներին պետք է առաջարկեին զբաղեցնել դրանք, բայց չեն կանչել»: Արտակ Վարդանյանի որդին այս պահին բանակում է ծառայում: Նրա աշխատողներից մեկի որդին 44-օրյա պատերազմի մասնակից է՝ առաջին օրվանից մինչեւ վերջինը: Երեկ է վերադարձել ծառայությունից ու տեսել է, որ պետությունը, որին նա ու իր ընկերները պաշտպանել են իրենց արյան գնով, դուրս է շպրտել իր մորը աշխատանքից, առանց նույնիսկ բացատրություն տալու: 
Սեւանի սոցիալական աջակցության գործակալության աշխատողները պատրաստվում են կոլեկտիվ հայցով մտնել դատարան՝ ընդդեմ սոցապնախարարության: Նույն իրավիճակն այլ մարզերում է:
 
Ուղղակի 4 պետ էին, մեկ պետ դարձավ: Ի՞նչն է փոխվել 

Վեդու սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից երկու հոգի դուրս են մնացել, չորսը մնացել են իրենց տեղերում: Այն համարվում էր Հայաստանում ամենաօրինակելիներից մեկը: Երկար ժամանակ ղեկավարել է Սերյոժա Կարախանյանը: Դեռ նախկին իշխանությունների օրոք այստեղ փաստացի աշխատում էին «մեկ պատուհան» սկզբունքով: Կառուցվածքային փոփոխության շրջանում նա դիմել է Միասնական սոցիալական ծառայության պետ նշանակվելու նպատակով, սակայն նրան հարկ չեն համարել անգամ պատասխանել: «Աճել եմ տեսուչից, ադմինիստրատոր եմ դառել եւ երեք տարի պետ եմ աշխատել: Առանց ինձ պատասխանելու, ծառայության նոր պետ են նշանակել: Ինձ չեն էլ տեղեկացրել, որ ազատված եմ: Ես էլ ոչ մեկի հետ չեմ շփվել, ուղղակի դիմում եմ գրել՝ ռեզերվ տեղափոխվելու: Գործակալություն էլ չեմ գնացել»,- ասում է Սերյոժա Կարախանյանը: 

Գիտեմ, որ Վեդիի ծառայությունը չի աշխատում, հիմա ի՞նչ վիճակ է, ձեզ չի՞ հետաքրքրել: «Բացարձակ: Երկիր է քանդվում, մարդիկ տուն են կորցնում, երեխա են կորցնում, ո՞ւմ ա հետաքրքիր՝ ծառայություն է, էլի: Մարդկանց գլուխներում է աղքատությունը, այդ տեսանկյունով են շարժվում»: Այս նոր կառուցվածքն ինչո՞վ է լավը նախկինից: «Տասը տարուց ավելի այդ «մեկ պատուհանն» այստեղ գործել է, նույն ընդունարանում ե՛ւ սոցիալական ծառայության, ե՛ւ սոցապի աշխատողն է նստած եղել, եւ զբաղվածության աշխատողը: Ուղղակի 4 պետ էին, մեկ պետ դարձավ: Ի՞նչն է փոխվել: Ես ոչ մի փոփոխություն չեմ տեսնում»,- ասաց Սերյոժա Կարախանյանը: 

Կարծես մենք չկանք, չենք էլ եղել

Աշտարակի ծառայության ազատված աշխատողներից մեկն էլ, որը չցանկացավ անունը նշել, ասաց. «Ամբողջ հարցն այն է, որ մենք իրենց համախոհները չենք: Կոնկրետությունը վերանում է, պետը չի կարող միանգամից 4 տարբեր ոլորտներ ղեկավարել՝ զբաղվածության, կենսաթոշակի, բժշկասոցիալական փորձաքննության, սոցիալական աջակցության: Վերջինի մեջ նաեւ «Փարոսն» է մտնում: Եթե միասնական ծառայության պաշտոնի անձնագրերը նայեք, կտեսնեք գործառույթների քանակը: Այս պահին չկան շենքային պայմաններ: Քաղաքապետարանի շենքում, որտեղ երկու ծառայություն էր, հիմա բոլոր 4-ը բերել-լցրել են: Հին աթոռներ, նորմալ համակարգիչներ չկան, 14 քառակուսու վրա 4 աշխատողներ են, ինչը խախտում է: Սոցիալական հարցերը գաղտնիություն են պահանջում: Միջանցքներում աթոռներ չկան: Վերջապես, մենք քաղծառայողներ էինք, ինչո՞ւ պետք է դրսում հայտնվեինք: Դրանք մարդիկ էին, որոնք իրենց ուսերի վրա պահել են այս համակարգը: Հիմա մրցույթներ են անցկացնում, մարդկանց տեղյակ էլ չեն պահում, կարծես մենք չկանք, չենք էլ եղել»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը «Հրապարակին» պատասխանեց, որ փոխնախարարները բոլոր ընթացիկ հարցերով ընդունել են դիմողներին, որ չի եղել դեպք, երբ թույլ չտան հանդիպել փոխնախարարի հետ: «Բոլորի համար հասանելի ձեւով հայտարարությունները տրվել են: 900 հաստիք կա, որից 300-ը դեռ թափուր է: Արդեն երկրորդ փուլն է հայտարարվել, եթե իրենք մասնագետներ են, չափորոշիչներին համապատասխանում են, ինչո՞ւ չեն դիմում»: Ինչո՞ւ քաղծառայողների հետ չեն խոսել, նրանց առաջնահերթ չեն առաջարկել թափուր աշխատատեղերը: «Կառուցվածքային փոփոխություն է եղել, եւ որոշ հաստիքների չափորոշիչները փոխվել են, մեկ-երկու գործառույթ կարող է ավելացած լինի: Եթե բոլորիս խնդիրը որակյալ սպասարկում ապահովելն է, պետք է ընդունենք որակյալ կադրերի»,- պատասխանեց խոսնակը: