Ապարանում լարված իրավիճակ է, գյուղացիները պատրաստվում են ճանապարհ փակել

Ապարանում լարված իրավիճակ է, գյուղացիները պատրաստվում են ճանապարհ փակել

Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղում լարված վիճակ է, գյուղի բնակիչները պատրաստվում են ճանապարհ փակել։ Բանն այն է, որ կառավարությունը հանրային գերակա շահ է ճանաչել գյուղացիների պատկանող գյուղատնտեսական նշանակության 110 հեկտար հողատարածք, եւ համարժեք փոխհատուցում չի տվել, առաջարկել են շուկայականից անհամեմատ ցածր կին՝ 300 դրամ։

Վաչիկ Արշակյանը, որի հողը եւս ճանաչվել է հանրային գերակա շահ, «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ գյուղատնտեսական նշանակության իրենց հողերը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ կոպեկների գնով։ 

«Կոպեկների գնով ուզում են մեր հողերը մեզնից խլել, չեք պատկերացնում, թե ինչ վիճակում ենք հայտնվել։ ում ասես դիմել ենք, նամակներ ենք գրել վարչապետին, էկոնոմիկային նախարարին ենք հանդիպել, խոստացել են գալ, չեն եկել։ Ես դառնում եմ գործազուրկ, իմ հողը վերցնում են, իրենց տված գումարով ես այլեւս հող չեմ կարող գնել»,-նշեց նա։

Հողի գնորդը «ՌԻԴ» ՍՊԸ-ն է, որը պատրաստվում է այդ վայրերում ճոպանուղի եւ լեռնադահուկային համալիր կառուցել։ Կառավարությունը 2023-ի մարտին հավանություն տվեց այս ընկերության ներկայացրած՝ ամառային եւ ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման եւ ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին: Այս նոր համալիրը կառուցվելու է Վարդենուտ, Արագած, Արայի եւ Շենավան բնակավայրերում։ Վարդենուտ եւ Արագած բնակավայրերում գտնվող որոշ տարածքների նկատմամբ գործադիրը հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում կառավարությունը կայացրեց նախորդ տարվա սեպտեմբերի 14-ի կառավարության նիստում։ 

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով նախագիծը՝ ասել էր, որ 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, դրանց կից հյուրատներով։ Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն: «Լեռնադահուկային համալիր է կառուցվելու՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով եւ այլն։ Կառուցվելու է 25 հազար 260 քառակուսի մետր ճանապարհ եւ 104 հազար 920 քառակուսի մետր բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ եւ ընդհանուր առմամբ՝  ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար: Մենք գերակա շահի վերաբերյալ որոշում ենք կայացնելու 113 հա տարածքի վերաբերյալ և 3643 հա տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրի մասին համաձայնություն ենք տալու, որ Ապարան համայնքը կնքի»,-ասել էր Քերոբյանը։

Վարդենուտցիները հրաժարվում են «ՌԻԴ» ՍՊԸ-ին այդքան չնչին գնով հանձնել իրենց հողերը, ընկերությունն էլ, ըստ Արշակյանի, դատի է տվել գյուղացիներին, գործը գտնվում է դատարանում։ 
«Քննարկումներ ենք ունեցել  գրեթե բոլոր պատկան մարմինների հետ, բայց սայլը տեղից չի շարժվել, մեր օգտին ոչ մի որոշում չի կայացվել։ Լարված իրավիճակ է մեզ մոտ, պատրաստվում ենք ճանապարհ փակել, չենք կարող թույլ տալ, որ մեզ հետ այսպես վարվեն»,-ասաց զրուցակիցս։